«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիկ Ղասիմովը մամլո ասուլիս է տվել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԽ-ի շրջանակներում Հռոմում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Հանդիպման գլխավոր արդյունքը կողմերի՝ ռազմական հակամարտության գոտում դիտորդներ տեղավորելու համաձայնությունն էր,– հայտարարել է Ղասիմովը։
Նախարարի խոսքերով, կողմերը համաձայնել են, որ դիտորդների տեղավորման պայմանը պետք է երկու կողմերի՝ մարտական գործողությունները ինքնակամ դադարեցնելը լինի։
– Եթե տվյալ փուլը իրականացվի, ապա Մինսկի խորհրդաժողովում հնարավոր կլինի քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք պատրաստ ենք Ղարաբաղի հայերին մշակութային ինքնավարություն առաջարկել,– նշել է նախարարը։ Սակայն, ընդգծել է Ղասիմովը, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Ղարաբաղի փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու եւ արտասահմանյան զինված կազմավորումների դուրսբերման հարցերի շուրջ։
Անդրադառնալով հայկական պատվիրակության հետ կայացած երկկողմ հանդիպմանը՝ Ղասիմովը նշել է, որ կողմերը տարբեր մոտեցում ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին։ Այսպես, հայկական կողմը, հայտարարելով տարածքային պահանջներից հրաժարվելու մասին, պնդում է Լեռնային Ղարաբաղի վարչական ինքնավարության վերականգնման հարցում, ինչը, Ղասիմովի խոսքերով, ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Ինչպես նշել է նախարարը, հիմքեր կան ենթադրելու, որ խաղաղ կարգավորման գործընթացը կհաջողվի շարժել մեռյալ կետից։