March 6, 2021
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար

Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Չերչիլն, իր «Համաշխարհային ճգնաժամ» հինգհատորյակում, ամփոփելով առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, գրել է. «Հայերը, այդ հին ու մեծ պատմություն ունեցող ազգը, ընդմիշտ դուրս եկան համաշխարհային պատմության ասպարեզից»: Նա սխալվեց, մենք վերադարձանք: Վերադարձանք մեր Ղարաբաղի հարցով, մեր եռագույնով:

Չպետք է սխալվել: Մեր քաղաքական ասպարեզ գալը պայմանավորված չէր նամակներով, որոնք գրում էինք տասնյակ տարիներ, կամ ահաբեկչական գործողություններով թուրք դեսպանների դեմ: Քաղաքական ասպարեզ դուրս եկանք համաժողովրդական շարժումով, Ղարաբաղյան շարժումով: Այդ հարցի լուծման առաջին ձեռնարկումները մեծ արդյունքներ չտվեցին: Փետրվարին մեզ թվում էր, որ եթե ամուր կանգնենք, բոլոր հարցերը կլուծվեն: Պայքարը երկարեց և դեռ երկարելու է: Մենք կհաղթենք միայն այն դեպքում, երբ դառնանք ազգ-կազմակերպություն: Ամբողջ ազգը դառնա մի կազմակերպություն՝ հիմնված ճիշտ ազգային քաղաքականության վրա:

Ղարաբաղյան հարցը միայն Ղարաբաղի հարցը չէ, դա այն փորձաքարն է, որը ցույց կտա, թե մենք ինչպես կմտնենք 21-րդ դար: Նորից կոտորվելո՞վ, թե մեր հզոր կամքը թելադրելով, մեր նպատակներին հասնելով: Հայոց համազգային շարժումը, որ առաջարկվեց ստեղծել, պետք է համախմբի ամբողջ հայությանն իր հարցերը լուծելու համար: Այս յոթ-ութ ամսվա ճանապարհին մի շարք հաղթանակներ տարանք, բայց և, ցավոք, զոհեր տվեցինք: Ես գտնում եմ՝ մեծ հաղթանակ էր այն, որ մեր ժողովուրդը սկսեց օգտագործել անկախություն բառը: Անկախություն բառն օգտագործել դեռևս չի նշանակում այն ունենալ: Անկախություն բառն օգտագործել նշանակում է հասկանալ, որ ամեն ազգ իր նպատակներին կարող է հասնել միայն անկախ լինելով: Եվ պետք է խորը գիտակցել, որ դա է յուրաքանչյուր ազգի առաջնահերթ խնդիրը:

Երբ խոսվում է անկախության մասին, անընդհատ կրկնվում է նույն նախադասությունը. «Բայց չէ՞ որ թուրքերը մեզ կոչնչացնեն»: Մի կողմ թողնենք այն հարցը՝ այդ նախադասությունը քաղաքական իրավիճակն արդյոք ճի՞շտ է արտահայտում, թե՞ ոչ: Դեռ կվերադառնանք այդ հարցին: Քննենք վերոնշյալ նախադասության քաղաքական իմաստը: Ով որ ասում է, թե թուրքերը մեզ կոչնչացնեն, եթե մենակ լինենք, նա ասում է, որ Ղարաբաղը մեզ պետք չէ: Բացատրեմ թե ինչու: Եթե մենք ինքնուրույն չենք կարող գոյատևել, եթե թուրքերը մեզ կոչնչացնեն, ուրեմն միակ ելքը Ռուսաստանի կազմում լինելն է: Դրանից ի՞նչ է բխում. այն, որ Ռուսաստանը մեզ զիջումներ չի անի, մենք կլինենք նրա ստրուկը, նա կվարվի մեզ հետ՝ ինչպես ուզենա: Միայն արհամարհանքով կարելի է վերաբերվել այդպիսի ազգին: Իսկ հիմա տեսնենք՝ գուցե իսկապե՞ս թուրքերը մեզ կոչնչացնեն: Ինչի՞ վրա է հիմնված այդ կարծիքը: Նախ՝ 1915 թվականի սարսափը, որի պատճառը միայն ողբերգությունը կոտորածը չէր. դա բարդ քաղաքական խաղ էր, որը մենք տանուլ տվեցինք: Երկրորդ՝ ասում են, որ եթե նորից ինքնուրույն հանրապետություններ լինեն, Թուրքիան կմիանա Ադրբեջանի և Միության թրքախոս հանրապետությունների հետ (միջինասիական հանրապետություններ, Յակուտիա և այլն), կստեղծվի մի ընդհանուր հզոր պետություն: Հայաստանը կանգնած է նրանց ճանապարհին, և նրանք ստիպված կլինեն ոչնչացնել Հայաստանը: Այդպիսի ծրագրեր եղել են: Եղել են XIX դարի վերջին, XX դարի սկզբին, երբ կրոնի դերը շատ ավելի մեծ էր համաշխարհային քաղաքականության մեջ, քան հիմա: Բայց ոչինչ չստացվեց: 20-րդ դարում այդ կրոնական, էթնիկական շարժումները համարյա վերացել են: Թուրքիայում կազմակերպություններ իհարկե մնացել են, կան, որ հարցերին նայում են այդ տեսակետից, բայց նրանք հզոր քաղաքական ուժ չունեն: Թուրքիայի առաջին նպատակը եվրոպական պետություն դառնալն է, նրա տնտեսական, ռազմական շահերը պարտադրում են, որ նա ձգտի դառնալ եվրոպական պետություն: Երբեմնի պանթուրքիստական ծրագիրը պահպանվում է որպես մշակութային շարժում: Ինչպես ասեմ. ինչ-որ մի ծիլ մնացել է, բայց դա արդեն ուժ չունի: Ամենաբարձր գագաթնակետում նա չկարողացավ այդ հարցը լուծել, ուր մնաց հիմա:

Ինչպե՞ս պետք է կազմակերպվենք, որպեսզի լուծենք մեր հարցերը: Իմ ներքին համոզմունքն այն է, որ մենք կլուծենք այդ հարցը և 21-րդ դար կմտնենք որպես հասունացած ու հզորացած ժողովուրդ:

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում, 1988թ., սեպտեմբերի 28
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives