November 27, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ Շուշիի կոտորածի մասին

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ Շուշիի կոտորածի մասին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցը Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ Շուշիի կոտորածի մասին

N665

16 ապրիլի 1920 թ.

Բաքու

Մինչև օրս Ղարաբաղի դեպքերի մասին ոչ միայն պաշտոնական, այլև հայկական որևէ շատ թե քիչ վստահելի աղբյուրներից տեղեկություններ չունենք: Մեր տրամադրության տակ գտնված մի շարք նամակներից, ստացված Շուշում գտնված և կռիվներին մասնակցած թաթար ասկյարներից կամ կամավորներից, բավականաչափ լույս են սփռում Ղարաբաղի շրջանում դեպքերի ու Ադրբեջանի զորքերի ձեռքով կատարված սոսկումների վրա: Նամակներն ուղղված են իրանց հարազատներին ու ազգականներին, որոնք թեև համառոտ ու անպաճույճ լեզվով լինելով գրված, սակայն հարազատորեն նկարագրում են Շուշի քաղաքում ու շրջակա հայաբնակ գյուղերում տեղի ունեցած կոտորածներն ու թալանը: Նամակագիր թաթարները մի ավելորդ անգամ ևս ապացուցում են, որ թաթարները չեն կարող տարբերել իրանց դեմ զենքը ձեռքին մաքառող ուժերը խաղաղ, անզեն ու անպաշտպան կանանցից, երեխաներից ու ծերերից: Երբ չի հաջողվում իրանց դեմ դուրս եկած զինված ուժերը ոչնչացնել և կամ նրանց կորովի թափը կոտրել, նոքա վրեժ են լուծում խաղաղ քաղաքացիներից, բարբարոսաբար կոտորածի ենթարկելով նրանց, հրդեհելով տները և թալանի ենթարկելով ունեցվածքը:

Նմուշի համար մեջ բերենք մասնավոր նամակներից քաղվածքներ: Թաթար ասկյարը կամ կամավորը Շուշուց ապրիլի 2-ին գրում է իր մորը միամտացնելու համար, որ ինքը ողջ և առողջ է ու ավելացնում է. «Աղդամից դուրս եկանք և մինչև Շուշի- Ղալա գրավեցինք, ինչքան հայի գյուղեր կային այրեցինք և իրանց էլ կոտորեցինք, մի հայի ականջ էի ուզում ուղարկել, բայց ծրարը փոքր եղավ: Շուշի-Ղալայում ինչքան հայեր կային կոտորեցինք, կանանց բանտարկեցինք, որոնց շատ նեղություններ ենք տալիս»:

Մի այլ նամակ, հայրը որդոցը ուղղված: Գրողն ըստ երևույթին շուշեցի թուրք է. «Տեսածդ Էրմենիստանը այրված է. հինգ կամ տասը տուն պահեցին: Հազարից ավելի հայեր գերի բռնվեցին, տղամարդկանց բոլորին կոտորեցին, մինչև անգամ ավետարանը, խալիֆին (եպիսկոպոսին), բոլոր մեծամեծ մարդկանց… կռվից հետո հայերի մեծ մասը ուսումնարան մտավ, սպանվածը սպանվեց, փախչողը փախավ, ուսումնարանի տուներն ու պատուհանները փշուր-փշուր եղան, ուսումնարանը այժմ չկա, խարաբա է: Նշանավոր հայերին գլուխները կտրած բազարներում պտտեցնել էին տալիս սպանելուց հետո»:

Շուշի քաղաքում թուրքերի կատարած թալանի ու ավարառությունների մասին նույն նամակագիրը շարունակում է. «Մեր կողմերում այլևս ոչ մի հայ չեք գտնիլ և ոչ էլ այնպիսի թուրքի կարող եք հանդիպել, որ հարյուր հազարից պակաս թալան բերած լինի: Այնպես մարդ կա, որ մեկ միլիոնից ավելի ապրանք է բերել, բոլորը եղան մեկ դասակարգի: Ոչ հարուստ կա, ոչ չունևոր, բոլորը հավասարվեցին: Այս ժամին զորքը, թնդանոթները, գնդացիրները, Խալիլը – բոլորն այստեղ են, մտադիր են Գորիսի կողմը գնալ, տեսնենք այն կողմն ինչպես է լինում: Այս կողմերում մուսուլմանների գործը ամեն կողմից լավ էր… Հայերի մոտ ինչ ապրանք կար մուսուլմանները թալանեցին. մուսուլմանների մեջ մի հատ չունևոր չկա, չունևորները բոլորն էլ միլիոնչի են դարձել, հայերի բոլոր ունեցածը թալանեցին տարան: …10-15 տուն է մնացել, կառավարությունը չթողեց այրելու, որպեսզի ասկյարները բնակվեն: Քաղաքը ավերակ դարձավ: Հայերի ողջ հարստությունը քաղաքացի մուսուլմանները թալանեցին»…

Մի այլ նամակագիր ցավ էր հայտնում, որ հայերի կոտորածով և տների ու խանութների թալանով իրանք մի միլիոնի չափ կորուստ ունեն, որովհետև նրանց տված ապրանքները չեն կարող հավաքել: Թեև հայերի թե խանութների և թե տների ունեցվածքը թուրքերը թալանեցին, բայց իրանց ձեռքը հազիվ չորսից մինը հասավ: Նամակագիրը նախազգուշացնում է, որ Բաքվում հայի խանութ չմտնեն, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում երեք-չորս հոգով գնան, որովհետև Շուշում մի հատ հայ չի մնացել: Շարունակում է դարձյալ կոտորածի, թալանի, ավերածությունների նկարագիրը և գովաբանում ասկյարների քաջությունը, որ Շուշու հայերին լավ պատմեցին դեպքերը սկսվելուց տասնհինգերորդ օրը: Զորքը պատրաստվում է Շուշուց գնալ դեպի Գորիս, որովհետև լուր է տարածվել, որ տաճիկները արդեն վերցրել են… Իգդիրը և գնում են Երևանի վրա, իսկ Ադրբեջանի զորքն էլ այստեղից է առաջ շարժվում:

Նամակներից երևում է, որ Ադրբեջանի զորքերի ձեռքով անասելի ոճիրներ են կատարվել: Ղարաբաղի հայկական շրջանների գյուղերն ավերված են, բնակիչները մի մասը կոտորված, իսկ մյուս մասը թափառական սարերի ծերպերում և անտառների խորքերում ապաստան գտած, ենթակա սովի ու զանազան հիվանդությունների:

Ամսույս 14-ին ցերեկվա ժամը 1-ին տեսակցություն ունեցա մինիստրների նախագահ Ուսուբբեգովի հետ: Խոսակցությունը Ղարաբաղի, Գանձակի, Նուխու և Գյոկչայի գավառներում տեղի ունեցած հայկական կոտորածների շուրջն էր պտտվում:

Ուսուբբեգովը չժխտեց Նուխու և Գյոկչայի գավառներում տեղի ունեցած հայկական կոտորածը, որը նա վերագրում է Երևանի շրջանից այդ մասերում տեղավորված թուրք գաղթականներին: Գալով Ղարաբաղի, Գանձակի շրջաններում կատարված դեպքերին, նա այդ էքսցեսները հետևանք է համարում հայերի ապստամբության: Բնական է, իհարկե, որ երբ երկու զինված կողմեր ընդհարվում են, ինչպես ներկա դեպքում հայերն ու թուրքերը, անխուսափելիորեն էքսցեսներով պետք է վերջանան: Տարաբախտաբար մենք դեռ այն դրության չենք հասել, որ ամեն մի զինված ընդհարում սահմանափակվի ռազմաճակատում տեղի ունեցող կռիվներով: Ես սկզբից էլ վախենում էի համատարած կոտորածների ուրվականից և ամեն կերպ աշխատում էի խուսափել հայ-թուրքական ընդհարումներից, որովհետև համոզված էի, որ Ադրբեջանի և Հայաստանի զորքերի ընդհարման դեպքում երկու ժողովրդական մասաների իրար կոտորելն անխուսափելի պիտի լինի: Ցավոք սրտի պիտի ասեմ, որ հակառակ իմ բուռն ցանկության այդ տեղի ունեցավ: Ղարաբաղի հայերը դրսից եկած գրգռիչների դրդմամբ դավաճանորեն հարձակում գործեցին մեր զորքերի վրա, փակեցին Ասկերանը և առիթ տվին երկուստեք կոտորածի: Հետագա փաստերը եկան ապացուցեցին, որ դա նախապես մշակված ծրագիր է եղել միաժամանակ հարձակումն սկսել բոլոր վայրերում. Ղարաբաղ, Գանձակ, Ղազախ, Օրդուբաթ, Բեյուք Վեդի: Այդ հարձակումը Ղարաբաղի շրջանում ղեկավարում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Դալի-Ղազար, Ալեքսան-Դայի, Յապոն, որոնք կռվի ժամանակ ընկել են և որոնց մոտ գտնված են դոկումենտներ, որոնք ապացուցում են, որ այդ շարժումները տեղի էին ունենում Հայոց Կառավարության անդամների գիտությամբ ու հրահանգներով: Գալով Ղարաբաղի շրջանի հայերի կոտորածին, Ուսուբբեգովը բացառում է: Նրա բացատրությամբ Ղարաբաղի գյուղերն օր առաջ դատարկված են եղել, բնակիչները քաշվել են հեռավոր թիկունքը, տանելով իրանց հետ նաև ունեցվածքը և մնացած են եղել միայն զինված ուժերը, որոնցից և սպանվածներ են եղել կռվի ժամանակ, ինչպես և մերոնց կողմից: Շուշու բնակիչները ևս հեռացած են եղել քաղաքից, իսկ մնացածները Սուլթանովի հովանավորության տակ պահվում են այնտեղ: Ուսուբբեգովը հայտնեց, որ ինքն այլևս չի կարող մնալ կառավարության մեջ, որովհետև այն աստիճան առողջությունը քայքայված է, որ կարիք է զգում կազդուրվելու: Այդպես էր բացատրում Ուսուբբեգով Ղարաբաղի դեպքերի պատճառները:

Իմ հարցումին, թե ճիշտ է արդյոք քաղաքում տարածված լուրը, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել, որի հետևանքով մինիստրական կրիզիս է, Ուսուբբեգով պատասխանեց, որ մինիստրական կրիզիս չկա: Պաշտոնական հրաժարական ես ինքս չեմ ներկայացրել, բայց հայտնել եմ, որ վերջնականապես թողնելու եմ և խնդրել եմ իմ փոխարեն մարդ գտնել: Իմ հարցումին, թե վերջնականապես թողնում է նա պաշտոնը, պատասխանեց, որ այո՛: Այս վերջին դեպքերն որ աստիճան ինձ վրա ազդել են, որ ես որոշել եմ առնվազն չորս ամիս ժամանակով հեռանալ ասպարեզից ու բժշկվել:

Վերջին պահուն տեղեկություն ստացանք, որ անդառնալի կերպով որոշել է հեռանալ մինիստրական պաշտոնից Ուսուբբեգով, Մեհմանդարով և Կապլանով: Այս լուրը ստուգության կարոտ է, հայտնում ենք միայն իբրև տեղեկություն: Սորան կցվում է NN 1, 2, 3, 4, 5, 6, և նամակները, նոցա հայերեն թարգմանությունները:

Դիվանագ. ներկ. Հարությունյան

Քարտուղար ստոր.

ՀՀ ՊԱ, ֆ. 278, ց. 1, գ. 30, թթ. 1-2: Վավերացված պատճեն: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives