Հառաջ, 7 փետրվարի, 1920թ. թիվ 28
Ադրբեջանի նորակազմ կառավարությունը դարձյալ տագնապալի օրեր է ապրում։ Ներքին գործող նախարար Մահմեդ Հաջինսկու հրաժարականը պատահական երևույթ չէ, անկասկած, նա արտահայտում է այն խմորումը, որ տեղի է ունենում Բաքվի քաղաքական շրջանակներում։
Մահմեդ Հաջինսկին համարվում է Ադրբեջանի այն գործիչներից, որոնք կողմնակից են Անդրկովկասյան երեք հանրապետությունների միջև համերաշխություն առաջ բերելուն, և, առհասարակ, ավելի մեղմ, կուլտուրական քաղաքականություն վարելուն։ Ներքին գործոց նախարարությունը նրանց հանձնելով, մի րոպե թվաց, որ Ադրբեջանը կամենում է վերջ տալ իր հարձակողական ընթացքին Հայաստանի նկատմամբ և ներքին բռնություններին ու կամայականություններին, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը դնել զուտ ադրբեջանական հիմքի վրա՝ հեռու կենալով տաճկական ու բոլշևիկյան արկածախնդրություններից։ Ուրիշ բան է, թե Հաջինսկին որքան ձեռնհաս էր այդ պաշտոնին, բայց հասարակությունն այդպես էր մտածում նրա վարելիք քաղաքականության մասին։
Գաղտնիք չէ, որ Մուսավաթի մեջ և, մանավանդ, նրանից դուրս կա մի խոշոր հոսանք, որ հետապնդում է տրամագծորեն հակառակ նպատակներ։ Մի ձեռքը տալով բոլշևիկներին, մյուսը՝ տաճիկ ազգայնականներին՝ այդ հոսանքը մղում է պետությունը դեպի անհաշտ դիրք հարևան պետությունների և հատկապես Հայաստանի նկատմամբ, կողմնակից է ներքին և արտաքին ագրեսիվ քաղաքականության և մոլեռանդ դրոշակակիրն է հանդիսանում համիսլամության։ Այդ հոսանքի ղեկավարն է «Իթթիհատ» կուսակցությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ տաճիկ իթթիհատականների ստորաբաժանումը։ Այդ կուսակցության մեջ գործոն դեր են կատարում տաճիկ գործիչները։ Նուրի և Խալիլ փաշաները նրանց մարտական պարագլուխներն են։ Ադրբեջանի ամենավատ տարրերը, բոլոր ջարդարարներն ու հասարակական տականքները համախմբված են այդ հոսանքի մեջ։ «Իթթիհատը» բացահայտորեն պահանջում է միանալ բոլշևիկներին և անմիջապես պատերազմ հայտարարել Հայաստանին։ Անշուշտ այդ տրամադրության ուժ են տալիս նաև տաճիկ ազգայնականները՝ հանձին Նուրի և Խալիլ փաշաների, որոնք Ադրբեջանում պատվավոր հյուրեր են այսօր և որոնց բարեկամական կապը բոլշևիկների հետ անժխտելի է այլևս։
Այսօր արդեն անհերքելի փաստերով ապացուցված է, որ բոլշևիկյան իշխանության և տաճիկ ազգայնականներու միջև կնքված է դաշինք։ Այդ դաշինքի համաձայն Տաճկաստանը պարտավորվում է զինվորական ուժ հասցնել բոլշևիկներին օգնության։ Բնականաբար, տաճիկ զորքը պետք է անցնի Հայաստանի վրայով, թե ինչ է սպասվում այդ դեպքում հայերին, դժվար չէ գուշակել։ Իրենց իշխանությունը փրկելու համար բոլշևիկները զոհել են Հայաստանն ու հայերին, և այդ է պատճառը, որ Բաքվի շովինիստներն ու ջարդարարները վերջերս, բոլշևիկների առաջխաղացումով այսպես աներես ու համարձակ են դարձել։ Այդ է պատճառը, որ իթթիհատականներն այնպես ցինիկորեն նիզակներ են ճոճում Հայաստանի դեմ և սպառնում են պետական հեղաշրջում անել Ադրբեջանում։ Դրանով է բացատրվում նաև, որ Ադրբեջանի դեռ երեկ կազմավորված և հազից գործի անցած կառավարությունը տագնապի մեջ գտնվում։ Ադրբեջանի համար նույնիսկ Մուսավաթի նախարարությունը ազատական է համարվում և առաջ է քաշվում Իթթիհատի պարագլուխ Ղարաբեկովի թեկնածությունը։ Թե ինչով է վերջանալու Բաքվի կառավարության տագնապը, դժվար է այսօր ասել, պարզ է միայն, որ ներկա կառավարությունից դժգոհ տարրը աջակցություն է ստանում և բոլշևիկներից և Նուրի ու Խալիլ փաշաներից։ Պարզ է նույնպես, որ իթթիհատականների հաջողություները նշան կլինի նոր անիշխանության Անդրկովկասում, նոր բախումների ու նոր աղետների։ Կհասկանա՞ արդյոք Ադրբեջանի աշխատավորությունը, թե ուր են առաջնորդում իրեն իր ղեկավարները։