March 28, 2024

Հայաստանի խորհրդարան

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Զանգ, 19 հոկտեմբերի, 1918թ., թիվ 63

(Ամսական համառոտ տեսություն)

II

Հարցումներ ու հարցապնդումներ.— Օրինագծերից հետո, կարելի է ասել, Խորհրդարանի զբաղմունքների շարքում ամենամեծ տեղը բռնում են հարցումներն ու հարցապնդումները, և բավական ժամանակ խլում նրանից:

Եվ որովհետև նրանք, մտնելով սովորական նիստերի օրակարգերի մեջ, կրկնակի վնաս էին տալիս գործին — առաջին՝ ծանրացնում էին նիստերի աշխատանքները և երկրորդ՝ սովորաբար նիստերի վերջին ընկնելով, հարկավոր մանրակրկիտությամբ չէին քննության ենթարկվում — ուստի Խորհրդարանը որոշում է հատուկ նիստեր ունենալ, միմիայն հարցումներն ու հարցապնդումները քննության առնելու համար:

Ավելորդ ենք համարում այստեղ միառմի թվել այն բոլոր հարցումներն ու հարցապնդումները, որոնք հաշվետվական այս մի ամսվա ընթացքում, այս կամ այն ֆրակցիայի և կամ այս ու այն անհատ պատգամավորի կողմից ուղղված են եղել կառավարությանը: Նրանք — մանավանդ հարցումները — բավական շատ են և վերաբերում են գլխավորապես կառավարության և երկրի վարչական մեքենայի մեջ նկատված թերություններին:

Չպետք է մոռանալ և այն, որ երբեմն արվում են և այնպիսի հարցումներ — այսպես կոչված փոքր խնդիրներ շոշափող — որ ամենևին արժանի չպետք է համարվեին պառլամենտի ամբիոնից լսելու, եթե մի քիչ ավելի բնական լինեին Խորհրդարանի և կառավարության հարաբերությունները:

Հարցումները և մասնավորապես հարցապնդումները բոլոր պառլամենտական երկրներում կառավարության համար ամենավտանգավոր փորձաքարերն են, որովհետև նրանց հետևանքը կարող է լինել պառլամենտի կողմից մի անվստահություն կառավարությանը, իսկ հետևանքը՝ կառավարության տապալումը:

Պետք է սակայն, ասել, որ թեև Հայաստանի Խորհրդարանում այս երկու ամսվա ընթացքում եղել են բավականաչափ հարցեր ու հարցապնդումներ ուղղված կառավարությանը, բայց նրանք բոլորն էլ վերջացել են առանց խոշոր միջադեպերի: Կառավարությունը կամ կառավարության այս կամ այն անդամը, որին ուղղված է եղել հարցումը կամ հարցապնդումը, տվել են իրենց պատասխան-բացատրությունները և սրանով էլ միշտ սպառվել է խնդիրը:

Ընթացիկ գործեր.— Այս խորագրի տակ Հայաստանի Խորհրդարանում հասկացվում են այն հայտարարությունները, որ նախագահությունը յուրաքանչյուր նիստի սովորաբար վերջում անում է Խորհրդարանին, թե ինչ նոր գործեր կամ օրինագծեր են ստացված:

Եթե օրինագծերը մտցված են կառավարության կողմից, ապա նրանք, նախքան Խորհրդարանի քննության բերվելը, տրվում են համապատասխան հանձնաժողովներին — նայած օրինագծի բնավորությանը, օրինակ, եթե օրինագիծը օրենսդրական բնույթ ունի, հանձնվում է օրենսդրական հանձնաժողովին, ֆինանսական բնույթ ունի՝ ֆինանսականին և այլն: Հանձնաժողովում քննվելուց հետո միայն օրինագիծը բերվում է Խորհրդարանի քննության — հանձնաժողովի եզրակացության հետ միասին:

Իսկ եթե օրինագիծը մտցվում է հանձնաժողովների կողմից և կամ Խորհրդարան մտցված գործը այլ բնավորություն է կրում, այդ դեպքում նախագահության կողմից հայտարարվելուց հետո, նրանք անմիջապես մտնում են հաջորդ նիստի օրակարգի մեջ:

Վերջացնելով մեր այս շատ համառոտ տեսությունը, կուզեինք մի քանի դիտողություններ անել:

Ամենից առաջ՝ սխալ է այն կարծիքը, որը հաճախ լսվում է այստեղ կամ այնտեղ, որ, իբր, Հայաստանի Խորհրդարանը քիչ է աշխատում — այդ բառի ֆիզիկական իմաստով: Մենք ձեռքներս դնելով մեր խղճի վրա, խոստովանում ենք, որ նա աշխատում է մինչև հնարավորության վերջին սահմանը:

Ճիշտ է, նա շաբաթական միայն երկու հերթական նիստ ունի և այս հանգամանքը թերևս կարող է շատերի համար պատճառ լինել ենթադրելու, թե Խորհրդարանը քիչ է աշխատում, բայց դա իրոք ճիշտ չէ. Խորհրդարանի գլխավոր աշխատանքները կատարվում են Խորհրդարանից դուրս, հանձնաժողովներում, որոնց թիվը ներկայումս 16 է: Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր անդամ է մի քանի հանձնաժողովների, որոնց մեջ նա գործում է — հասարակության ու կողմնակի մարդկանց աչքերից հեռու:

Մյուս կողմից, պետք է նաև արձանագրել, որ Խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը — եթե ոչ ամենքը — տոգորված է աշխատանք կատարելու ցանկությամբ, որ նրանք այն գիտակցությունն ունեն, թե միմիայն համառ և անդուլ աշխատանքի միջոցով կարելի է մեղմել մեր երկրի ու պետության ներկա ծանր կացությունը:

Երկրորդ, մեր կարծիքով մի քիչ խիստ է այն մեղադրանքը, թե Խորհրդարանի աշխատանքները արդյունավետ չեն: Եվ եթե այդ այդպես էլ է, բայց ունի իր արդարացուցիչ պատճառները: Նման դժվարին պայմաններում Խորհրդարանի մի այլ կազմ — այն էլ պառլամենտական անցյալ և փորձառություն չունեցող — հազիվ թե ի վիճակի լիներ ավելի արդյունք ցուցադրելու:

Սակայն դրա հետ միասին մենք ընդունում ենք, որ այո՛, Խորհրդարանում աշխատանքները ցանկալի արագությամբ չեն ընթանում, դանդաղում են:

Դրա գլխավոր պատճառը մենք համարում ենք այն, որ Խորհրդարանի անդամներից ոմանք պառլամենտական ամբիոնի վրա նայում են որպես ագիտացիայի մի միջոցի և կամա, թե ակամա Խորհրդարանին տալիս են միտինգատեղի բնավորություն, որով գործի շահը զոհաբերվում է խոսքի շահին:

Երկրորդ և ամենագլխավոր պատճառը, որ ֆրակցիաների և հանձնաժողովների միջև բացակայում է հարկավոր կապը:

Ինչպես գիտեք, հանձնաժողովները գլխավորապես նրա համար են, որ նախապատրաստական աշխատանքների միջոցով արագացնեն Խորհրդարանի զբաղմունքները: Հետևաբար նրանք, կազմված լինելով ֆրակցիաների ներկայացուցիչներից, պետք է որ նախ՝ մի կողմից ֆրակցիաների տրամադրությունները տանեին հանձնաժողովները և խնդիրների լուծմանը մոտենային այլ տրամադրությունների ոգով: Այսպիսով դուրս կգար, որ հանձնաժողովներում խնդիրները լուծված են ֆրակցիաների ցանկությամբ ու համաձայնությամբ, որից հետո Խորհրդարան գնալով, այլևս նորանոր և սկզբունքային առարկությունների չէին հանդիպի ֆրակցիաների կողմից:

Ապա՝ մյուս կողմից, հանձնաժողովների յուրաքանչյուր անդամը պետք է, որ իր ֆրակցիային իրազեկ, ընթացիկ պահեր հանձնաժողովի գործունեությանը և որոշումներին: Այսպիսով ամբողջ ֆրակցիան նախօրոք կլիներ — ինչպես ռուսերեն ասում են — в курсе дела և ուրեմն հանձնաժողովների առաջարկները կամ օրինագծերը Խորհրդարանում այլևս չէին լինի մի նոր բան նրա համար:

Այս երկու պայմաններն էլ խիստ կարևոր են գործի հաջողության տեսակետից: Նրանց գործադրվելու դեպքում իսկապես կստեղծվեր մի կենդանի կապ ֆրակցիաների և հանձնաժողովների միջև, որով խնդիրները Խորհրդարանում կլուծվեին արագ կերպով, քանի որ յուրաքանչյուր հանձնաժողով, ըստ էության, նույն Խորհրդարանն է — միայն մի քիչ փոքրացված ծավալով:

Բայց դժբախտաբար այդպես չէ իրականությունը: Շատ անգամ ֆրակցիաները Խորհրդարանում այս կամ այն հարցի քննության ժամանակ այնպիսի վերաբերմունք են ցույց տալիս, որ կարծեք իրենց ներկայացուցիչը բնավ չի մասնակցել նրա քննությանը հանձնաժողովի մեջ:

Սա իհարկե, բոլորովին անբնական և միևնույն ժամանակ վնասակար երևույթ է: Հետևաբար, պետք է մտածել այդ վերացնելու մասին: Ուրիշ խոսքով, հարկավոր է ստեղծել անհրաժեշտ կապը ֆրակցիաների և հանձնաժողովների միջև:

Մյուս կողմից, ֆրակցիաները պետք է որ վստահություն ունենան հանձնաժողովներում նստած իրենց ներկայացուցիչների վրա և երբ նրանց համաձայնությամբ ու որոշումով այս կամ այն խնդիրը հանձնաժողովում անցած լինի, նրանք Խորհրդարանում այլևս չպետք է սկզբունքային առարկություններ հանեն դեմը և դրանով դանդաղացնեն գործը:

Ուզում ենք հավատալ, որ այս երկու ամսվա փորձից հետո ֆրակցիաները կըմբռնեն այդ, կաշխատեն մեջտեղից վերացնել այդ անբնական երևույթը և դրանով նպաստած կլինեն խնդիրների արագ լուծմանը Խորհրդարանում, որ մեր ամենքի ցանկությունն է:

Իրազեկ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives