Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին Ադրբեջանի արտաքին գործերի կոմիսարի հետ հայերի հալածանքների սաստկացման, ձերբակալությունների և կոմիսարի բացատրությունների վերաբերյալ ունեցած զրույցի մասին
28 հունիսի 1920 թ.
Բաքու
Ի լրումն մեր N 1027 գրության հայտնում ենք, որ երեկ, ամսույս 26-ին, ցերեկվա ժամը 1-ին մի քանի ընթացիկ խնդիրներ կարգավորելու համար տեսնվեցի արտաքին գործերի կոմիսար Գուսեյնովի հետ ու ի միջի այլոց նորից հարց բարձրացրի այն մասին, թե ինչու համար վերջին օրերս բազմաթիվ ձերբակալություններ են կատարվում հայերի շրջանում և ձերբակալվում են ոչ միայն կուսակցության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ, այլև այնպիսիները, որոնք մասնակցություն անգամ չեն ունեցել մի որևէ հասարակական գործի, ե՞րբ պիտի վերջապես դադարեն այդ հալածանքները:
Այս անգամ Գուսեյինովը ավելի պարզ խոսեց և հայտնեց, որ Հայաստանից այստեղ ուղարկված են տեռորիստներ, պետք է նոցա գտնել: Մյուս կողմից մեզ հայտնի է, ասաց նա, որ այստեղ կան զենքի խոշոր պահեստներ, որոնք բոլորը պետք է գտնել: Ձերբակալությունները կապ ունեն այդ երկու հանգամանքների հետ:
Ես հայտնեցի իմ տարակուսանքս, և ասացի, որ այս տեղեկությունները երևի բղխում են Հայաստանի կոմունիստական շրջանից և անշուշտ այնքան արժեք ունեն, որքան այն լուրը, որ իբր թե Ալեքսանդրոպոլում երկու հազար բոլշևիկ է գնդակահարված:
Ոչ, պատասխանեց Գուսեյինովը, մենք ունենք դոկումենտալ ապացույցներ տեռորիստների գալու մասին, իսկ զենքերի պահեստների նկատմամբ խոստովանել են հենց բանտարկյալներից ոմանք և մի քանի պահեստի տեղ էլ ասել են: Ես ավելացրի, շատ էի խնդրել ձեզ փաստերով ինձ համոզել այդ բանում:
Գուսեյինովը ամսույս 26-ին երեկոյան մեկնեց Թիֆլիզ, Վիր-Ադրբեջանյան դաշնագրի ռատիֆիկացիայի համար, քանի որ վերջին օրերս նա խոսում էր Հայ-Ադրբեջանյան հարաբերությունները կանոնավորելու մասին, ես առաջարկեցի նրան, որ նա Թիֆլիզում աշխատի տեսնվել եթե այնտեղ կան Հայաստանի պատասխանատու գործիչների հետ և առաջին հերթին Տիգրան Բեգզադյանի հետ: Նա հայտնեց, որ անկախ իմ առաջարկից այդ ցանկությունն ուներ և կանի, և ցանկացավ, որ այդ մասին ես հեռագրեմ Հայաստանի կառավարության:
Դիվան. ներկ. Հարությունյան
Քարտուղ.
ՀՀ ՊԱ, ֆ. 278, ց. 1, գ. 32, թ. 37 շրջ.: Վավերացված պատճեն: Ձեռագիր: Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003