March 5, 2021

Ռիզաևի ներվային ցնցումները

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

«Ես հանգիստ խղճով հրաժարական կտայի, մտածելով, որ իբրեւ դեսպան կատարել եմ պարտքս, եթե կարողանայի իմ գործողություններով եւ նախազգուշական հայտարարություններով կանխել Ադրբեջանում նախապատրաստվող պետական հեղաշրջումը եւ հայկական ուժերի կողմից ծրագրված Ֆիզուլիի գրավումը»,– «Հայլուր» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ռ. Ռիզաեւը:

Թղթակցի այն դիտողությանը, թե Իսկանդեր Համիդովը ժխտել է իր կողմից հեղաշրջման նախապատրաստումը, Ռիզաեւը պատասխանել է. «Այնտեղ ելույթ ունենաս եւ ասես, թե՝ այո, ես հեղաշրջում եմ նախապատրաստում, նույն է, թե ինքնասպանություն գործես։ Բայց միաժամանակ նա ասաց, որ ինքն ուժեր ունի զինվորական հեղաշրջում կատարելու համար, սակայն իբր այնքան խելացի է, որ դա չի անի։ Խելացի մարդը մի՞թե այդպիսի բան կասի։ Կասի՛, թե ինքն ուժեր անի։ Ահա հենց սա է նախկին իշխանությունների մակարդակը, այդ մակարդակով էլ նրանք ղեկավարում էին»:

Անդրադառնալով այդ առնչությամբ իր հայտարարությանը, Ռիզաեւը նշել է. «Ես այդ հայտարարությունն արել եմ որոշակի տվյալների հիման վրա։ Ֆիզուլիի ծրագրվող գրավման վերաբերյալ տվյալներն իրական հիմք ունեն։ Կրակի դադարեցման շուրջ համաձայնության պահից ի վեր հայերը մեթոդաբար գրոհում, կրակ էին տեղում եւ հրկիզող ռումբեր նետում Ֆիզուլիի վրա, եւ ողջ քաղաքը բոցերի մեջ էր։

Տրամաբանելով՝ ես ենթադրեցի, որ Ֆիզուլիի անկման եւ օգոստոսի 14-ին նշանակված Ի. Համիդովի ելույթի միջեւ կարող է ինչ-որ կապ լինել։ Ամեն ինչ համընկնում էր. 12-ին սկսվում է Ֆիզուլիի գրոհը, 13-ին այդ մասին հայտնի է դառնում, դա կարող է երկարաձգվել էլի մեկ օր, իսկ 14-ին սկսվում է հեղաշրջումը։ Ողջ ժողովուրդը զայրացած է՝ Աղդամն ընկավ, Ֆիզուլին ընկավ, այսքան զոհեր, այսքան փախստականներ, տուժածներ…»։

Ռիզաեւը «փողոցի անփորձ տղաներ» է անվանել Էլչիբեյի մերձավորներին, որոնք «պատահականորեն հասել են իշխանության, չիմանալով, թե ինչ է այն եւ ինչի հետ են ուտում»։ Այսպես, լիազոր ներկայացուցչի վկայությամբ, հանրապետության նախկին վարչապետ Փ. Հուսեյնովը, «փիլիսոփա, որն ասպիրանտուրայում ուսումնառության չորս տարվա ընթացքում մի ողորմելի դիսերտացիա է գրել», բնավ գլուխ չէր հանում ոչ միայն տնտեսությունից, գիտությունից, այլեւ մշակույթի հարցերից։ «Հուսեյնովի մասին լուրեր էին պտտվում, թե նա մեր ամենահայտնի կոմպոզիտոր Թոֆիկ Գուլիեւին հարցրել է. «Իսկ ո՞վ ես դու», պատմել է Ռիզաեւը։

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, Ռիզաեւը հայտարարել է, թե այդ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Նրա կարծիքով, դրան խանգարում է այն, որ «Ղարաբաղում ոչ մի խաղաղ բնակիչ չի մնացել, այնտեղ հայկական կողմում կռվում են միայն վարձկաններ, որոնք ամեն անգամ դժբախտություն են բերում ադրբեջանական գյուղերում մնացած խաղաղ բնակիչներին»։

Ըստ Ադրբեջանի լիազոր ներկայացուցչի, «Ղարաբաղի հայերը, ինչպես եւ նրանք, ովքեր մեկնել են Ադրբեջանից, վաղուց հոգնել են պատերազմից»։ «Այնտեղ ոչ ոք չի կռվի»,– ասել է նա։ – Նրանք բոլորը, այնտեղից հեռանալով, նույնիսկ Հայաստան գնալ չեն ուզում, այլ մեկնում են Մոսկվա, Կրասնոդար, ասում՝ մենք փախստականներ ենք։ Ի դեպ, Հայաստանի հայերը Ադրբեջանից եկած հայերին ստորակարգ են համարում»

«Հիմարություն է ուրիշների տարածքներին հավակնելը.– շարունակել է Ռիզաեւը։ – Ի՞նչ հիմունքով ես տիրում ուրիշի տարածքին եւայն անվանում քոնը: Աշխարհում երկու հայկական պետություն լինել չի կարող: Կա հայկական մի հանրապետություն և վերջ: Ինքնավարություն` այո: Երաշխիքներ` եկեք խոսենք, կարելի է տալ միջազգային կամ այլ երաշխիքներ: Չէ՞ որ մենք ինքնավարություն չէինք պահանջում Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների համար: Ընդ որում նրանց առաջինը արտաքսեցին այնտեղից, մինչդեռ ադրբեջանցիները ստրկական աշխատանք էին կատարում հայերի համար: Մենք մտածում էինք` ապրում են, թող ապրեն իրենց համար»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives