Ազգ, 15 հունիսի, 1991թ., թիվ 35
Շատ-շատերը կհիշեն հեռուստալրագրող Հայկ Մարգարյանի ռեպորտաժները Բերդաձորից ու Երասխից, Շահումյանից և այլ թեժ կետերից, կազմակերպած կլոր սեղանները, հարցազրույցները զինված կազմավորումներ ունեցող կազմակերպությունների ղեկավարների, հրամանատարների հետ։
Երեկ Հայկ Մարգարյանը «Լրաբերի» ղեկավարն էր, այսօր՝ պաշտոնանկ։ Աշխատանքից ազատելու հրամանին Հայկ Մարգարյանի անմիջական արձագանքը ռադիոհեռուստապետկոմի շենքի մոտ մայիսի 29-ին հայտարարած նախազգուշական հացադուլն էր՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Ռադիոհեռուստապետկոմի կոլեգիան, ըստ լրագրողի, այդ որոշումն ընդունել էր վարչապետի բանավոր կարգադրությունից հետո, որի մասին Հայկ Մարգարյանին տեղյակ էր պահել նախագահ Հենրիկ Հովհաննսիյանը։
Կարծես սահմանափակվեց այն լուրերի ասացողական բազմազանությունը, որոնք վերաբերում են հեռուստալրագրողին պաշտոնից ազատելու դրդապատճառներին։ Սակայն ուշադրության է արժանի պաշտոնական տարբերակը։ Սա ռադիոհեռուստապետկոմի մայիսի 30-ի որոշումն է.
«Նկատի ունենալով, որ «Լրաբեր» ինֆորմացիոն ծրագիրը երբեմն հաղորդում է անմշակ ինֆորմացիա, և մասնագիտորեն չեն կարգավորվում նյութերի համամասնությունն ու կոնտեքստը, լինում են ժամանակի անհիմն խախտումներ, աշխատանքն ընթանում է անկազմակերպ՝ ինֆորմացիայի վարչության պետ պրն. Հայկ Մարգարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից, տեղափոխելով այլ աշխատանքի նույն օղակում։
Կոմիտեի նախագահ՝ Հ. Հովհաննիսյան
Պատասխանատու քարտուղար՝ Ս. Թումանյան»
Սրանից երևում է, որ ինչ-որ բան այն չէ։ Նույնը կարելի է ասել ցանկացած հաղորդաշարի կամ աբողջությամբ հեռուստատեսության մասին, որ «…երբեմն հաղորդում է անմշակ ինֆորմացիա, և մասնագիտորեն չեն կարգավորվում նյութերի համամասնությունն ու կոնտեքստը» և այլն։
Ուրեմն, էլ ո՞ւմ է պետք ազատել զբաղեցրած պաշտոնից…
Աննա Իսրայելյան