September 29, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Մեր ազգին մեծ ապագա է սպասում

Մեր ազգին մեծ ապագա է սպասում

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Թե ինչ վիճակում է հանրապետությունը, բոլորդ երևի մոտավորապես պատկերացնում եք: Նույն արագությամբ շարունակվում է սոցիալիստական տնտեսության քայքայումը, և մենք հույս ունենք, որ պետք է ծնվի նոր տնտեսություն, որի  նախադրյալներն արդեն կան: Մենք պատրաստել ենք օրենքներ սեփականության, բաժնետիրական ձեռնարկությունների, հողի  մասնավորեցման մասին: Դրանք կներկայացվեն Գերագույն խորհուրդ. հոկտեմբերի 29-ին կքննարկվի սեփականության մասին օրենքը: Մեր ներկայացրած մյուս օրենքները Գերագույն խորհրդում կքննարկվեն հաջորդաբար: Նախատեսել ենք դեկտեմբերի 1-ից սկսել մասնավորեցումը: Այսինքն՝ շուտով կսկսվի որոշ պետական ձեռնարկությունների վաճառքը ժողովրդին:

Մեզ շատ է անհանգստացնում քաղաքական իրավիճակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մի խումբ մարդիկ՝ կառավարության, Գերագույն խորհրդի ինչ-որ մի մաս, զբաղված են գործով, իսկ մի զգալի մասը հանդիսատեսի դերում է, մի կողմ քաշված՝ սպասում է, թե ինչ արդյունքներ կստացվեն: Եթե մեր ծրագրերի մեջ չկարողանանք ներգրավել ամբողջ ժողովրդին, չկարողանանք բացատրել, թե ինչ ենք անում, ինչ վիճակում է հանրապետությունը, եթե չհաջողվի ամբողջ ժողովրդով համախմբվել այդ ծրագրերի իրականացման համար, ապա ոչ մի բան չի ստացվի: Իմ մեջ որոշ քաղաքական դատարկության տպավորություն է առաջացել: Դրա մեղքը և՛ Նախարարների խորհրդինն է, և՛ Գերագույն խորհրդինը: Հավանաբար պատճառն այն է, որ չենք կարողանում հաճախակի հանդիպումներ ունենալ, ներկայացնել մեր ծրագրերը, պատմել, թե ինչ վիճակում է հանրապետությունը: Այս քաղաքական դատարկությունը պետք է լցնել: Տեղական խորհուրդների ընտրություններից շատ բան է կախված, որովհետև մեր ծրագրերի իրականացման խնդրում տեղական իշխանությունները մեծ դեր են կատարում: Այժմ տեղական իշխանությունները շրջաններում քնած վիճակում են: Եվ շատ ծրագրեր, նախագծեր, հրահանգներ, որ վերևից տրվում են, տեղ չեն հասնում կամ թերի են կատարվում:

Նշեմ նաև հետևյալը. ամբողջ Խորհրդային  Միությունում քաոս է տիրում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով: Ամենուրեք միտինգներ են, ստեղծվում են զինված ջոկատներ, տնտեսությունը քայքայվում է: Կարծում եմ՝ Հայաստանն այդ սահմանագիծն անցել է, և եթե Խորհրդային  Միությունում օրեցօր քաոսը խորանում է, մեզ մոտ վիճակը ավելի ու ավելի է կայունանում: Խորհրդային Միությունը դուրս կգա այդ վիճակից, թե ոչ, կամ որքան ժամանակ է դրա համար անհրաժեշտ՝ դժվարանում եմ ասել, որովհետև նա մեծ ծավալ է, մեծ մարմին: Նա ավելի դժվարությամբ դուրս կգա այդ քաոսից: Առանց կայունացման՝ հնարավոր չէ տնտեսական բարգավաճումը: Քայլերը, որոնք ուղղված են քաղաքական կայունացմանը, մեզ կբերեն նաև տնտեսական բարգավաճում: Բազմաթիվ արտասահմանյան ֆիրմաներից ներկայացուցիչներ են գալիս. նրանք էլ են, ի դեպ, ընդունում, որ իրենք կկարողանան Խորհրդային Միության շուկա մտնել Հայաստանի միջոցով: Մեզ շատ առաջարկություններ են անում: Մենք պետք է կարողանանք Հայաստանում ստեղծված այդ կայունացման վիճակը պահել: Պետք է միշտ հիշել, որ այսօր պետական կառուցվածքներից դուրս ոչ մի զինված մարդ չի կարող օգուտ բերել իր ազգին:

Անհրաժեշտ է սովորել պետականորեն մտածել: Սխալ ենք՝ հարցեր բարձրացրեք, ասեք՝ այս բանն այսպես պետք է անել: Սակայն հիշեք՝ կառավարությունը պետք է ղեկավարի: Թե չէ մի վեհ, հայրենասեր երիտասարդ՝ շատ հաճախ համապատասխան կրթություն չունեցող, ինքնուրույն որոշում է ընդունում, որի պատճառով ամբողջ հանրապետությունն է տուժում:

Ինչ վերաբերում է տնտեսական ծրագրերին, ապա այստեղ էլ կա հակասություն: Ինչպես գիտեք, Խորհրդային Միությունը անցնում է շուկայական տնտեսության: Բայց մենք էապես տարբեր ենք ընկալում այդ հարաբերությունները: Ես, Նախարարների խորհրդի մեր ընկերները այլ կերպ ենք հասկանում շուկայական տնտեսությունը, կենտրոնը՝ այլ: Եվ այս խնդրում մեծ հակասություն կարող է առաջանալ: Շուկայական տնտեսության անցնելու մի ճանապարհ կա, որը ընտրեցին և՛ Լեհաստանը, և՛ Հարավսլավիան, և՛ Հունգարիան, և որը հիմա ընտրում է Խորհրդային Միությունը: Այդ ճանապարհը հետևյալն է. կան պետական ձեռնարկություններ, որոնց ազատության չափը մեծանում է, թույլ է տրվում, որ նրանք միմյանց հետ մտնեն պայմանագրային հարաբերությունների մեջ, ստեղծեն պետական ձեռնարկությունների շուկա: Այսինքն՝ պետական ձեռնարկությունները հանդես են գալիս որպես մասնավոր ձեռնարկություններ, սովորում են տնտեսական խաղին, հետո աստիճանաբար սկսվում է պետական ձեռնարկության մասնավորեցումը: Մենք կգնանք հակառակ ճանապարհով, ուզում ենք սկզբում պետական ձեռնարկությունները դարձնել  մասնավոր սեփականություն, հետո նոր անցնել շուկայական մեխանիզմի: Սա հակասում է վերը նշված փորձին, բայց մենք գտնում ենք, որ դա է ճիշտ ճանապարհը:

Մենք առայժմ գտնվում ենք Խորհրդային Միությունում, և այն արժեզրկումը, որը կառաջանա երկրում, մեր որդեգրած տարբերակի դեպքում Հայաստանում փոքր չափեր կընդունի, նույնիսկ շահեկան կլինի: Այնպես որ ճանապարհները տարբեր են: Մինչդեռ ի՞նչ է ստացվում, Գորբաչովը անընդհատ պետք է հրահանգներ ուղարկի Մոսկվայից ու մեր պետական ձեռնարկությունների ազատությունը մեծացնի: Ինչքան այդ ազատությունը մեծանա, այնքան դժվար կլինի մասնավորեցումը: Հետևապես դա ինչ-որ կերպ պետք է կանխել: Դա լուրջ հարց է: Ասում են՝ թող պետական ձեռնարկությունը գործի մասնավորի նման, մասնակցի տնտեսական հարաբերություններին: Մի փոքրիկ օրինակ բերեմ. մեր մի  գործարան Կանադայում կոշիկ է վաճառում. մեկ զույգ կանացի կոշիկը միջնորդին տրվում է 6 դոլարով: Միջնորդը Կանադայի համապատասխան ֆիրմային է վաճառում 25 դոլարով, սա էլ իր խանութում ՝ 100 դոլարով: Ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, բայց իմ մեջ կասկած է առաջացել, որ միջնորդին վաճառվում է ոչ թե 6, այլ 8 կամ 10 դոլարով, իսկ տարբերությունը ինչ-որ մեկի գրպանն է գնում: Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում, երբ պետական ձեռնարկությունը աշխատում է որպես մասնավոր: Այսինքն՝ պետական միջոցները, ունեցվածքը, առանց որևէ ռիսկի, օգտագործում են անձնական շահի համար: Մեր տնտեսությունն այդպես չի կարող զարգանալ, մյուս երկրների նման մենք էլ կըկնենք ճահճի մեջ ու չենք կարողանա դուրս գալ: Հետևաբար, առանց սպասելու, թե Խորհրդային Միությունը մասնավորեցման ինչ ուղի է բռնելու, մենք կտրուկ քայլերի կանցնենք:

Հակասություն կա նաև մեր ձգտման և այն իրավիճակի միջև, որում գտնվում ենք: Մենք ուզում ենք անկախ պետություն ստեղծել, սակայն Նախարարների խորհուրդն անընդհատ զբաղված է Մոսկվայից եկող տարբեր հեռախոսազանգերին, հեռագրերին պատասխանելով: Մոսկվան մեզ անընդհատ դնում է այնպիսի վիճակի մեջ, որ մենք ինչ-որ իմաստով խնդրատուի դերում հանդես գանք: Եվ եթե մենք մեր սեփական տնտեսությամբ չզբաղվենք, մասնավորեցում չանենք, իսկապես կախման մեջ կմնանք: Խորհրդային Միությունը հսկայական վալյուտա է ծախսում և դրանով գնված շատ ապրանքներ է մեզ տալիս: Մենք ստանում ենք 240 միլիոնի թեթև արդյունաբերության, 220 միլիոնի սննդի արդյունաբերության հումք, 300 միլիոնի լայն սպառման ապրանքներ և այլն: Ցորեն մեզ պետք է տարեկան մեկ միլիոն տոննայի չափով: Այնպես որ մեր տնտեսական քաղաքականությունը շատ հակասական է: Մոսկվայում ժամանակ առ ժամանակ հրավիրում են հանրապետությունների նախարարների խորհուրդների նախագահներին: Ռիժկովը կամ Գորբաչովը անցկացնում են համապատասխան միջոցառում: Եվ բավական ծիծաղելի է, երբ հանրապետություններից մեկի ներկայացուցիչը վեր է կենում ու ասում, թե իրենք Խորհրդային Միության մեջ են գտնվում, և Միությունը պարտավոր է իրենց տալ այսինչն ու այնինչը: Ոգևորված ելույթ է ունենում, և բոլորը ծափահարում են, ամեն ինչ լավ է: Կես ժամ հետո այս նույն մարդը վեր է կենում, թե չէ՞ որ իրենք սուվերեն, անկախ  հանրապետություն են, Միությունն ի՞նչ իրավունք ունի իրենցից վերցնել այսինչն ու այնինչը: Եվ դա այդ խորհրդակցությունների համար բնականոն իրավիճակ է: Բոլորն այդ խաղին սովորել են: Բոլորը, և մենք նույնպես վարում ենք այդ անորոշ քաղաքականությունը: Վիճակն է ինքնին մեզ թելադրում, թե ինչով պետք է առաջնորդվել նման հարցերում:

Ասեմ, որ հիմնական խնդիրը մեր քաղաքական միասնությունն է: Եթե չունենանք քաղաքական միասնություն, ամբողջ ժողովրդով չունենանք միասնական ծրագիր, ստույգ չիմանանք, թե ինչ ենք ուզում,  չենք կարողանա դիմանալ զրկանքներին: Այն ճանապարհը, որով պետք է գնանք, մեզ բարգավաճման, ազգի հզորացման է տանելու: Բայց այդ ճանապարհին զրկանքներ ենք կրելու: Մարդը պետք է հավատ ունենա, վստահություն ունենա, որ դժվարություններին դիմանա: Հետևաբար անհրաժեշտ քաղաքական աշխատանք պետք է տանեն և՛ Նախարարների խորհուրդը, և՛ Գերագույն խորհուրդը, և՛ գոյություն ունեցող բազմաթիվ կազմակերպությունները: Մենք պետք է մեր ժողվորդի համար ապահովենք այս միասնությունը: Դա մեր բոլորի գործն է, և այս խնդրում շատ մեծ դեր ունեն կատարելու մամուլը, հեռուստատեսությունը: Միայն միասնությամբ կկարողանանք մեր խնդիրները լուծել: Միայն միասնությամբ կկարողանանք Ղարաբաղի հարցը վճռել:

Եվ ես միասնության կոչ եմ անում: Մենք հիմա Խորհրդային Միության մեջ կայունացման կղզի ենք դառնում, և ես համոզված եմ, որ կդառնանք նաև բարգավաճման կղզի: Մեծ ապագա է սպասում մեր ազգին: Պետք է ներքին վստահություն, հույս, հավատ ունենանք, համախմբվենք, որպեսզի կարողանանք մեր բոլոր խնդիրները լուծել:

 

Հատվածներ վարչապետ Վ.Մանուկյանի 1990թ. հոկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսից
«Հայաստանի Հանրապետություն», 1990, հոկտեմբերի 30
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives