November 2, 2024

Հանդիպում հայ-նախիջևանյան սահմանում

  • by Archives.am
  • 3 Years ago
  • Comments Off

Ազգ, 24 մայիսի, 1994թ․, թիվ 96

Ինչպես հայտնի է, մայիսի 17-ին և 18-ին իրադրությունը հայ-նախիջևանյան սահմանում կտրուկ սրվել էր՝ ադրբեջանական ուժերը ժամեր շարունակ հրետակոծում էին Արարատի շրջանի Երասխավանի հայկական սահմանապահ դիրքերը։ Իրադրությունը հանգիստ չէր նաև Սիսիանի շրջանի սահմանապահ գոտում։ Եվ ահա մայիսի 20-ին Երասխավանի սահմանագծում տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարարության և Նախիջևանի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավար, գլխավոր սահմանապահ կոմիսար Գեղամ Հարությունյանը, ելնելով հայ-նախիջևանյան սահմանում թշնամական գործողություններ թույլ չտալու մասին այս տարվա հունվարի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունից, բացատրություններ պահանջեց Երասխի սահմանագոտում հայկական դիրքերի գնդակոծման և Սիսիանի սահմանների ուղղությամբ պարբերաբար ձեռնարկվող ոտնձգությունների կապակցությամբ։

Ըստ Նոյյան Տապան գործակալության, Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, ակնհայտ փաստերը ժխտելու և պատասխանատվությունից խուսափելու դիրք բռնած Նախիջևանի պատվիրակությունն ապացույցների ճնշման տակ ի վերջո, ստիպված եղավ ընդունել ճշմարտությունը։ «Պարզ է դարձել,- ասվում է լրատվական ծառայության հաղորդագրության մեջ, որ Նախիջևանի բանակային կազմավորումների մեջ տիրապետող է դարձել այն մտայնությունը, որ ղարաբաղյան ռազմաճակատներ մեկնելուց խուսափելու միակ ուղին հայ-նախիջևանյան սահմանում լարվածության ստեղծումն է»։

Ի վերջո, նախիջևանյան պատվիրակության ղեկավարները խոստացան ուժեղացնել հսկողությունը սահմաններում տեղաբաշխված իրենց զինվորական ստորաբաժանումների նկատմամբ։ Քաղաքական դիտորդների կարծիքով, հայ-նախիջևանյան սահմանում լարվածության աճը կապված էր մոսկովյան ծրագրի հանդեպ Ադրբեջանի անհամաձայնության հետ և նպատակ ուներ հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների՝ դրանով իսկ ներքաշելով պատերազմի մեջ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives