Ադրբեջանի պառլամենտի Դաշնակցական ֆրակցիայի գրությունը Բաքվի Հայոց ազգային խորհրդին Գանձակի գավառի հայրենակցական միության դիմումի քննարկման, գավառը ֆրակցիայի ներկայացուցիչ ուղարկելու անհրաժեշտության և այդ նպատակով խորհրդից ֆինանսական օգնություն խնդրելու մասին
N 167 26 փետրվարի 1920 թ.
Բաքու
Գանձակի գավառի Հայրենակցական միությունը դիմել է ֆրակցիային մի դիմումով, որի բովանդակությունը վերաբերում է Գանձակի գավառի հայ գյուղացիության ծանր կացությանը: Այդ դիմումի պատճենը ընդսմին ֆրակցիան ուղարկում է Ազգային խորհրդին ի գիտություն:
Միաժամանակ ֆրակցիան տեղեկացնում է Ազգային խորհրդիդ, որ իր 24-ին ունեցած նիստում քննության առնելով հիշյալ դիմումը, նրա բովանդակության համապատասխան մի շարք որոշումներ է ունեցել: Ի միջի այլոց որոշված է ֆրակցիայի երկու (կամ առնվազը մի) անդամի շրջագայությունը գավառում թե ինֆորմացիայի, թե որոշ նյութեր հավաքելու համաձայն դիմումի բովանդակությամբ:
Գտնելով, որ այդ որոշման իրականացումը ընդհանրապես մի հրամայական անհրաժեշտություն է և արձանագրելով, որ ֆրակցիայի տրամադրության տակ չկան հարկավոր գումարներ ծրագրվող շրջագայության ծախքերը հոգալու համար, պարլամենտական Դաշն. ֆրակցիան սրանով դիմում է Ազգային խորհուրդին խնդրելով նրա նյութական աջակցությունը: Նախագծված ծախքերի գումարը 50000ռ.-ի է հասնում և ֆրակցիան հայտնում է, որ բաց թողած գումարի ծախսման հաշիվները իր ժամանակին կներկայացնի Ազգային խորհրդին: Միևնույն ժամանակ գումարի ծախսման մանրամասնությունները ֆրակցիան թողնում է որոշել Ազգային խորհրդիդ:
Ներկա դիմումի հետևանքի մասին ֆրակցիան խնդրում է Խորհրդիդ հնարավորի չափ շտապ պատասխանել:
Ֆրակցիայի նախագահ Ա.Մալխազյան
Քարտուղար Գ.Մ.-Շահնազարյան ՀՀ ՊԱ, ֆ. 223, ց. 1, գ. 103, թ. 108: Բնագիր: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003