Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768)
Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, երեկ, օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 7-ն անց 6 րոպեին ադրբեջանական ռազմաօդային ուժերի Սու-25 տիպի երեք ինքնաթիռ, խախտելով Հայաստանի Հանրապետության օդային սահմանը, ֆուգասային և գնդիկավոր ռումբեր են նետել Կապան քաղաքի վրա: Բարբարոսական այս գործողությունների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 և վիրավորվել 30 խաղաղ բնակիչ: Կան ավերածություններ:
Երեք ժամ անց, ասես չբավարարվելով կատարածով, հակառակորդը «Գրադ» կայանքից, տանկերից և հրանոթներից սկսել է Կապանի շրջանի Եղվարդ գյուղի ուժգին հրետակոծությունը: Դիմելով պատասխան գործողությունների, հայկական ուժերը լռեցրել են ադրբեջանցիների մի քանի կրակակետեր, ոչնչացրել մեկ «Գրադ» կայանք և մեկ հեռահար հրանոթ: Այդ նույն ժամանակ, ժամը 7-ն անց 14 րոպեին Իջևանի շրջանում նկատվել են հետախուզական թռիչքներ կատարող Միգ-25 և Սու-25 տիպի մեկական ինքնաթիռ:
Օրվա առաջին կեսին հակառակորդի կազմավորումները Գյուլիբերդի ռազմական հենակետերից «Գրադ» կայանքներից, տանկերից և հրանոթներից ուժգին կրակ են բացել նաև Գորիսի շրջանի Տեղ և Կոռնիձոր գյուղերի վրա: Վիրավորվել է երկու բնակիչ: Հայկական ուժերը համարժեք գործողություններ են ձեռնարկել: Դրանից քիչ հետո, ժամը 14-ին Օրդուբադից, խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել է Մեղրու շրջանի ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բարձունքներից մեկը, որին հետևել է հակառակորդի առաջխաղացման փորձը: Սակայն հայկական ուժերը կասեցրել են այն: Մեր կողմից տուժածներ չկան: Ժամը 15-ին ադրբեջանական մի ուղղաթիռ վեց հրթիռ է արձակել Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի ուղղությամբ: Հետևանքներ չկան:
Արմենպրես