February 28, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Համատեղ խորհրդակցություն կուսակցությունների մասնակցությամբ

Համատեղ խորհրդակցություն կուսակցությունների մասնակցությամբ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 6 մարտի, 1991թ., թիվ 6

Երևան, 4 մարտի (սեփ.թղթ.)։ — Խորհրդարանի ազգայնական պատգամավորական խմբի նախաձեռնությամբ, երկուշաբթի 4 մարտի 1991, երեկոյան ժամը 6-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության շենքում կայացավ հանդիպում կուսակցությունների, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։ Խորհրդակցական հանդիպման ընթացքում ազգայնական պատգամավորական խումբը ներկայացրեց իր պատկերացումները սեպտեմբերի 21-ի հանրապետական հանրաքվեի ու կառավարական հարցման մասին։

Ազգային վճռորոշ այդ հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն արտահայտեցին Կոմկուսի, ՀՀՇ-ի, ՀՀԴ-ի, ՌԱԿ-ի, ԱԻՄ-ի, Հանրապետական կուսակցության և այլ քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորներ։ Հանդիպումն առիթ էր նաև մի անգամ ևս լայն խոսակցություն բացելու միութենական հանրաքվեի, Կենտրոն–Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների և մի շարք այլ հարցերի արծարծման համար։ Հանդիպմանը մասնակցում էին նաև նախագահ պրն. Լևոն Տեր-Պետրոսյանն ու վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Մասնակիցների մեծամասնությունը կողմ արտահայտվեց սեպտեմբերի 21-ի հանրապետական հանրաքվեի անցկացման Խորհրդարանի որոշմանը, իսկ Կոմկուսի քարտուղար Ա. Սարգսյանը պաշտպանեց միութենական հանրաքվեն։

ՀՀԴ-ի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը պաշտպանելով հանդերձ հանրապետական հանրաքվեն, ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի, ինչպես նաև հանրապետական հանրաքվեի արդյունքների հետևանքների ու դրանց միջազգային ճանաչման հարցերի վրա։ Ի դեպ, հանդիպման ընթացքում բանավեճ ծավալվեց ՀՀԴ «Հայաստանի մայր կազմակերպության քաղաքական դիվանի» և ՀՀԴ «Հայաստանի կենտրոնական կոմիտեի» ներկայացուցիչների միջև՝ օրինական ներկայացուցչության խնդրի շուրջը։

Ռազմկավար ազատական կուսակցության ներկայացուցիչը, ողջունելով հանրապետական հանրաքվեն իբրև ժողովրդավարության ևս մեկ կարևոր ձեռքբերում, նշեց, որ կուսակցությունը մի քանի օրից կհրապարակի իր պաշտոնական դիրքորոշումը այդ առթիվ։

Հանդիպման վերջում որոշվեց, որ կուսակցությունների ու քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հեռանալուց հետո ժողովրդական պատգամավորները քննարկման արդյունքների հիման վրա կանեն համապատասխան եզրակացություններ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives