May 6, 2021

Կրքոտ բանավեճ` անակնկալ վերջաբանով

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

Հունիսի 22-ին սկսվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եռօրյա արտահերթ նստաշրջանը՝ քննարկելու համար Արցախի հիմնահարցը։ Առաջին նիստում ելույթ ունեցան ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը։ Նրանք ներկայացրին իրենց քաղաքական մոտեցումը՝ Արցախի հարցի գծով։ Ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բոլոր կուսակցական եւ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ անկախ պատգամավորները աշխուժորեն մասնակցեցին Արցախի հիմնահարցի քննարկմանը՝ ներկայացնելով իրենց կուսակցության եւ անձնական դիրքորոշումը այդ հարցին։ ԼՂ Հանրապետությունում ստեղծված ողբերգական կացությունը ստիպեց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին փորձել իրենց գնահատականը տալ մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի նկատմամբ։ Պահն է այլեւս պարզաբանել թե որն է Արցախի ապագան, ինքնասպան «ինքնավարությո՞ւնը» Ադրբեջանի կազմում, Մայր Հայաստանին միավորվելը, ինչպես որոշվել էր 1989թ. դեկտեմբերի 1-ին, թե՞ որպես հանգրվանային տարբերակ, անկախ պետություն ստեղծելը։

Հարկ է նշել, որ նշված երեք հնարավոր տարբերակներից առաջինը, այսինքն վատթարագայնը, առաջին հայացքից չուներ բացահայտ երկրպագուներ։ Հավանաբար միայն Աշոտ Բլեյանը, դրսևորելով յուրօրինակ «ազնվություն», խոստովանեց, որ չի հավատում երկրորդ կամ երրորդ տարբերակների իրականացմանը։ Դժգոհության հայտնելով Շուշիի ազատագրման եւ Լաչինի միջանցքի բացման ժամկետների վերաբերյալ, նա առաջարկեց ավելի սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

Ուրիշ ՀՀՇ-ականներ, ցուցաբերելով այդ կուսակցությանը հատուկ «մանյովրելու» մեծ ունակություն, փաստորեն խուսափեցին արտահայտել որեւէ հստակ կարծիք Արցախի ճակատագրի վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ պահելու գաղափարի դեմ ելույթ ունեցողների թիվը անհամեմատ ավելի մեծ էր։ Թվում էր թե հունիսի 22-ին… ՀՀՇ-ն հայտնվել էր «ընդդիմադիր» կուսակցության վիճակում։ ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի, ՀՌԱԿ-ի, ՍԻՄ-ի, «Անկախ խորհրդարանականների» խմբակցությունների ներկայացուցիչները եւ բազմաթիվ առանձին պատգամավորներ պահանջեցին ոչ միայն վճռական գործողություններով ամրապնդել Արցախի եւ Հայաստանի սահմանները, կայունացնել ներքին քաղաքական-ընկերային կացությունը, այլ նաեւ համապատասխան օրենսդրական որոշումներով ճանաչել ԼՂ Հանրապետությունը եւ նրա հետ կնքել ռազմա-քաղաքական ու տնտեսական պայմանագրեր։

ՀՅԴ-ի ներկայացուցիչ Գ. Հովհաննիսյանը, ելնելով ներկա իրավիճակից, որն, ըստ խմբակցության հայտարարության, ստեղծվել է Հայաստանի քաղաքական կուրսի պարտության պատճառով, պահանջեց օրակարգի մեջ մտցնել նաև կառավարության հրաժարականի հարցը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև ԼՂՀ ԳԽ նախագահության ներկայացուցիչները, որոնք պարզաբանեցին, թե ինչ պատճառներով նորաստեղծ հանրապետության ղեկավարները, հակված լինելով հիմնահարցի քաղաքական, խաղաղ լուծմանը, այնուամենայնիվ չէին կարող անհասկանալի կարգավիճակով մասնակցել Հռոմի խորհրդաժողովին: Միաժամանակ Արցախի պատվիրակները իրենց ելույթներում ընդգծեցին համատեղ քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությունը:

Թեպետև հունիսի 22-ին խորհրդարանը Արցախի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունել, սակայն նիստը ուշագրավ էր իր անակնկալ վերջաբանով, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, չունենալով օրենսդրական նախաձեռնության իրավունք, առաջարկեց Հայաստանում մտցնել արտակարգ դրություն, կասեցնել կուսակցությունների գործունեության ազատությունը, գրաքննություն հաստատել մամուլում, արգելել ցույցերը, մի խոսքով հռչակել… ռազմական դիկտատուրա: Այս անհասկանալի առաջարկությունը բնականաբար չընդունվեց… դեռևս:
Քննարկումները կշարունակվեն հունիսի 23-ի և 24-ի նիստերում:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives