October 27, 2020

Պաշտոնեական շտատները

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Զանգ, 2 հոկտեմբերի, 1918թ., թիվ 58

Խորհրդարանն արդեն ձեռնարկել է կառավարության կազմած նախահաշիվների քննությունը: Կան ծախսեր, որոնց վերաբերմամբ հատկացվելիք գումարի պակասեցումը ոչ թե բարիք, այլ չարիք կարող է հանդիսանալ ժողովրդի շահերի և կյանքի բարգավաճման տեսակետով: Բայց կան և ծախսեր, որոնց գումարը նվազագույն քանակի հասցնելը ոչ միայն չարիք չէ, այլ բարիքների աղբյուր և հնարավորություն կարող է հանդիսանալ պետական իշխանության ձեռին: Այս վերջին տեսակի ծախքերի շարքին է պատկանում կառավարության և պառլամենտի պաշտոնական կազմի (շտատների) ռոճիկների համար հատկացված գումարը:

Անշուշտ, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է բավարար ռոճիկ ստանա իր և իր ընտանիքի ապրուստը հոգալ կարողանալու համար, և յուրաքանչյուր պաշտոնյայի ստանալիք ռոճիկի գումարը փոքրացնելը չէ, որ պետք է կատարել խնայողության համար: Անշուշտ պետք է խստիվ խուսափել առատ ռոճիկներ նշանակելուց. կարծեք այս տեսակետից ընդհանուր առմամբ մեծ կրճատումներ չեն պահանջվում կառավարության պատրաստած շտատներում: Լավ կլիներ, գոնե որոշ չափով կիրառել ռոճիկի գումարը ոչ թե միայն պաշտոնի աստիճանը և աշխատանքի որակը, այլ նաև պաշտոնյայի ընտանիքը քանի հոգուց բաղկացած լինելը հաշվի առնելու սիստեմը:

Սակայն կա մի կողմ, որի վրա պետք է հատուկ և լուրջ ուշադրություն դարձնել շտատները քննելիս.— այդ՝ պաշտոնյաների թիվը որչափ որ հնարավոր է կրճատելն է:

Առաջին օրինակը պետք է Խորհրդարանը ցույց տա: Խորհրդարանի դիվանի շտատը պետք է ոչ մի պաշտոնյա չունենա այնպիսի գործերի համար, որոնք պատգամավորները իրենք կարող են կատարել: Բարեբախտաբար, մեր Խորհրդարանի հանձնաժողովներում քարտուղարների և գործավարների աշխատանքը անդամ-պատգամավորներն են կատարում. այդ կարգը պետք է պահպանել, և ոչ մի անձն դրսից չվարձել հանձնաժողովային որևէ աշխատանքների համար: Արդեն իսկ մեծ գրագրություն և գործավարություն չունեն Խորհրդարանի հանձնաժողովները, և եղածը անդամները կարող են շատ ավելի լավ տանել, քան դրսից ռոճկով վարձվածը: Մինչև այժմ Խորհրդարանի դիվանը մի փոքրիկ շտատով է վարում իր գործերը, նույնպիսի թվով էլ պետք է շարունակել:

Գալով մինիստրություններին՝ այստեղ կարիք կլինի խիստ բովից անցկացնել գոյություն ունեցած շտատները, պետք է ի նկատի ունենալ, որ անցյալում ավելի և ավելորդ պաշտոնյաներ կառավարչական դիվանատներում միշտ էլ եղել են, և մեզանում ներկայումս, կարծես բնազդաբար, նախկին ռուսական չափերով են չափում-ձևում, նույնիսկ ինչպես հարկն է հաշվի չառնելով, որ կառավարության հաստատություններից շատերի տեսչության թե շրջանը, թե գործերը կրճատվել են Հայաստանի Հանրապետության անձուկ սահմանների պայմանների պատճառով:

Պաշտոնյաների թվի պակասեցումը ոչ միայն խնայողություն է պետական գանձարանի համար, այլ նաև բարեկարգման միջոց է կառավարական հաստատությունների ներքին կյանքի և գործունեության տեսակետից. պաշտոնյաների ավելի թվի ներկայությունը վատ է ազդում աշխատանքի ընթացքի և որակի վրա. ծույլ, դանդաղ և հորանջող մի մթնոլորտ է ստեղծվում, որից մեծապես տուժում է ամբողջ գործավարությունը: Դիվանատները լարված աշխատանքի, կենտրոնացած զբաղմունքի վայր պիտի լինեն, պարադոքս կարող է թվալ, բայց ճշմարտություն է, որ քիչ պաշտոնյաներով ավելի գործ կարելի է տեսնել, քան շատով. կարևորը աշխատանքի կանոնավոր կազմակերպումն է և աշխատողների բարեխղճությունն ու հմտությունը:

Աշխատանքի կարիքը շատ մեծ է մեր քարուքանդ եղած երկրում. աշխատող ձեռքեր և գլուխներ ավելի կարևոր են կյանքի այլևայլ ասպարեզներում. կառավարության շտատներում միայն նվազագույն թվով մարդիկ պետք է զբաղեցնել, և մանավանդ հեռու պետք է պահել մեր պաշտոնեությունը պաշտոնյային ռոճկով օգնության գալու ախտավոր երևույթից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives