June 3, 2020

Կենդանի պատնեշ. Ավդուռ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)

Արցախում կան բնակավայրեր, որոնց հերոսական անվանելը շատ քիչ է. պարզապես կենդանի լեգենդներ են դարձել։ Դրանցից մեկը ԼՂՀ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղն է, որը գտնվելով Աղդամի շրջանի Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերի հարեւանությամբ՝ անընդհատ գնդակոծվել է զենքի բոլոր տեսակներից եւ ենթարկվել թազմաթիվ հարձակումների, մնալով սակայն, հպարտ ու անառիկ։ Ավդուռը փոքր գյուղ է՝ մոտ 40-45 ծուխ։ Դա կարելի է ասել երբեմնի մոտ 300-400 ծուխ ունեցող Ավդուռի հիշողությունն է, բայց կրկնում է իր հերոսական անցյալի սխրանքները։

Գյուղում ներկայումս կանգուն տուն համարյա չկա, կանգուն տներ չկան նաեւ ադրբեջանաբնակ Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերում, որոնք միասին մոտ 2000 ծուխ էին. ճողոպրել են դեպի Աղդամի մատույցները։

– Այդպես է, տուն քանդողի տունը միշտ էլ կավերվի,– ասում է ավդուռցի Արտավազդ Ավետիսյանը,– նրանց թվում էր, թե այդպես հանգիստ կարող են հեռահար հարվածներով վերացնել մեր գյուղը, իսկ մենք ոչինչ չենք ձեռնարկի։

Թշնամու կրակակետերից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա, դեմ առ դեմ, երբ նրանց դիտորդներին պարզ երեւում էր նույնիսկ Ավդուռում քուջուջ անող հավերի տեղաշարժը, հասկանալի է, թե գյուղը ինչպիսի անողոք գնդակոծության կարող էր ենթարկվել, մանավանդ որ վառելիքի ու զինամթերքի պակաս չէին զգում։

Առաջին լայնածավալ գրոհը Ավդուռի վրա 1991թ. դեկտեմբերի 31-ին էր։ Նույն օրը թշնամին հարձակվել էր Ասկերանի շրջանի Փառուխ, Վարազաբուն եւ այլ գյուղերի վրա։ Այդ օրն էր, որ տեղի տվին շրջակա մի քանի սակավաբնակ հայկական գյուղերը։ Իսկ Ավդուռը չերերաց եւ կատաղի մարտեր մղեց մինչեւ լուսաբաց։ Երբ օգնական ուժերը հարեւան գյուղերից տեղ հասան՝ թշնամին ճողոպրել էր, իսկ շրջանի պաշտպանության հրամանատարությունը զարմացել էր, թե այդ փոքր գյուղի փոքրաթիվ ջոկատը, հարեւան Մյուրիշեն փոքրաթիվ ջոկատի հետ ոնց էր կարողացել հսկել ամբողջ ձորակը՝ թշնամուն չթողնելով մոտենալ գյուղերի մատույցներին:

Այդ անհաջողությունից հետո թշնամին սկսեց ուժեղացնել գյուղի հրետակոծությունը։ Մինչ այդ գյուղը հրթիռակոծվում էր միայն «Ալազաններով», եւ տեղացիները համարյա հաշտվել էին ալազանային գնդակոծությանը, սովորել էին խուսափել արկերից։ Սկսած 1992թ. հունվարի վերջերից Ավդուռը գտնվում էր «Գրադ» կայանքի գնդակոծության տակ։ Այստեղից են սկսել իրենց ավերիչ գործողությունները նաեւ «Փոթորիկ» կայանքները եւ մանր ու մեծ տրամաչափի հրետանիները։

Ավդուռում այժմ չկա մի ընտանիք, որի անդամների մեծ մասը վիրավորված չլինեն։ Կորուստները եւս շատ են։ Տեղի ջոկատի ամենատարեց մարտիկը՝ Սլավիկ Պողոսյանը, կորցրել է իր 14 տարեկան որդուն եւ այժմ մեծ տղայի՝ Մհերի հետ արդեն 4 տարի է, ինչ դիրքերում է։ Ծանր վիրավորվել է կինը, 11 տարեկան որդին՝ 2 անգամ, պապական տունը հիմնահատակ ավերվել է։ Սակայն Սլավիկը չի կորցնում լավատեսությունը.

– Պատերազմում չիր-չամիչ չեն բաժանում, գլխավորը՝ հողը պահել ենք, մնացածը հետագայում կշտկվի…

Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը ընդամենը մի քանի տասնյակ մարտիկ ունի, սակայն ինչպիսի՜ տղաներ. գումարտակի հրամանատար Դավիթ Իշխանյանի կարծիքով նրանցից ամեն մեկն իր հերթին մի քանի տասնյակ արժե: Երբ Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերում տեղակայված կրակակետերը վնասազերծելու գործողություններ ծավալեցին, Ավդուռի ջոկատը ամենահերոսականն էր, եւ իզուր չէ, որ նրանցից մեկը (ջոկի ավագ Գրիգոր Ամիրխանյան) արժանացավ դրամական խոշոր պարգեւի, իսկ չորսը (Վաչոն, Միշան, Էդիկը, Ալոշը) շքանշանների։ Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե այդ շքանշանները ինչպիսին կլինեն, քանի որ երիտասարդ հանրապետության ղեկավարությունը ցավոք դեռ չի հասցրել լուծել այդ «մանր» խնդիրները, սակայն գլխավորը՝ որ այդ մասին արձանագրված է եւ ամբողջ գումարտակի առաջ հայտարարել է Մարտունու ինքնապաշտպանական զորամիավորման գլխավոր հրամանատարը:

Այժմ վատ ժամանակները մնացել են հետեւում: Վնասազերծված են Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերի տարածքներում տեղակայված կրակակետերը, եւ թշնամին քշված է ընդհուպ մինչեւ Աղդամ քաղաքի մատույցները։ Գրեթե ամբողջությամբ հսկողության տակ է առնված Աղդամ-Մարտունի մայրուղին, որտեղից առաջներում խփում էին «Գրադ» եւ «Փոթորիկ» կայանքները: Ռազմական մեր հենակետերը այժմ Գյուլաբլիի ամենաներքեւի մատույցներում են։

Ճիշտ է, Ավդուռը հիմա չի հրթիռակոծվում, սակայն նրա պրոբլեմները շատ են. տները ավերված են, չկա գոնե մի շենք, որտեղ դպրոց կազմակերպվեր։ Առանց դպրոցի գյուղը գյուղ չէ՝ ծնողները ստիպված են ապաստանել հարեւան գյուղերում, որպեսզի երեխաները դպրոց հաճախեն։

Սակայն Ավդուռը ապրում է, ծուխ է բարձրանում շատ ծխերից, մարդիկ մի կերպ հարմարվել են։ Շրջապատող անտառը հարուստ է, ծառերը ճկված են մասուրի, ալոճի, զկեռի չթափված պտուղների ծանրության տակ, ու թեեւ ամբողջ բերքի նույնիսկ 5 տոկոսն էլ չեն հասցրել հավաքել, չեն բողոքում, ուտելու հաց գտնում եւ դեռ օգնում են քաղաքաբնակներին։

Տեղական դպրոցի դիրեկտոր Ռուբեն Պողոսյանի կարծիքով մի 5 տոննա դիզելային վառելիքը կփրկեր։

– Կվերականգնեինք դպրոցը (շինանյութը Գյուլաբլի եւ Աբդալ գյուղերում՝ ինչքան ասես), ժողովուրդը կհավաքվեր։ Այս չորս-հինգ տարում մեր գյուղը ոչ մի տեղից ոչ մի օգնություն չի ստացել, գուցե դա նրանից է, որ ճանապարհներ չկան, կտրված ենք շրջկենտրոնից։ Չիմանաք՝ ձրի ենք ուզում, չէ, կվճարենք, միայն թե կարողանանք դպրոցի շենքը մի կերպ կարգավորել…

– Վատ չէր լինի նաեւ գարնանացանի նախապատրաստման համար։ Չէ՞ որ մենք աշնանացան չենք հասցրել անել, եւ առանց գարնանացանի սովի կմատնենք ժողովրդին,– լրացնում է կոլտնտեսության (Արցախում կոլտնտեսությունները դեռ պահպանվում են) նորընտիր նախագահ Վոլոդյա Գրիգորյանը։

… Երեկոն արդեն ձգում էր իր փեշերը։ Երեք-չորս օր անընդհատ տեղացած ձյունը ամբողջ տարածքում հաստ վերմակ էր փռել։ Գյուղում սկսեցին կայծկլտալ առաջին ճրագները։ Զինվորական հերթափոխը դեպի տեղամասն էր շտապում, իսկ գյուղի վերեւից լսվում էր տղաների հորինած նոր երգը, որի թեման Ավդուռի ճակատամարտն էր, վերջին մարտը, որտեղ ջախջախվեցին թշնամու ուժերը՝ 13 տանկ, 4 «ԲՏՌ», մի քանի տասնյակ հրանոթ, գնդացիրներ, կրակակետեր…

Ազատամարտիկները այնքան են ընտելացել մարտերին, որ արդեն թշնամու զինվորական տեխնիկայի վրա կրակում են այնպես, որ այն չոչնչանա հիմնովին, այլ խափանվի եւ գրավելուց հետո կարելի լինի օգտագործել։

– Ափսոս, որ նույնը ուղղաթիռների ու ինքնաթիռների հետ չենք կարող անել, ընկնելուց անտերները լրիվ ոչնչանում են, այդ է պատճառը, որ դրանցից չունենք,- կատակում է ազատամարտիկ Մհեր Պողոսյանը…

Մութը թանձրանում է, եւ մարդիկ գնում են իրենց օջախները, որ ձմեռվա երկար երեկոներին տաք կրակի մոտ պատմություններ հյուսեն վերջին կռիվների, հերոս մարտիկների մասին։

Լևոն Միքայելյան
Ավդուռ – Ստեփանակերտ – Երեւան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives