May 6, 2021

Սիսիանի անտերության տերերը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)

Հուլիսի 30-ի առավոտյան Սիսիան քաղաքում աշխուժություն էր. ժամանելու էր երկրի նախագահը։ Ընտրությունների ժամանակ նրան իր ձայնն է տվել սիսիանցիների 86 տոկոսը։ Եվ քանի որ 86 տոկոսից ավելին այն համոզմունքին է, որ Սիսիանում բացահայտ անիշխանություն է, մարդիկ գոհ էին՝ հանրապետության առաջին դեմքի գալստյան լուրն առնելով. «…Կգա, կտեսնի…»։

Փողոցները ջանասիրաբար մաքրում էին, գործկոմի աշխատողները մազ ու մորուքներն էին հարմարեցնում իրավիճակին։ Նաեւ այլ խրախուսելի գործեր էին կատարվում ի քաղաքն Սիսիան:

Նույն օրը իր աշխատանքներն էր սկսել շրջխորհրդի նստաշրջանը։

Ի դեպ, նստաշրջանների մասին մի մանրամասն։

Դրանք ունեն մի գլխավոր առանձնահատկություն. կառավարության լիազոր նշանակելուց ի վեր նստաշրջաններն սկսվում են՝ ա) լիազորի ահ ու դողով. հանկարծ անվստահություն հայտնելու հարց չմտնի օրակարգ, բ) պատգամավորների մեծ մասի, ինչպես նաեւ ժողովրդի բացարձակ մեծամասնության մտահոգ սպասումով՝ այդ հարցը երբ եւ ինչպես մտցնել օրակարգ։ Եվ այսպես, կամա թե ակամա, գործադիր մարմնի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը ամեն անգամ հերթապահում է նստաշրջաններում։ Կառավարության լիազորի կազմած գործադիր իշխանությունը այնպիսի աղետ է դարձել շրջանի գլխին, որ անհնար է երկու խոսքով նկարագրել։

Շրջխորհրդում հաստատուն դիրքորոշում ունեն միայն երկու տասնյակի չափ պատգամավորներ։ Նրանք արդարացիորեն չեն վստահում մի անձնավորության, 1719 քառ. կմ տարածք ունեցող շրջանում, իր իսկ խոստովանությամբ, իրադրությանը չի տիրապետում։ Գիտակներն ասում են, որ լիազոր Մ. Պողոսյանը իրադրությանը չի տիրապետում նաեւ իր 50 քառ. մետրանոց առանձնասենյակում։ Նա հանգստացրել է նստաշրջանին, որ  Լ. Տեր–Պետրոսյանն էլ հանրապետությունում չի տիրապետում իրադրությանը:

Այս խոսքերը ասվել են հունվարյան նստաշրջանում, որի աշխատանքներին մասնակցել են Էդ. Եգորյանը, Բ. Ասատրյանը, Էդ. Ջաղինյանը, որոնք այնուամենայնիվ, «վեր կանգնելով» կուսակցական շահերից՝ ջանք չխնայեցին անհաջող դերակատարին գլխավոր դերում պահելու համար։ Այդ նստաշրջանի մասին գրվել է («Երկիր» 08.02.1992թ.), բայց Սիսիանի բաժանորդները թերթը ստացան 7 օր անց՝ որոշ պատգամավորների ջանքերի շնորհիվ, իսկ կրպակներին տրվող քանակը ամբողջությամբ գնել էր մի անձնավորություն։

Մի խոսքով, անտերություն է։ Ժողովուրդը անցել է լիակատար ինքնակառավարման եւ ինքնաապահովման։ Ով ինչպես կարող է։

Այդպիսին էր դրությունը Սիսիանում, երբ սպասվում էր Հանրապետության նախագահի այցը։ Սկզբում նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու եւ նախագահի այցը նախապատրաստելու նպատակով Սիսիան ժամանեց ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Արա Սահակյանը։ Ավտոմատավոր թիկնապահին հետեւելով՝ նա մտավ գործկոմի շենք, որի մուտքի մոտ շրջապատվեց ժպիտը դեմքերին դրոշմած պաշտոնյաներով։ Ա. Սահակյանի ներկայությունը ջերմորեն ընդունվեց նստաշրջանում։ Այն անցավ ուրախ եւ… անպտուղ մթնոլորտում։

Նիստի վերջում պրն Սահակյանը ելույթ ունեցավ։ Նա իրադրության վերլուծություն կատարեց, անդրադարձավ ընդունված մի շարք օրենքների կարեւորությանը։ Հատկապես նշեց «Սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» օրենքը՝ այն որակելով որպես տնտեսական ճգնաժամից դուրս գալու երաշխիք։

Փոխնախագահն ասաց, որ մեր սերնդի ուժերը հազիվ բավականացնեն այս 30000 քառ.կմ–ի վրա պետություն կառուցելու համար. «… Հո միայն մենք չե՞նք կարող լուծել բոլոր խնդիրները, ինչքան էլ դա ցանկալի լինի։ Մեզանից հետո էլի սերունդներ կգան, նրանք էլ մյուս հարցերը կլուծեն։ Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանը եւ լուծել Արցախի հարցը»։

Հայտարավեց նիստի ավարտը, հեռարձակումը դադարեցվեց, որից հետո միայն պատգամավորների համար ԳԽ փոխնախագահը անկեղծացավ։ Պարզ դարձավ, որ Արցախին օգնելու հայտարարությունը ռադիոլսողներին էր ուղղված, որ հանկարծ իշխանությունների մասին վատ բան չմտածեն։ Իսկ պատգամավորներին ներկայացվեցին իշխանությունների որդեգրած՝ հարցի միջազգայնացման փակուղային տարբերակի առավելությունները։ Այս անորոշ, ուժասպառ, ապակողմնորոշիչ ելույթի կապակցությամբ մի քանի հարց պրն Արա Սահակյանին.

  1. Ի՞նչ բանակցություններ են վարվել հաջորդ սերունդների հետ։ Նրանք մտադի՞ր են արդյոք ինդուլգենցիաների վաճառքի սեղանիկներ շարել փողոցներում՝ իրենց նախորդների մեղքերի քավության գործը կազմակերպելու համար եւ, շատ կարեւոր է, ո՞ր երկրի փողոցներում։
  2. 30000 քառ.կմ–ը հո՞ւշ է, թե՞ իրականություն։ Եթե իրականություն է, գուցե հիշեք Ձեր իշխանության օրոք սահմանամերձ տարածքների վիճակը եւ նաեւ մի «մանրուք» եւս. ո՞ր ճանապարհով էիք եկել Սիսիան եւ որով գնացիք Կապան։
  3. Ավելի անկեղծ լինելու դեպքում չէի՞ք կարող ուղղակի ասել. «Խնդրում ենք շատ բան մի պահանջեք, թողեք մի քիչ էլ իշխենք 30000-ից մնացած այս տարածքի վրա»:

Ավարտվեց նիստի այս մասը եւ պատգամավորները ցրվեցին, որպեսզի նորից վերադառնան դիմավորելու եւ հանդիպելու նախագահ Լ. Տեր –Պետրոսյանին։ Նախագահը Ժամանեց շատ ուշ՝ ժամը 22.30-ին։ Բացի պատգամավորներից, հավաքված էին 40-50 հոգի, հիմնականում երիտասարդներ։ Շրջապատը հսկում էին տեղացի ավտոմատավոր ոստիկանները։ Ժողովրդին հրահանգվեց կանգնել եզրաքարերի մոտ, չառաջանալ։ Առաջին մեքենայից հետո երեւաց «Մերսեդեսը», որից հետո նեղլիկ անցուղում իրար հետեւից կանգնեցին մի քանի մեքենաներ եւս։ Առաջինը դուրս թռավ դեսանտայինի համազգեստով մի գնդացրորդ, որին հաջորդեցին նույնատիպ եւ քաղաքացիական  հագուստով ատրճանակավորներ, ավտոմատավորներ եւ այլ մարդիկ։ Այս պարագայում շատերը չհաջողեցին անգամ տեսնել նախագահին, որը ձեռքսեղմումով ողջունեց հավաքվածներից մի քանիսին եւ շքախմբով ներս մտավ։

Պահակազորի տեսքից վախեցած դիմավորողների նոսր շարքերը ավելի նոսրացան։

Հանդիպումը տեւեց 1 ժամ։ Նախագահը խոսեց արտաքին քաղաքականության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների մասին։ Շրջանի հետ կապված խնդիրներ չքննարկվեցին։ Միայն նշվեց, որ Իրան–Հայաստան ճանապարհի բացումով Սիսիանը կօգտվի իր դիրքից եւ կդառնա տրանզիտ առեւտրի կենտրոն։

Հանդիպումը հապշտապ ավարտվեց։ Հյուրերը հոգնած էին։

Առավոտյան նախագահը դուրս եկավ հյուրանոցից։ Մոտ 40 հոգի շրջապատեցին նրան։ Նախագահը մի քանի հարցեր տվեց, մի քանիսին պատասխանեց։ Մի կնոջ ասաց, որ պատերազմ է, պետք է դիմանալ։ Դիմեց հավաքվածներին, թե գո՞հ են արդյոք լիազորից, իշխանություններից։ «Այո, այո», 35000 բնակիչների փոխարեն հավաստիացրեց մի բազմապաշտոն պատգամավոր։ Նախագահը թփթփացրեց լիազորի ուսին։ Վերադասավորվեցին, նկարահանվեցին ու ճամփա ընկան դեպի Կապան։

Հետո, անհասկանալի այդ այցի մասին խոսելիս, ՀՀՇ շրջվարչության մի անդամ ասաց, որ մեղավոր են դաշնակցականներն ու աիմականները, որ ցույցեր չկազմակերպեցին, չբողոքեցին, ճշմարտությունը նախագահին չպատմեցին։

Ինչեւէ, վերջում ասենք, որ սիսիանցիների համբերատարության մասին շատ հիշատակություններ են թողել տարբեր պատմիչներ, զավթիչներ, լենինյան առաջին քարտուղարներ։ Բայց յուրայինի լուծը շատ ծանր է, քանի որ յուրային է։ Ի՞նչ արժեք ունեցավ շրջանի համար կես գիշերին սկսված եւ առավոտյան ավարտված նախագահական այցը։ Էս անտերության տերերը պատժվելո՞ւ են, թե՞ սպասենք ժողովրդի համբերության տակառի լցվելուն:

Սասուն Բաղդասարյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives