October 16, 2024

Փախստականները դեռևս կրակոցների տակ են

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Ազգ, 12 հունիսի, 1991թ., թիվ 34

Մեր թերթի մայիսի 22-ի համարում անդրադարձել էինք Գորիսի շրջան տեղափոխված փախստականների իրավիճակին։ Անցել է մի քանի շաբաթ… Մեր թղթակիցները նորից մեկնեցին Խնձորեսկ, այս անգամ ուղեկցելով անգլիացի և իտալացի լրագրողներին։ Հունիսի 6-ին Գորիսի շրջխորհրդի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանից և միլիցիայի բաժնի պետի պաշտոնակատար Սևադա Առաքելյանից տեղեկացանք, որ Գորիսի շրջանում օպերատիվ դրությունը մնում է անչափ լարված։

 

Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի Կուբաթլիի շրջանից հարձակումներ են սկսվել բանակի և օմօնականների կողմից։ Հատկապես վտանգավոր դրություն է Ներքին Խնձորեսկում, որը երեք կողմից սահմանակից է Ադրբեջանին։ Գործողությունները հիմնականում տեղի են ունենում գիշերը. անօրինականորեն մտնում են գյուղ, ռմբակոծում, կրակում մինչև լուսադեմ, ապա հեռանում։ Միտք կա բնակչությանը տեղափոխել գյուղից, ապահովելու համար նրանց անվտանգությունը։ Իրավիճակի կարգավորման նպատակով շրջանի ղեկավարությունը փորձեր է արել զինվորական իշխանության հետ բանակցելու, սակայն ապարդյուն։ Այդ կապակցությամբ ուղարկվել է նույնիսկ հեռագիր ԽՍՀՄ պրեզիդենտին, վարչապետին, պաշտպանության նախարարին, ներքին գործերի նախարարին, Անդրկովկասյան զինվորական օկրուգի պարետին, 4-րդ և 7-րդ բանակների հրամանատարներին։

Հունիսի 4-ին Գորիսի միլիցիայի հինգ աշխատակիցներ՝ Իգնատ Բեգլարյանը, Սամվել Առուստամյանը, Իգոր Սինեպոպովը, Մարտուն Գալստյանը, Հայկ Դավթյանը, որոնց պատանդ էին վերցրել, վերադարձվել են։ Շուռնուխից պատանդ վերցված 28 հոգուց մինչև օրս միայն 23-ն են վերադարձվել։

Ներքին Խնձորեսկում հանդիպեցինք գյուղացիներին, որոնք ավելի մանրամասն պատմեցին վերջին օրերին կատարվածները։

Գյուղում տեղակայված խորհրդային բանակի զինվորական գունդը ապրիլի վերջին հեռացել է գյուղից, իսկ մայիսի սկզբներին արդեն նույն գունդը ներկայացել է Ադրբեջանի կողմից։ Գյուղացիները զինվորականներին շատ լավ են ճանաչել։ Մեկ շաբաթվա ընթացքում 50 անգամ կրակել են հրանոթից։ Նրանք իրենց ինչպես ուզում, այնպես էլ պահում են։ Վնասել են ամբողջ գյուղի լուսավորման ցանցը, ֆերման։ Անխնա կերպով կրակում են տների վրա։ Գյուղում նրանց դիմավորող չի լինում, որն իհարկե ավելի է զայրացնում։

— Երկու տարի է նույն վիճակում ենք,— ասում է Ներքին Խնձորեսկի պետական ձեռնարկության պետ Աշոտ Մայիլյանը,— սակայն վերջին ժամանակներս սարսափելի բարդացել է վիճակը։ Տանկերով, մեքենաներով, ուղղաթիռներով միշտ «հսկում» են մեզ, նույնիսկ հնարավոր չէ դաշտում աշխատել։

Գյուղին հասցրած վնասը շատ մեծ է՝ 150 մարդուց 5-ը զոհվել են, շատերը վիրավորվել։

Գորիսի շրջանում են գտնվում Հադրութի շրջանի փախստականները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 1100։ Վերին Խնձորեսկում են Հադրութի շրջանի Դոլանլար, Խանձաձոր, Մյուլքյուդարա, Քարագլուխ, Առաքյուլ, Բանազուր, Ջիլան, Բինյաթլու գյուղերի բնակիչները։ Նրանց ապագան առայժմ ոչ ոքի հայտնի չէ։ Նրանք միայն մի բան են ուզում. կյանքի անվտանգություն, որպեսզի վերադառնան իրենց գյուղերը։ Սակայն դրությամբ երաշխիք չկա՚ Փախստականների թվում հիմնականում ծերեր ու երեխաներ են։

Ահա, թե ինչ պատմեց Դոլանլար գյուղի բնակչուհի Լենա Զաքարյանը։

— Մայիսի 13-ին իմացանք, որ բանակը օմօնականների հետ գալիս է։ Վախից բոլորս մտել էինք գյուղի դպրոցը։ Այդ ժամանակ տեսա, որ գյուղի երիտասարդ նախագահ Արթուր Հայրապետյանը գնում է գրասենյակ։ Ճանապարհին նրան կանգնեցրել էին և մոտ 20 զինվորականներով շրջապատված իր տուն տարել։ Տանը նրանք Արթուրի կոստյումի գրպանը չորս փամփուշտ էին գցել և ստիպել, որ նա ստորագրի, թե իբր դրանք իրենն են։ Այնուհետև կանչեցին հարևաններին, որոնց թվում էր նաև Մելքումյան Ռուբիկը, և զենքով ստիպեցին, որպեսզի վկայություն տան այդ մասին։ Նրանք, իհարկե, համառորեն հրաժարվում էին, բայց երբ սկսեցին ծեծել և սպառնալ, որ կկալանավորեն, այդ ժամանակ Արթուրը պարզապես խնդրեց նրանց, որ ստորագրեն փաստաթուղթը, որպեսզի գոնե իրենք ազատվեն։ Հետո Արթուրի թևերը կապած տարան։ Տեսարանը ահավոր էր, կինը, երեխաները լացում, գոռում էին, բայց նրանց վրա ուշադրություն դարձնող չկար։ Ասացին, որ Արթուրին երեսուն օրվա կալանք են տվել, սակայն մինչև օրս էլ ստույգ տեղեկություններ չունենք։ Պարզապես գիտենք, որ Արթուրի դեմ քրեական գործ են հարուցել։

Ջահանյան Գուրգեն, Ջրաբերդ

— Այդ օրը սովորականի պես կնոջս հետ գնացել էինք հողամասում աշխատելու։ Տեսանք, որ կրակոցներով զինվորական մեքենաները գյուղ մտան։ Շատ կարճ ժամանակամիջոցում թալանեցին ողջ գյուղը և պահանջեցին երկու օրվա ընթացքում հեռանալ։ Երկու օր հետո նորից մտան գյուղ, նորից սկսվեց ծեծն ու թալանը։ Ինչ-որ հասցրել էինք մեզ հետ վերցնել, սահման հասցնելուց հետո թալանեցին ու նոր ազատ արձակեցին։ Մեր գյուղացի Սաշա Ալեքսանյանին այնպես էին ծեծել, որ նա Խնձորեսկ հասնելուն պես մահացավ։ Նրա աղջկան մեծահասակ կնոջ շորեր հագցրած մի կերպ փրկեցինք թուրքերի ձեռքից։ Գյուղի երիտասարդներից երկուսին բռնել էին, ահավոր ծեծելուց հետո մեկին բաց են թողել, իսկ մյուսից դեռ տեղեկություններ չունենք։

Առաքելյան Փառանձեմ, Բանազուր

— 81 տարեկան եմ, բայց այնպես են ծեծել, որ չեմ կարողանում պատմել։ 27 թոռներս փախել են և ոչ մի տեղեկություն չունեմ։ Ադրբեջանցի թալանչիները մեքենաներով տարան մեր ողջ ունեցվածքը, իսկ մեզ էլ տանջահար անելուց հետո ասում էին. «Ձեզ կտանենք, կթողնենք Հայաստանի սահմաններում, Զորի Բալայանը թող ձեզ պահի»։

Նինա Գյուրջյան, Բանազուր

— Աչքներիս առաջ մեր տուն-տեղը թալանեցին։ Լավ էր, ջահելները հասցրեցին փախչել Հադրութ։ Այսպիսի կառավարությո՞ւն կլինի… Մենք հավատացած չենք, որ ղեկավարություն ունենք, որ ունենայինք, մեզ էսպես չէին անի։ Զենքով-զրահով եկել են մեզ վրա։ Հարցնում ենք. «Ո՞վ է ձեզ հրաման տվել», ասում են՝ Յազովն ու Գորբաչովը»։

Ղասումյան Սուրեն, Դոլանլար

— Առաջին անգամ զորքերը գյուղ մտան մայիսի 10-ին և անձնագրերի ստուգման պատրվակով սկսեցին խառնել բոլորիս տները, թալանել և ստիպեցին կամովին դուրս գալ գյուղից։ Ասում ենք. սա մեր ծննդավայրն է, դուրս չենք գա, իսկ նրանք պատասխանում են, թե դա մեզ չի վերաբերվում, պետք է դուրս գաք։ Եվ հետո էլ, որպեսզի մեզ բարկացնեն, մեր առաջ թուրքերեն ասում են. «Ինչ գեղեցիկ է մեր Ղարաբաղը»։

Գյուլիշանյան Գուրգեն, Առաքյուլ

— Մենք ինչպե՞ս պաշտպանվեինք զինված բանակի դեմ, երբ մի երկու որսորդական հրացան ենք ունեցել, այդ էլ վերցրել են։ Հետո այսպիսի բաներ են տարածում, թե ինչո՞ւ զոհեր չեք տվել, հետո եկել։ Ուրեմն զոհեր տանք, հետո գա՞նք. դա ի՞նչ կարծիք է։ Ախր զենք պետք է լինի, որ պայքարես, մեկին էլ դու սպանես, ինքն էլ քեզ սպանի։ Հզոր տանկերը գալիս են, դրանց դեմ պաշտպանվել կլինի՞։

Մովսիսյան Գրետա, Առաքյուլ

— Երբ զորքերը գյուղ մտան, ժողովրդի կեսը դեռ քնած էր, միանգամից սկսեցին խուզարկությունը և մինչև ժամը 2-ը գյուղից 33 հոգու պատանդ տարան, այդ թվում 5 երիտասարդ աղջիկների։ Նրանցից միայն աղջիկներն են անվնաս վերադարձել։ Այժմ տեղավորվել ենք Վերին Խնձորեսկի ակումբում և սպասում ենք, թե երբ պայմաններ կստեղծվեն, որպեսզի վերադառնանք գյուղ։ Ցանկությունս այն է, որ գոնե Հադրութից մեր երեխաներին տեղափոխեինք մեզ մոտ։

Ցավոք, փախստականների մեծ մասը չգիտեր, թե ինչ է լինելու հետո՝ վերադառնալու են հարազատ գյուղերը, թե՞ մնալու Հայաստանում։ Նրանց միակ պահանջն էր ապահովել անվտանգությունը և վերադարձնել համագյուղացիներին։

Հակոբ Ասատրյան, Գայանե Աֆրիկյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives