«Երկիր», 1992թ., 24 դեկտեմբերի, 249 (338)
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջաներեն հաղորդումների բաժինը վերջերս հաճախ է նյութեր հաղորդում այս բովանդակությամբ. նախագահ Էլչիբեյի համակարգը ենթակա է վերակառուցման, անձնակազմի առանձին ղեկավարներ իրենց տեղում չեն, պակասում է օպերատիվությունը, քաղաքական կայունացում չի նկատվում եւ այլն։ Դեկտեմբերի 22-ին Բաքվից երկու նման հաղորդումով հանդես եկավ լրագրող Լեյլա Ահմեդովան:
Առաջինը նվիրված էր հանրապետությունում տիրող քաղաքական իրավիճակին։ Լրագրողը փորձում էր ներկայացնել առանձին կուսակցությունների եւ կազմակերպությունների զործելակերպը, նախագահի գործողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Նրա կարծիքով, Բաքվում գործող տասնյակից ավելի կուսակցությունները տարբեր վերաբերմունք ունեն Ա. Էլչիբեյի քաղաքականության, ժողովրդավարության ծավալման, մարդու իրավունքների պահպանման, Ղարաբաղի հարցի լուծման նկատմամբ։
Սառը խոսք ասվեց հատկապես Հ.Ալիեւի գլխավորությամբ հիմնադրված «Նոր Ադրբեջան» կուսակցության հասցեին։ Այդ առիթով օգտագործվեցին հանրապետության ՆԳ նախարար Ի. Համիդովի եւ այլոց քննադատական ելույթները ոչ միայն նորաստեղծ կուսակցության, այլեւ նրա նախագահի մասին։
– Այժմ Ադրբեջանում չկա մի կուսակցություն կամ կազմակերպություն, որը վայելի ժողովրդի վստահությունը։ Եվ եթե սկզբում մեծ հեղինակություն ուներ ժողովրդական ճակատը, ապա այժմ այն քայքայվում է, ջլատվում, սպառվում են նրա ուժերը,– ասում է Ադրբեջանի ներկայացուցիչը։ – Սա նաեւ վկայում է, որ նվազում է նախագահ Ա. Էլչիբեյի նկատմամբ վստահությունը։
Լեյլա Ահմեդովայի երկրորդ հաղորդումը եւս հոռետեսական էր. դրվատական ոչ մի խոսք չասվեց Էլչիբեյի նոր ռեֆորմների, ծրագրերի մասին: Լրագրողը քննադատում էր նախագահի ղեկավար անձնակազմի շրջանում տիրող վիճակը. ընդունված որոշումների կատարումը գրեթե չի հսկվում, Ղարաբաղի հարցը չի լուծվում, թեեւ հանրապետության ղեկավարները մեկ-երկու ամիս առաջ խոստացել էին կռիվը հաղթանակով ավարտել մինչեւ այս տարվա վերջը:
Լրագրողի կարծիքով, հանրապետության աշխատավորական խավերը հիասթափություն են ապրում ոչ միայն տնտեսական կյանքի անմխիթար վիճակի, այլեւ օրեցօր ձգձգվող կռիվների, մեծ կորուստների պատճառով։
Պատրաստեց Ս. Ավագյանը