«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱՊՀ-ի զորքերի հրամանատարությանը մեղադրել է հանրապետության տարածքում ռազմական օդակայանները ոչնչացնելու համար: Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, այդ «քայքայիչ գործողությունները» կատարվել են հունիսի 9-ին Քյուրդամիր, Սիտալչայ և Դալլյար քաղաքներում:
«Հիմնովին քանդվել են այդ շրջաններում տեղակայված ռազմական օդակայանները, սարքավորումները և ռադիոտեխնիկական միջոցները, ռադիոտեղորոշիչ կայանները, հրդեհվել են բնակելի կացարանները: Այդ օդակայանների ենթակառուցվածքն ավերված է և գրեթե ենթակա չէ վերականգնման», ասված է հունիսի 10-ին Բաքվում հրապարակված հայտարարության մեջ:
Ընդգծված է, որ մինչ այդ բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները դուրս են բերվել ԱՊՀ-ի զինված ուժերի օդաչուական անձնակազմի կողմից: Ըստ Ինտերֆաքսի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը գնահատել է որպես Ռուսաստանի կողմից «կոպիտ սադրանք» և ԱՊՀ-ի 4-րդ բանակը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության խախտում, ըստ որի վերատեղաբաշխվող զորքերը պարտավոր են իրենց ամբողջ գույքը և սպառազինությունը հանձնել ադրբեջանական կողմին: