May 12, 2021
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Պետնախարար Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար

Պետնախարար Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Կառավարությունում սպասվում են նոր նշանակումներ

Մինչ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը դեռևս թափուր է, Հայաստանի նախագահը երեկ ստորագրեց մի նոր հրամանագիր, որով պաշտպանության հարցերով պետնախարար Վազգեն Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարար: Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վազգեն Սարգսյանը կկատարի նախագահի խորհրդականի և սահմանամերձ շրջաններում նախագահի անձնական ներկայացուցչի պարտականությունները: Օրերս մեր թերթին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանը նշել էր, թե ինքը պատրաստ է դուրս գալ, բայց այն դեպքում, երբ հասնենք իրական հաջողությունների:

Այդ պահը թերևս դեռ չէր եկել, բայց հանրապետության նախագահը գերադասեց ընտրել Վազգեն Մանուկյանին, որը մինչ այդ հայտարարել էր, թե պետք է ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանի գործունեությունը և իրականացնել ռազմական իրավիճակին հատուկ միջոցառումներ: Դա է վկայում նաև խորհրդարանի երեկվա նիստում նախագահի կողմից Վ. Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում են առանձին շրջաններում ռազմական դրություն մտցնելու միջոցառումներ:

Պրն Մանուկյանն առայժմ հրաժարվեց մեկնաբանել իր նոր նշանակումը՝ ասելով, թե դեռ վաղ է, և ամենայն հավանականությամբ այդ առիթով ինքը կանցկացնի մամուլի ասուլիս: Մեկնաբանելով պաշտպանության նախարարի նոր նշանակումը՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուբեն Շուգարյանն ասաց, թե դա կապված է պաշտպանության համակարգում կատարվող կառուցվածքային փոփոխությունների հետ: «Վազգեն Սարգսյանն արդեն բավական աշխատանք է կատարել այդ պաշտոնում, և այժմ կարևորվում է նրա դերը որպես ռազմական գծով խորհրդականի և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցչի, քանզի նա ակտիվորեն համագործակցում է և ֆիդայական ջոկատների, և՛ պետական կազմավորումների հետ»,-ասաց պրն Շուգարյանը:

Այժմ, երբ պաշտպանության համակարգում նոր փուլ է սկսվում, դրված է ազգային բանակի ստեղծման հարցը, մամուլի քարտուղարի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ այդ գործընթացին նախկին վարչապետի մասնակցությունը, որն արդեն որոշակի փորձ ունի, և, համատեղելով պետնախարարի ու պաշտպանության նախարարի պաշտոնները, կհամակարգի զինված ուժերի և ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքները: Ինչ վերաբերում է նախարարների փոփոխությանը, ապա նրանց ուժերը պետք է օգտագործվեն այնտեղ, որտեղ ավելի արդյունավետ կլինեն:

Մամուլի քարտուղարը նաև նշեց, որ առաջիկայում կառավարական համակարգում  սպասվում են նոր փոփոխություններ և նշանակումներ:

Հակոբ Ասատրյան, «Ազգ», 1992,  21 հոկտեմբերի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives