March 1, 2021
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Վճռական քայլի անհրաժեշտությունը

Վճռական քայլի անհրաժեշտությունը

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

-Հայոց համազգային շարժումը Հայաստանի Հանրապետության իշխանության գլուխ անցավ՝ իր նախընտրական ծրագրում ունենալով Հայաստանի անկախության  խնդիրը: Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի հաղթանակ տանելուց հետո անցել է մոտ յոթ ամիս: Այս ընթացքում Հայաստանի նորընտիր իշխանություններն ի՞նչ վճռական քայլեր են արել Հայաստանն անկախ դարձնելու ուղղությամբ:

-Նախ՝ ի՞նչ է նշանակում իրական անկախություն: Անկախությունը կապված է ուրիշ պետությունների կողմից այն ճանաչելու հետ: Ոչ մի խորհրդային հանրապետություն դրան չի հասել: Բոլորին հայտնի է Արևմուտքի դիրքորոշումը՝ պաշտպանել ԽՍՀՄ-ի ամբողջականությունը, չհակառակել Գորբաչովին: Եթե կենտրոնը կամ Գորբաչովը չճանաչեն մեր հանրապետության անկախությունը, այլ պետություններ չեն ճանաչի: Այդ տեսակետից մենք, բազմաթիվ մանր քայլեր անելով հանդերձ, մի պահ պետք է վճռական քայլ կատարենք, որից հետո միայն կճանաչվի Հայաստանի անկախությունը: Ես բազմիցս ասել եմ, որ այժմ այդ ճանաչմանը հասնելու միակ ճանապարհը Հայաստանում հանրաքվե անցկացնելն է: Իմիջիայլոց, Խորհրդային Միության նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մեջ էլ նկատելի է մի փոքր փոփոխություն. նա Միությունը որոշ հարցերում սկսել է դիտել որպես հանրապետությունների փունջ, ասոցիացիա: Այս փոփոխություններում էական դեր խաղացին Լիտվայի դեպքերը:

Ի՞նչ փոփոխություններ կան մեր հանրապետությունում: Մեր ներքին հարցերը լուծելիս մենք գրեթե անկախ ենք: Իհարկե, կենտրոնի կողմից պարտադրված որոշ տնտեսական բնույթի որոշումներին ստիպված ենք լինում ենթարկվել, քանի որ մի տնտեսական համակարգի մեջ ենք, ու գործում է ուժեղի և թույլի հարաբերությունը: Վերջերս ինձ ներկայացրին նախկինում Հայաստանում մարդկանց պաշտոնների նշանակման կարգը. հարյուրից ավելի պաշտոն մեզ մոտ ժամանակին Մոսկվան էր հաստատում կամ նշանակում: Այժմ կարող ենք որևէ պաշտոնում, հաջող կամ անհաջող, ինքնուրույն նշանակում կատարել, գլխավորն այն է, որ անկախ ենք ընտրության մեջ: Բացի այդ, ԽՍՀՄ-ի հաստատած օրենքները մենք վերանայում ենք և դրանց որոշակի մասը մերժում:

-Շատերը ՀՀՇ-ն գնահատում են որպես կոմկուսի իշխանությունը տապալող  ուժ: Վաղ թե ուշ կոմկուսը տապալվելու էր: Շատերն էլ ՀՀՇ-ի մեջ տեսնում էին Հայաստանի անկախության համար պայքարող կազմակերպություն, և այսօր վերջիններս որոշ հիասթափություն են ապրում:

-ՀՀՇ-ն շատ հետևողականորեն իրականացնում էր մի ծրագիր, որի որոշ դրույթներ դժվար ըմբռնելի էին մեր ժողովրդի համար: Անկեղծ ասած, անկախության գաղափարը խոր նստած չէր հայերիս մեջ: Դժվարին խնդիր էր հայերիս միջից հանել զգացմունքային քաղաքականության հակումը և արմատավորել յուրաքանչյուր պետությանը բնորոշ հավասարակշռված քաղաքականություն: ՀՀՇ-ն իր առջև դրեց այդ բարդ խնդիրը և լուծեց այն: Այնպես որ ՀՀՇ-ն հսկայական դեր խաղաց մեր ժողովրդի կյանքում:

-Վերջերս Ձեզ հետ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ դուք խոսեցիք Հայաստանում արտահայտված անկախության թատերական ճանապարհի մասին և քննադատեցիք այն: Դուք նկատի ունեիք Պարույր Հայրիկյանի՞ն:

-Ճիշտն ասած, առանձին անհատի նկատի չունեմ: Խոսքս մտայնության մասին է, որ 2-3 օրվա ընթացքում բացահայտ նկատվել է որոշ մարդկանց գործողություններում. հայտարարություններով, գեղեցիկ կեցվածքներով, հեքիաթային, ֆանտաստիկ ձևերով այս շատ իրապաշտ աշխարհում փորձում են  լուծել որոշակի մեծածավալ խնդիրներ:

-Լիտվայի քաղաքականությունն ինչ-որ առումով թատերական էր՝ հռչակագրեր, հայտարարություններ:

-Ես չէի ասի, որ Լիտվայի ճանապարհը շատ թատերական էր, բացի հայտարարություններից, այնտեղ բազմաթիվ մեխանիզմներ էին ստեղծվել, օրենքներ մշակվել:

-Ի վերջո նման օրենքներ Հայաստանն էլ է ընդունել:

-ԽՍՀՄ-ում առաջին ամենախիզախ քայլը կատարեց Լիտվան՝ հայտարարելով իրեն անկախ պետություն: Այդ քայլը թատերական չէր, այլ սառը հաշվարկով էր արված: Կարելի է քննել՝ այդ հաշվարկը ճիշտ էր, թե սխալ, դա այլ հարց է: Պարզ երևում է՝ ինչպես լիտվացիները նախապատրաստվեցին հռչակագրին: Մանրամասն քննեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը, օգտագործեցին Լիտվայի եվրոպական երկիր լինելը, հաշվի առան, որ շատ երկրներ չեն ճանաչել Խորհրդային Միության կողմից Լիտվայի օկուպացումը և այլն: Այս պաշարի վրա էլ կառուցեցին իրենց քաղաքականությունը: Լիտվան առանձնապես չէր ցանկանում այլ հանրապետությունների հետ կապվել և լինել ընդհանուր ազգային-ազատագրական, ժողովրդական շարժման մեջ, որովհետև լիտվացիները գտնում էին, որ իրենց ճանապարհն ուրույն է, և ավելի հեշտությամբ կհասնեն անկախության: Նրանք գնացին այդ ճանապարհով, հռչակեցին Լիտվայի անկախությունը, հետո շատերը, որ կարծում էին միանգամից իրենց իղձերը կիրականանան, դառը հիասթափություն ապրեցին: Բայց Լիտվան հետևողականորեն, նույնիսկ նահանջներով գնաց դեպի իր նպատակակետը: Իսկ վերջին իրադարձություններով (իհարկե, ցավալի է, երբ մարդիկ են զոհվում) Լիտվան մի մեծ քայլ արեց դեպի անկախություն:

Սողեսող, միայն մանևրելով հնարավոր չէ հասնել անկախության, վճռական համարձակ քայլը անհրաժեշտություն է: Կարծում եմ՝ Լիտվան իր հռչակագրից հետո կատարեց երկրորդ շատ կարևոր քայլը և ընդհուպ մոտեցավ անկախության՝ տալով ընդամենը տասներեք զոհ:

-Դուք ընտրել եք հանրապետության՝ տնտեսական հզորացման միջոցով անկախության գնալու ուղին: Սակայն մարդկության պատմության մեջ կարծես նման օրինակներ չկան: Բոլոր ստրկացված ազգերը տարբեր կայսրություններից անկախացել են տնտեսական ավերումների, պատերազմների միջոցով: Այդպիսի օրինակները շատ են հենց 20-րդ դարում: Հայաստանը բացառությու՞ն է:

-Ոչ: Ես իդեալական տարբերակը պատկերացնում եմ այսպես. առաջինը՝ անկախություն ենք նվաճում, հետո՝ տնտեսությունը պետականից փոխադրում ենք մասնավորի, ապա երկրում հաստատում ենք ժողովրդավարություն: Այս տրամաբանական հերթականությունը, սակայն, մեր ժամանակների խառնաշփոթության պայմաններում հնարավոր չի լինում պահպանել: Եվ հաճախ այդ երեք քայլերը խճճվում են: Ես էլի եմ կրկնում՝ մեր առաջնային խնդիրն է հանրապետությունում անկախության համար հանրաքվե անցկացնելը: Այդ քայլից հետո կենտրոնից և այլ պետությունների կողմից մեր անկախությունը ճանաչելու հավանականությունը մեծ է: Բայց քանի դեռ Հայաստանում հանրաքվե չի անցկացված, ներկա ժամանակաշրջանը հարկավոր է հնարավորին չափ օգտագործել՝ իրականացնելով տնտեսական բարենորոգումներ:

-Ի դեպ, երբ հրապարակվեց Ձեր «Գնացքից թռչելու ժամանակը» հոդվածը, Դուք այն ժամանակ իշխանություն չունեիք: Այսօր Դուք Հայաստանի Հանրապետության Նախարարաց խորհրդի նախագահն եք, և  քայլերի հաջորդականությունը ավելի հեշտ իրագործելի պետք է լինի Ձեզ համար:

-Ես իմ հայացքները չեմ փոխել և մշտապես քարոզում եմ վերոհիշյալ գաղափարները, որոնք, ցավոք, շատերի մեջ չեն հասունացել: Կենտրոնի՝ համամիութենական հանրաքվե անցկացնելու որոշումը շատ հանրապետություններում արթնացրեց ինքնուրույն հանրաքվեի գաղափարը. օրինակ՝ Վրաստանը, մերժելով միութենականը, մարտի 31-ին որոշել է առանձին հանրաքվե անցկացնել: Կարծում եմ՝ Հայաստանում էլ շատ ռեալ է նման ծրագրի իրականացումը, որը մեր հանրապետության ազգային միատարրության պայմաններում հաջողությամբ կպսակվի:

-Չե՞ք կարծում, որ հանրաքվեին նախապատրաստվելու քարոզչությունը ուշանում է:

– Դժվարանում եմ ասել: Իսկապես, հնարավոր է, որ գնացքը մտնի թունել: Երբեմն ինձ թվում է, թե գնացքն արդեն թունելում է: Բավական բարդ քաղաքական  իրավիճակ է Խորհրդային Միությունում: Պարսից ծոցի պատերազմը անհանգստություն է պատճառում, որ կարող է ձգվել և, Աստված գիտե, ինչ հետևանքներ թողնել: Մյուս կողմից՝ նշեցի Արևմուտքի վերաբերմունքում դրական տեղաշարժերը, որոնցից, որպես մի բարենպաստ իրադրությունից, պետք է օգտվել: Ոմանք կոչ են անում սպասել ավելի բարեպատեհ առիթի և նոր կտրուկ քայլ կատարել դեպի անկախություն: Քաղաքականության մեջ այդպիսի դժվարին խնդիրներ լուծելիս հաշվարկից բացի վճռականություն է հարկավոր: Միայն մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով նմանօրինակ խնդիրներ լուծել հնարավոր չէ: Ներքնազգացողությամբ պետք է ճիշտ պահը ընտրել:

-Անցյալ տարվա գարնանը Խորհրդային Միության ժողովրդավարական և ազգային շարժումները մի ընդհանուր տեսակետ ունեին, ըստ որի կայսրության փլուզումը օրերի հարց է, և հնարավորին չափ շուտ պետք է օգտվել այդ իրավիճակից: Սակայն աշնանը պարզվեց, որ կայսրությունը դեռևս ամուր է, և շատերը հուսախաբվեցին: Այս ամենը հնարավո՞ր էր արդյոք հաշվարկել:

– Այո: Այն ոգևորությունը, որ կար գարնանը և ամռանը, հետզհետե նվազեց աշնանը: 1990թ. մայիսին ֆրանսիական «Լե նուվել օբսերվատուդ» պարբերականին տված հարցազրույցում ես, կիսելով որոշ քաղգործիչների մտահոգությունը, ասացի, որ տարբեր հանրապետություններում ժողովրդավարական ուժերի իշխանության գլուխ անցնելը հնարավորություն չի տա խոշոր հաջողությունների հասնել, քանի որ տնտեսական բազմաթիվ խոչընդոտներ կան: Հետագայում հիսաթափության ժամանակաշրջան կգա, և Խորհրդային Միության իշխանությունը, հնարավոր է, հետզհետե անցնի աջակողմյանների ձեռքը: Դեռևս այդպիսի բան չի եղել, բայց ճոճանակի շարժումը դեպի հետ, այնուամենայնիվ, նկատվում է: Թե ճոճանակը ինչքան հետ կգնա, դեռ հայտնի չէ:

-Հայոց պետականության ամրապնդումը հետապնդող և Հայաստանի անկախությանը ձգտող ամենազորեղ կազմակերպությունը ՀՀՇ-ն է: Պետք է խոստովանենք, որ ՀՀՇ-ն այսօր թույլ է իր կառուցվածքով:

Հայաստան մուտք գործած Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը վերջին երկու տասնամյակներում փոխել է իր քաղաքականությունը և Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցությունից վերածվել հողային պահանջներ ներկայացնող և հայոց անկախությունը մերժող կուսակցության: Հայտնի է, որ Դաշնակցությունը շատ ամուր կառուցվածքներ ունի, որոնցով կարող է հաղթել հայ անկախական հոսանքներին և գրավել հանրապետության իշխանությունը: Այս հանգամանքը կարո՞ղ է սպառնալ հեռանկարում Հայաստանի անկախությանը:

-Այն, որ ՀՀՇ-ն և Հայաստանի մյուս բոլոր կազմակերպությունները կառուցվածքով շատ փխրուն են, ակնհայտ է: ՀՀՇ-ին բնորոշ է եղել անորոշ կառուցվածքով մարմին, բայց հստակ կառուցվածքով շարժումը ղեկավարող վարչություն և հստակ քաղաքական գիծ: ՀՀՇ-ն թույլ է կառուցվածքով, բայց շատ ուժեղ է եղել իր գործունեությամբ:

Ես համաձայն չեմ, թե դաշնակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը: Այո, դաշնակցական շատ ղեկավար գործիչների ելույթներն ու հոդվածները իրենց մեջ պարունակում են ձեր անհանգստությունը առաջացնող մտքեր: Բայց ընդհանուր առմամբ դաշնակցականները նույնպիսի հայ, ազգային մարդիկ են: Շատ հարցերում համաձայն են մեր հայացքներին: Ի վերջո, ՀՀՇ-ի գաղափարները, որոնք հարազատ էին դաշնակցությանը ինչ-որ փուլում, նորից սողոսկելու են այժմյան դաշնակցության մեջ: Գուցե դաշնակցությունը դառնալու է վաղվա ՀՀՇ-ի կազմակերպված ձևը: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ՀՀՇ-ի հիմքի վրա կստեղծվի մի հզոր ազգային կուսակցություն, որն իր ձեռքը կվերցնի մեր ժողովրդի բախտը:

-Հայաստանում քաղաքական տարբեր հոսանքներից առավել վառ արտահայտված են ժողովրդավարականը և ազգայինը: Դրանցից որի՞ն եք Դուք համակրում:

– Դժվար է տարբերակել ժողովրդավարականը և ազգայինը: Ինձ թվում է՝ այդ հոսանքների ներկայացուցիչներն էլ լավ չեն պատկերացնում դրանց առանձնահատկությունները: Կարելի է հետաքրքիր անեկդոտներ պատմել ազգայնականների հակազգային  գործունեության և ժողովրդավարների իշխանատենչ մոլուցքների ու ամբողջատիրության ձգտելու մասին: Սա չէ էականը: Այսօր հանրապետությունում գոյություն ունեցող կուսակցությունները իրականում կուսակցություններ չեն: Դրանք ազգային, բավական անորոշ, բայց և վեհ գաղափարներ են հետապնդում: Շատ խելոք մարդիկ են այսօր հավաքվում և հռչակում մի նոր կուսակցության ծնունդը, որը, ի վերջո, վերածվում է ակումբի կամ աղանդի: Ամեն ինչ առջևում է: Իսկական կուսակցություններ կառաջանան միայն անկախ պետություն ստեղծելուց հետո:

-Հայերի համաշխարհային ազգ լինելու Ձեր գաղափարը նշանակում է աշխարհով մեկ ցրված լինե՞լը, թե՞ համաշխարհային դեր ունենալը; Ի վերջո, գնչուներն էլ են աշխարհով մեկ սփռված:

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը: Չի հնչի, եթե մեկն ասի, թե գնչուները համաշխարհային ազգ են, այսինքն՝ սփռված լինելը բավարար պայման չէ համաշխարհային ազգ լինելու համար: Ֆրանսիացիները սփռված չեն, բայց որոշիչ ազդեցություն են ունեցել մարդկության պատմության մեջ: Այդուհանդերձ ֆրանսիացիներն էլ համաշխարհային ազգ չեն: Համաշխարհային ազգ ասելով՝ ես հասկանում եմ սփռված, կազմակերպված, մարդկության զարգացման վրա որոշակի ազդեցություն ունեցող:

-Պարսից ծոցի ներկայիս իրավիճակը երբեմն բնութագրվում է որպես Արևելքի ու Արևմուտքի պատերազմ: Եթե անգամ այս պատերազմը մոտ ժամանակներս ավարտվի, դրանով իրականում այդ առճակատումը չի ավարտվում: Հայաստանն ապագայում ի՞նչ դեր կարող է ունենալ այս հակամարտության մեջ:

-Իրաքի պատերազմը կարող է վերաճել Արևելքի և Արևմուտքի պատերազմի, սակայն դա դեռևս այդպես չէ: Տա Աստված, որ մնա իր սահմաններում: Բայց որ Արևելքի և Արևմուտքի մեջ կա հակամարտություն, բացահայտ զգացվում է: Այն միշտ չէ, որ զինված ձևեր է ընդունում, հիմնականում դա արտահայտվում է գաղափարական, մշակութային, տնտեսական պայքարներով: Մենք էլ գտնվում ենք Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում: Մի կողմից՝ մենք Արևելքի ժողովուրդ ենք՝ արևելքին բնորոշ կենցաղով, բայց մյուս կողմից էլ հարազատ ենք Արևմուտքին մեր կրոնով, մշակույթով, գուցեև որոշ չափով խառնվածքով: Այս երկվությունը մենք  պետք է օգտագործենք որպես առավելություն: Մեր միջանկյալ վիճակով այդ հակամարտության շղթայում պետք է կարողանանք Արևելքի և Արևմուտքի հաշտության օղակը դառնալ, ու այդ դերով անհրաժեշտ լինել թե՛ մեկին, թե՛ մյուսին: Իսկ եթե  փորձենք այս կամ այն կողմը անցնել, շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար:

– Այսինքն՝ հայերի համաշխարհային ազգ լինելու գործնական արտահայտությունը կլինի այդ հաշտարար առաքելությու՞նը:

– Համաշխարհային ազգի գաղափարի մեջ մի առաջնային իմաստ էլ կա, որ ես չեմ նշել. առաքելություն ունենալը: Թե որն է այդ առաքելությունը, հիմա դժվար է պատասխանել:

Հարզացրույցը` Վահան Իշխանյանի
«Հայաստանի Հանրապետություն», 1991, 12 փետրվարի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives