March 31, 2020

Նախագահն ընտրված է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 11 յունուար, 1991թ., թիվ 8 (71)

Երևանի քաղաքային խորհրդի նստաշրջանում

Երևանի քաղաքային խորհրդի նստաշրջանի 3-րդ օրվա առավոտյան նիստն սկսվեց նախորդ օրը նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանի ինքնաբացարկ հայտարարելով։ Առաջարկություն եղավ նոր թեկնածու առաջադրել, սակայն խորհուրդը չընդունեց այն։ Այսպիսով, փակ (գաղտնի) քվեարկության դրվեց միայն Համբարձում Գալստյանի թեկնածությունը։

Մինչ հաշվիչ հանձնաժողովը կամփոփեր քվեարկության արդյունքները, խորհուրդը, ընդառաջելով մի խումբ պատգամավորների առաջարկությանը, քննարկեց թիվ 4 ընտրատարածքում ընտրված պատգամավոր Արծրունի Ավետիսյանի լիազորությունները ճանաչելու և նրա նկատմամբ կալանքի խափանման միջոցը փոխելու հարցը։ Խորհուրդը ճանաչեց պատգամավորի լիազորությունները և որոշում ընդունեց միջնորդել հանրապետության դատախազության առջև նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու և մինչև դատավարությունը նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն տալու մասին։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքն այս անգամ վերջնական էր։ Համբարձում Փայլակի Գալստյանը, կողմ ստանալով 105 ձայն, ընտրվեց Երևանի քաղաքային խորհրդի նախագահ։ Նստաշրջանն իր աշխատանքը կշարունակի հունվարի 14-ին։

Մեր թղթակիցը օրաթերթի անունից շնորհավորելով նորընտիր նախագահին, երկու հարցով դիմեց նրան։

— Պարոն Գալստյան, հետևում մնացին գրեթե երկու օր տևած ընտրական հուզումնալից պահերը։ Դուք ընտրվեցիք Երևանի քաղաքային խորհրդի նախագահ։ Ի՞նչ եք մտածում այժմ…

— Ամեն ինչ անելու էի, որ ընտրվեի նախագահ, բայց բոլոր սրբություններով երդվում եմ, որ երջանիկ կլինեի, եթե չընտրվեի, որովհետև գիտեմ ինչ է նշանակում դա, ինչ ծանր աշխատանք է ինձ սպասում, ինչ մեծ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա։ Չգիտեմ՝ ուժերս դրա համար կբավարարե՞ն, թե՝ ոչ։ Ես ստիպված էի վերցնել այդպիսի պատասխանատվություն։ 1988թ. հետո Հայաստանում կատարված իրադարձությունները ինձ պարտադրեցին, որ աշխատեմ այստեղ։ Հակառակ դեպքում ոչ մի պայմանով չէի համաձայնի առաջադրվել։

— Ի՞նչ խնդիրներ եք համարում մայրաքաղաքի համար առաջնային, ինչո՞վ կսկսեք Ձեր նախագահական աշխատանքի առաջին օրը։

— Առաջնահերթ լուծման հարցերը շատ են, բայց կսկսեմ նոր տեղակալներ նշանակելուց…

Պ. Սարուխանյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives