October 16, 2024

Պատերազմը սկսվել է

  • by Archives.am
  • 36 Years ago
  • Comments Off

Ինչպես հայտնի է, այս գիշերվա ընթացքում Հայաստանի տարածքում ոչ մի միջադեպ չի եղել: Բաքվում պարետային ժամ մտցված չէ: Վիճակը լարված է, բայց նախորդ օրն էլ էր այդպես, միտինգներ են արվում: Երեկ հայտարարեցին, որ Բաքվում պարետային ժամ է մտցվել: Սուտ է: Կիրովաբադում են մտցրել: Այնտեղ հայերը ստեղծել են ջոկատներ, որպեսզի պաշտպանեն իրենց ընտանիքները, հայկական թաղամասերը:

Ղարաբաղում ժամը  4-ի տվյալներով ընդհարում չի եղել: Այդ դեպքում պետք է հարցնել՝ ի՞նչ է պատահել: Երեկվա նստաշրջանում ելույթ ունեցավ Վոլսկին: Հայտարարեց, որ Նախիջևանում գնացք են շուռ են տվել, խիստ լարված իրավիճակ է Բաքվում, կան զոհեր: Դահլիճում իրարանցում սկսվեց: Այսինքն՝ պատերազմը սկսվել է, բոլորը պետք է վեր կենան ու գնան իրենց տեղերը: Նման պայմաններում Վոլսկին առաջարկեց, որ առանց մյուս հարցերը քննարկելու՝ նստաշրջանը միանգամից քվեարկի, այսինքն՝ ինչպես առաջարկել էին, բոլորը գնան իրենց պարտականությունները կատարելու, որովհետև պատերազմ է: Մի կերպ հասանք այն բանին, որ նստաշրջանը հետաձգվեց, ընդմիջում հայտարարվեց, որպեսզի շուտափույթ որոշումներ չընդունվեն: Ես դեռ ավելին կասեմ, Վոլսկու հայտարարությունը նման է Կատուսևի հայտարարությանը: Կատուսևի հայտարարությունը ադրբեջանցիներին ոտքի հանեց, և ընդհարումներ սկսվեցին Ադրբեջանում: Վոլսկու երեկվա հայտարարությունը այնպիսի վիճակ ստեղծեց, որ նույն բանը կարող էր տեղի ունենալ նաև Հայաստանում:

Նրա ասածները սուտ էին՝ նախապես մտածված և որոշակի նպատակ հետապնդող: Ո՞րն էր նպատակը: Երկուսը կարելի է նշել: Տարբերակներ շատ կան, բայց բավական ինֆորմացիա է պետք ունենալ հասկանալու համար, թե բանն ինչ է: Նրա հայտարարությունը, ինչպես ասացի, կարող էր հանգեցնել ընդհարումների Հայաստանում:

Եթե միտինգից հետո դուք այստեղ էիք, տեսած կլինեք մի ավտոմեքենա՝ ադրբեջանական համարանիշով: Մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվել, պահանջում էին դուռը բացել: Շատ հավանական է՝  տաքարյուն մեկն էլ լիներ, խփեր վարորդին, սպաներ: Ի՞նչ ալիք կստեղծեր դա Ադրբեջանում: Այսինքն՝ նպատակներից մեկը նույնն էր, ինչ որ Կատուսևինը: Եվ երկրորդ՝ նրանց շտապ պետք էր նստաշրջանն ավարտել իրենց ուզած որոշումներով: Ինչպես միշտ, ոչ միայն խորհրդային իշխանության օրոք, մինչև այդ էլ՝ Ցարական Ռուսաստանում, երբ հայերը հեղափոխական, ազատագրական գործունեություն էին սկսում, ռուսները ադրբեջանցիների, թուրքերի միջոցով խփում էին հայերին: Այսօր նույն պատկերն է կրկնվում: Կազմակերպում է Ռուսաստանը, խփում են թուրքերը կամ ադրբեջանցիները: Այնպես որ հետագայում էլ երևի այս իրավիճակը կարող է կրկնվել, պետք է զգոն լինել, սադրանքների չենթարկվել: Շատ մեծ ընդհարումներ կարող էին լինել Հայաստանում և Ադրբեջանում, եթե մենք զգոն չլինենք այս գիշեր:

Իշխանությունները չեն ուզում, որ նստաշրջանն ընդունի մեր ուզած որոշումները, ուրեմն մենք պիտի այնպես անենք, որ նստաշրջանը տեղի ունենա այսօր կամ ամենաուշը վաղը: Նստաշրջանը պետք է ընդունի մեր ուզած որոշումները: Ո՞ր որոշումն է նրանց ամենաշատը սարսափեցնում: Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի սուր, ավելի կենսական բան, քան անկախությունը, որովհետև միայն այդ պայմաններում ժողովուրդը կարող է դրսևորել այն հատկությունները, որոնք իրեն տրված են Աստծուց:

1920 թվականին մեզնից վերցրին անկախությունը, խոստացան ինքնուրույնություն: Այդ ինքնուրույնությունը ապահովվում էր սահմանադրական կետերով, որոնք մինչև հիմա չեն կատարվում: Մեկ տարի է, ինչ մենք փորձում ենք իրագործել այդ կետերը, այժմ ուզում են ընդունել սահմանադրության նոր կետեր, որոնցով էապես կսահմանափակեն մեր ազատությունը, ինքնուրույնությունը: Բռնի կարելի է մեր ինքնուրույնությունը խլել, բայց մենք երբեք կամավոր չենք քվեարկի մեր ինքնուրույնությունը ուրիշին  տալու համար: Այնպես որ մեր առաջնահերթ խնդիրն է գումարել Գերագույն խորհրդի նստաշրջան, ընդունել բոլոր այն կետերը, որոնք մենք պահանջում էինք: Եթե չհաջողվի հրավիրել նստաշրջանը ինչ-ինչ պատճառներով, եթե նրանք հետաձգեն, ձգձգեն, Գերագույն խորհրդի մեր դեպուտատները  չպետք է մասնակցեն նրանց նստաշրջանին: Մենք կամավոր չենք քվեարկի մեր ազատության սահմանափակման համար:

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում Խոջալուի դեպքերից հետո, 1988թ., սեպտեմբերի 23
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives