October 16, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ջախջախիչ հարված հակառակորդին Մարտակերտի և Աղդամի շրջաններում

Ջախջախիչ հարված հակառակորդին Մարտակերտի և Աղդամի շրջաններում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 26 ապրիլի, 1994թ., թիվ 76

Ադրբեջանական բանակում տիրում է լիակատար խուճապ

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ղարաբաղյան ճակատի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կատաղի մարտերը չեն դադարում։ Ստեփանակերտի մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը հաղորդում է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կազմավորումները օդուժի և մի քանի տասնյակ միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են երկու ուղղություններով գրոհ ձեռնարկել Մարտունու շրջանի վրա՝ միաժամանակ հարձակվելով և Կուրոպատկինո գյուղի և Աղբուսուն բարձունքի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Սկզբում հակառակորդին հաջողվել է գրավել 3 բարձունք, սակայն վերախմբավորելով  ուժերը, ապրիլի 24-ի առավոտյան ժամը 4։20-ին ղարաբաղյան ուժերն անցել են հակագրոհի և վերագրավել կորցրած դիրքերը։ Երկուստեք կան կորուստներ։ Միայն ականների վրա պայթել են մոտ 50 ադրբեջանցի զինվոր։ Ղարաբաղյան կողմից զոհվել է երկու, վիրավորվել 9 մարդ։

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 7։30-ին ադրբեջանական բանակն անցել է գրոհի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ։ Կասեցնելով գրոհը՝ ղարաբաղյան բանակն անցել է հակագրոհի և Մարտակերտի ու Աղդամի շրջաններում ջախջախիչ հարվածներ հասցնելով հակառակորդին մի շարք կարևորագույն բարձունքներ գրավել Մարտակերտի շրջանի ծայր արևելքում գտնվող Սեյսուլան և Յարըմջա գյուղերի մերձակայքում, թեև ադրբեջանական աղբյուրներն ասում են, թե հայերն արդեն գրավել են Յարըմջանը։ Նույն աղբյուրները հաղորդում են, թե ղարաբաղյան ուժերը գրավել են Աղդամի շրջանի Շոթանլու, Նամիրլի, Ումուդլու, Գյուլիջա և Իլխըչլար գյուղերը, ծանր մարտեր են ընթանում Սումա գյուղի համար։ Ղարաբաղյան կողմից զոհվել է 7, վիրավորվել 19 զինվոր։ Խփվել է հայկական մեկ տանկ և հետևակի մարտական մեքենա։ Ադրբեջանակն կողմը կորցրել է 83 զինվոր, Տ-72 տիպի 3 տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։ Եվս մի տանկ թշնամուց առգրավվել է։ ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբը ստույգ տեղեկություններ ունի, որ Մարտակերտի շրջանի հյուսիսարևելքում ադրբեջանական բանակի շարքերում տիրում է լիակատար խուճապ։ Նույնը հաստատում են նաև ադրբեջանցի ռազմագերիները, ըստ որոնց ոստիկանությունից կազմված խափանիչ ջոկատները, որոնց նպատակն է կանխել ադրբեջանական բանակի նահանջը, առաջինն իրենք են լքել դիրքերը։

Ապրիլի 23-ին ադրբեջանական ռազմական 6 ինքնաթիռներ կրկին խախտել են ԼՂՀ օդային սահմանը և ռմբակոծել Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։ Դրանցից 3-ը փորձել են ռումբեր նետել Ստեփանակերտի վրա։ ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խփել Սու-25 տիպի մեկ ինքնաթիռ, որը սակայն ընկել է Ֆիզուլու շրջանի տարածքում։ Ըստ Բաքվի ռադիոյի, օդաչուին հաջողվել է փրկվել։ Երեկվա ընթացքում ռազմաճակատներում ընթացել են դիրքային մարտեր։ «Ղարաբաղում ես ականատեղ դարձա, թե ինչպես են ադրբեջանական ինքնաթիռները ռմբակոծում Ղարաբաղի խաղաղ քաղաքներն ու գյուղերը»,— ասաց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոկսը։ «— Իմ կարծիքով, պատահական չէ, որ խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունները համընկնում են Մեծ եղեռնի հիշատակի օրվա հետ։ Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ահաբեկչությունը պետք է դիտել որպես աշխարհի որոշ պետությունների կողմից 1915թ. ցեղասպանությունը չընդունելու տրամաբանական հետևանք»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives