December 5, 2024

Մամլո ասուլիս Գերագույն խորհրդում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Գերագույն խորհրդի՝ սակավ լուսաբանվող աշխատանքը և հայ-ադրբեջանական բանակցություններն էին մամուլի ասուլիսի թեման, որը հոկտեմբերի 1-ին կազմակերպել էր ՀՀ ԳՀ մամուլի կենտրենի ղեկավար Աշոտ Անտինյանը:

Մինչ այդ հարցերին անցնելը պր. Անտինյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց օրեր առաջ «Ազգ» թերթում տպագրված մի նյութի վրա, ուր նրա կարծիքով, միտումնավոր խեղաթյուրվել էին փաստերը: Թերթը տպագրել էր «Սնարք» գործակալության թղթակցի նյութը՝ Գերագույն խորհրդի փակ նիստերից մեկի մասին: Մամուլի կենտրոնի ղեկավարը նշեց, որ ընդամենը 5 նախադասություն ունեցող թղթակցության մեջ առնվազն 5 կոպիտ սխալ է թույլ տրվել: Նա նշեց, որ այս թղթակցության մեջ միտում կա հացի քանակի պակասության պատճառով բնակչության մեջ առաջացած դժգոհությունը Գերագույն խորհրդի և պատգամավորների դեմ ուղղելու:

«Սնարքի» թղթակիցը լրագրողներին հայտնեց, որ տպագրված նյութի մի մասը իր գրչին չէ պատկանում, և թե ինչու է Ազգը իր թղթակցությանն  մեջ այլ տվյալներ հաղորդել՝ վկայակոչելով թղթակցին, իրեն անհայտ է:

Այնուհետև Ա. Անտինյանը համառոտակի ներկայացրեց Գերագույն խորհրդի նախագահության, առանձին հանձնաժողովների վերջին օրերի աշխատանքը, որը տարբեր պատճառներով վրիպել է լրագրողների ուշադրությունից: Մասնավորապես կանգ առավ բյուջետային քննարկումների վրա, քանի որ հանրապետության տնտեսության և սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված բոլոր հիմնահարցերը հիմնականում հանգում են բյուջեի կարգավորման մեխանիզմներին: Նշվեց, որ հաճախ խոսվում է այն մասին, թե գործադիր և օրենսդիր մարմինների մեջ բացակայում է փոխադարձ վերահսկման մեխանիզմները, թե օրենսդիր իշխանությունները իրենց լիազորությունները զիջելով գործադիր մարմիններին փաստորեն կորցրել են վերահսկելու իրական հնարավորությունները:

Մամուլի կենտրոնի ղեկավարի կարծիքով ԳՀ նախագահությունում և հանձնաժողովներում տեղի ունեցող բյուջետային քննարկումները ապացուցում են ճիշտ հակառակը՝ միայն բյուջետային մեխանիզմի շնորհիվ կարելի է ապահովել լավագույն վերահսկողություն գործադիր իշխանությունների գործունեության նկատմամբ: Գերագույն խորհրդի նախագահությունը բավականին շահագրգիռ ձևով է քննարկում հարցը, առանց որևէ զիջողականության:  Չկա նաև մանր թերացումներին կառչելու միտումը: Առկա է նաև կառավարության շահագրգիռ մոտեցումը, որը ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հարցերի  հանձնաժողովի  հետ համատեղ մշակել է այնպիսի բյուջետային համակարգ, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել եղած սուղ ռեսուրսները: Բյուջետային քննարկումները կշարունակվեն  համաձայն Գերագույն խորհրդի ընդունած որոշման, հետևաբար՝ կիրականացվի նաև վերահսկողություն:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, Աշոտ Անտինյանը սեպտեմբերի սկսած այդ գործընթացը պայմանականորեն անվանեց լոկալ բանակցություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահների տեղակալներ մակարդակով: Նա այդ բանակցությունների հիմնական իմաստը համարեց այն, որ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու կայունությունը հակամարտության  գոնե մեկ ռեգիոնում և անդրադառնալ զուտ տնտեսական խնդիրներին, առաջին հերթին՝ երկաթուղու գործունեությանը:

Այնուհետև  ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավարը հիմնավորեց, թե ինչու առանձին դեպքում, հանրապետության ղեկավարները մեկնում են այս կամ այն բանակցությունների, լրագրողները չեն ընդգրկում:

Վերջում Ա. Անտինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

(«ՀՀ»- Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives