October 16, 2024

Ղարաբաղի հարցը կլուծվի մարտի դաշտում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)

Բաքվի անդրադարձները Ելցին-Բուշի հայտարարությանը

Հունվարի 4-ին Բաքվում կայացած մամլո ասալիսում սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետքարտուղար Փ. Հուսեյնովը։ «Ղարաբաղի հարցը լուծվելու է ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ, ամենայն հավանականությամբ, մարտի դաշտում»,– ասել է նա։ Հայտնի է, որ Ադրբեջանի պետական կառույցում չկա փոխնախագահի պաշտոն։ Այսպիսով, պետքարտուղարը երկրորդ մարդն է Ա. Էլչիբեյից հետո եւ անմիջականորեն ազդում է Բաքվի արտաքին եւ ներքին քաղաքականության ձեւավորման վրա։

Ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի, Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հապաղումը Ադրբեջանի դեմ Հայաստանի գործողություններին նույն գնահատականը տալու, ինչ ժամանակին տրվել է Քուվեյթի դեմ Իրաքի գործողություններին, ստիպում է Բաքվին օգնություն փնտրել Արեւելքում։ Հուսեյնովն իր մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը հույսը դրել է նախ եւ առաջ Թուրքիայի եւ Իրանի վրա։ «Իրանի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են, որ միայն ու միայն Ադրբեջանի դեմ ագրեսիան դադարեցնելու դեպքում Իրանը կզարգացնի հարաբերությունները Հայաստանի հետ»,– ասել է նա։ Ըստ պետքարտուղարի, Իրանը վերանայում է չեզոք մնալու իր նախկին դիրքորոշումը եւ հակված է համաձայնել Ադրբեջանի ղեկավարության բերած փաստարկներին։ Հուսեյնովը հույս է հայտնել, որ «Հայաստանին, որը ձգտում է հարցը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, հնարավոր կլինի ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Թուրքիան եւ Իրանը օժանդակեն Ադրբեջանին»։

Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Ղասիմովը, մեկնաբանելով հայտարարությունը, «Թուրան» գործակալության թղթակցին ասել է, որ «այն ոչնչով չի տարբերվում նախորդ հայտարարություններից»։ «Հայտարարագրում դարձյալ հնչում են ընդհանուր բառեր ու կոչեր, չեն նշվում հակամարտության կարգավորման ուղիներն ու իրականացման մեխանիզմը»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նա նաեւ ավելացրել է, որ «եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարները հակամարտության կարգավորման համատեղ ծրագիր ու կառուցողական առաջարկություններ չմշակեն, Ադրբեջանը այլեւս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների չի նստի»: «Խաղաղ կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը, ԱՍՆ-ն ու Թուրքիան հանդես գան որպես խաղաղության համաձայնագիրը վերահսկողներ ու պարտավորվեն ամենախիստ միջոցներ կիրառել այն խախտողների դեմ»,– ընդգծել է Թ. Ղասիմովը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives