September 19, 2021

Հայերը հաջող հարված հասցրին հյուսիս-արևելքում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

Ազգ, 3 մայիսի, 1994թ., թիվ 81

Ադրբեջանցիները խախտեցին հրադադարի համաձայնությունը

Խախտելով հրադադարի վերաբերյալ նախնական համաձայնությունը՝ ադրբեջանական բանակն արդեն երրորդ օրն է, ինչ հարձակումներ է ձեռնարկում ղարաբաղյան ռազմաճակատի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, Ստեփանակերտից երեկ հաղորդեց Վահրամ Աղաջանյանը: ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից հաղորդում են, թե ապրիլի 30-ին սկսված հակառակորդի գրոհը վերսկսվել է հաջորդ առավոտյան ժամը 9-ին, երբ ադրբեջանական բանակի 500 հետևակայիններ 8 տանկի աջակցությամբ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Կարմիրավան և Թալիշ բնակավայրերի ուղղությամբ: Հարձակումն ուղեկցվել է հայկական դիրքերի ուժգին հրետակոծությամբ: Ղարաբաղյան բանակը հաջողությամբ կասեցրել է թշնամու գրոհները, պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Կարմիրավան գյուղի մոտ, թեժ մարտերի ընթացքում սպանվել է ադրբեջանցի 70 զինվոր: Ղարաբաղյան կողմից զոհվել են երկու, վիրավորվել 11 զինվոր: Գրեթե միաժամանակ մարտական գործողությունները վերսկսվել են նաև Աղդամի շրջանի արևելքում, որտեղ մի քանի օր առաջ ղարաբաղյան ուժերը գրավել են 2 կարևոր կրակակետ: Նախնական տվյալներով ղարաբաղյան ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու գրոհը, ապա անցնել հակահարձակման և ոչնչացնել հակառակորդի երկու կրակակետ: Մանրամասնությունները ճշտվում են: Ֆիզուլու և Մարտունու շրջաններում երեկ և այսօր արձանագրվել են միայն դիրքային փոխհրետակոծություններ:

Մայիսի 2-ին ադրբեջանական հեռուստատեսության «Խաբարլար» ծրագիրը հաղորդել է, թե Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը աշխատանքից ազատել է ներքգործնախարար Նովրուզովին: Պատճառն այն է, որ վերջինս օդանավակայաններում հանրապետությունից փախչող զինապարտներից վերցնում էր 1000-ական դոլար: Նոր ներքգործնախարար է նշանակվել Ռամիզ Յուսուպովը, որը Խոջալուի բնակիչ է եղել և նախկինում զբաղեցրել ԼՂԻՄ ներքին գործերի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ըստ նույն աղբյուրների, ներկայումս Թարթառ շրջկենտրոնում է գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը: Բանն այն է, որ Թարթառը վերջինիս հայրենիքն է: Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանամերձ շրջաններին, ապա այստեղ մայիսի 1-ի երեկոյան չորս ժամ շարունակ զենքի տարբեր տեսակներից հրետակոծվել են Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հայկական պաշտպանական դիրքերը: Նույն երեկոյան գնդակոծվել են նաև հայկական դիրքերը Կրասնոսելսկի շրջանի Արտանիշ գյուղի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության տվյալներով կան տուժածներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives