«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.
«Վերջին օրերի լրատվությունն այն տպավորությունն է թողնում, որ Ադրբեջանը, եւ ոչ միայն նա, շահագրգռված է, որ Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանների բնակիչները, իբր ղարաբաղցիների ներխուժման սպառնալիքից դրդված, անպատճառ անցնեն իրանա-ադրբեջանական սահմանը»,– հայտարարել է Երեւանում ԼՂՀ ՊՊԿ հատուկ ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը։
Օրինակ, ավելի քան տարօրինակ է թվում, ըստ նրա, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն կոմիսարիատի որոշման մասին այն հաղորդումը, ըստ որի Իրան պետք է առաքվի 150 հազար մարդու համար նախատեսված մարդասիրական օգնություն «Ֆիզուլիի հնարավոր գրավման եւ Ֆիզուլի-Ջեբրայիլ» մայրուղու փակման դեպքում»՝ ինչպես ասվում է «Թուրան» գործակալության օգոստոսի 12-ի տեղեկատվության մեջ։
«150 հազար » թիվը նշվել է նաեւ իրանական «ԻՐՆԱ» գործակալության օգոստոսի 15-ի հաղորդագրությունում։
Տագնապեցնում է այն հանգամանքը, որ ի պատասխան Հադրութի ուղղությամբ գրոհող ադրբեջանական զորքերի, ղարաբաղյան զորամիավորումների ձեռնարկած հակագրոհներից հետո ադրբեջանական գյուղերի բնակիչները անմիջապես շարժվել են դեպի Իրանի սահմանը, այլ ոչ թե դեպի արեւելք, որտեղ խաղաղ իրադրություն է։ Ըստ ԻՐՆԱ-ի, սահմանին արդեն կուտակվել են 60 հազար, այսպես կոչված, փախստականներ։
Մինչդեռ, ինչպես ընդգծել է Ղազարյանը, նույնիսկ խաղաղ ժամանակ վերոհիշյալ շրջանների բնակիչները հազվադեպ են օգտվել Ջեբրայիլ-Ֆիզուլի մայրուղուց՝ գերադասելով անցնել Ֆիզուլու շրջանի Գորադիզ գյուղով։
Եթե ասվածը անհիմն չէ, ապա այդ դեպքում մնում է միայն ցավել, որ Ադրբեջանը ներգրավվում է մի խաղի մեջ, որտեղ իր տասնյակ հազարավոր քաղաքացիներ ծառայում են որպես մանրադրամ՝ ի հեճուկս որոշ ազդեցիկ շրջանների եւ երկրների քաղաքական մանեւրների։