June 12, 2021

Խաժամուժի քմահաճույքին հանձնված

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Բոլշեւիկյան մոդելներով դասակարգված հասարակությունը այսօր առավել քան շերտավորված է։ Վերջնականապես ավարտվել է բանվորի, գյուղացու եւ «աշխատավորական» մտավորականության «դասակարգային պատկանելիության» առասպելը։ Կենցաղային առումով ոչնչացրել են բոլորին ու հանձնել մանրավաճառին։ Քանի գնում՝ ավելի պարզորոշ են ուրվագծվում հասարակական նոր խավի շրջանակները, որոնք ոչ մի կապ ու ընդհանրություն չունեն շուկայական տնտեսաձեփ հետ։ Նրանց, որպես նոր կենսաձեւի անխուսափելի հետեւանք, ավելին՝ ազգափրկիչ դեր ունեցող խավ, եվրոպական շերտ ներկայացնելու փորձեր անընդհատ կատարվում են։ Շուկայի ու սեփականաշնորհման անվան տակ իրականացվող թալանը հասարակության բոլոր շերտերից դուրս կորզեց իր իրական զավակներին, նրանց, ովքեր ժամանակի սոցիալական ճնշումների պայմաններում ստիպված էին աշխատել, դիպլոմներ գնել, ապրել որպես «բանվոր» ու «գիտնական»։

Մանրավաճառների եւ խոշոր կուտակողների շերտը համալրվում է հիմնականում սրանց շարքերից։ Որ նախկին կենսաձեւի մեջ պարփակված հասարկությունը հիվանդ էր, ապացուցվեց նրա փոփոխելիությամբ, որ ուներ քաղաքական, հոգեբանական ու տնտեսական հիմք։ Այդ փոփոխելիությունը, միաժամանակ, գոյության ապացույցն էր հասարակության առողջ շերտերի, որոնք պատմական պահի թելադրանքով կատարեցին իրենց առաքելությունը։ Նոր կենսաձեւի կարիք զգացող հասարակությունը, բնական է, պիտի փորձեր ազատվել նաեւ հին հիվանդություններից՝ կաշառակերությունից, հովանավորությունից, խմբային տնօրինությունից եւ այլն։ Նաեւ սրանք էին հասարակության պայքարի կենտրոնական թիրախները։ Իրականանալի մի գործընթաց ու նպատակ, որոնք անպայմանորեն ենթադրում են նույն շահերին հետամուտ ժողովրդական իշխանության, պետություն, առանց որի զարգացման հաջորդ փուլ մտած ախտահար հասարակության բուժումն ու նորի հիմնումը դառնում են անհնարին։ Բայց անցումային շրջանին բնորոշ քաոսն ու անորոշությունը իշխանության վերին ոլորտներ մղեցին մարդկանց, որոնց հոգեւոր կերտվածքն ու պատրաստվածությունը անհամատեղելի էին ազդի նպատակների նվիրյալների իրական կերպարին։ Եվ պատահական չէր, որ իշխանավորներն աննկատելիորեն սկսեցին ժողորդի գիտակցության մեջ ներարկել «շարքային» ազգի գաղափարը, որի արմատավորումը պիտի ապահովեր հանգիստ կառավարում եւ ազգի ամենահեռավոր նպատակը դարձներ կուշտ ուտելը։ Արցախի խնդրում իշխանությունների կողմնորոշումը բխում է հենց այս՝ ոգին խորտակող քաղաքականությունից։ Միայն փորի մասին մտածող մարդը Մեղրին էլ կտա թշնամուն, Արցախն էլ, Գյումրին էլ։ Այսինքն, պետությունը ցանկանում է վերացնել, այո՛, միայն հայ ժողովրդին հատուկ միասնական հակակշիռը, որի ուժը կառավարողները շատ լավ գիտեն։

Մանրախնդրության բացիլը ոչ միայն չվերացավ, չկասեցվեց, այլեւ սկսեց տարածվել «վերեւից» ու «հազիվ հասել եմ, ուր է հորեղբայրս» պաշտոնական անբարոյականությամբ է՛լ ավելի խորացավ հովանավորչական հին ժառանգությունը։

Այսինքն, պետությունը, այն պետությունը, որ պիտի լիներ, վերջնականապես չկայացավ։ Սակայն չվերացավ նաեւ պայքարն «ավարտած» մարդկանց գիտակցության մեջ արմատավորված նորի պատրանքը, որը դարձավ հիմք վերջնականապես չկայացած պետության «նորովի» գործունեության համար։

Իշխանությունների նախաձեռնությամբ, հասարակությունը ոչ միայն չբուժվեց նախկին հիվանդություններից, այլեւ ստացավ նորերը՝ հների ահագնացման հետ մեկտեղ։ Համաժողովրդական պայքարի կենտրոնական թիրախներից ոչ մեկը չխոցվեց։ Տնտեսական հեռանկարային ծրագրի բացակայության պատճառով՝ արմատավորվող շուկայական հարաբերությունները վերածվեցին բացահայտ չարչիության, ապրանքային արժեք տրվեց ամեն ինչին ու բոլորին, ամեն ինչ դարձավ առուծախի առարկա։ Սթափ մարդկանց նախազգուշացումներն անտեսելով՝ սկսվեց սեփականաշնորհման չնախապատրաստված գործընթացը, որը դարձավ հանրային ունեցվածքի իսկական կողոպուտ՝ հսկայական արժեքների ուղղակի ոչնչացումով։

Արդյունքում առաջացան ու աստիճանաբար իրարից հեռացան նույն հրապարակում ծնված նոր հասարկությունն ու նոր պետությունը, հեռացան բեւեռների պես՝ քաոսում ծնված պետության անկարողության պատճառով։

Խեղաթյուրված գործընթացների դառը պտուղները դեռ մենք քաղելու ենք, բայց այսօր էլ բոլոր բնագավառներում, հասարակական գործունեության բոլոր ոլորտներում առկա է ծաղիկը։ Չկառավարվող շուկայի ու մաֆիայի տնօրինությանը հանձնված ժողովրդի վիճակը գնալով ծանրանում է։ Իսկ պետությունը, որ բացախոսության ու ազատ– համարձակ արտահայտվելու հնարավորությամբ փակում է ժողովրդավարության հետ հաշիվները, հենվում է միայն  ֆինանսական կլանների ու մանրավաճառների խավի վրա։ Ազդեցության ոլորտներն արդեն բաշխված են՝ բազաներից ու պահեստներից սկսած՝ մինչեւ վերջին նրբանցքը։ Ու անաղմուկ, բայց շուրջօրյա գործում է անօրինական վաստակի հզոր մեքենան։

Ահա՛ վերջնականապես դատապարտված աղետի զոտու անտեսման հիմքը (հիմա արդեն չեն էլ հիշում, որ երկրաշարժ է եղել, քաղաքներ ու գյուղեր են ավերվել, եւ մարդիկ ցայսօր կուչ են գալիս մոտեցող ձմեռը դարձյալ «ժամանակավոր» տնակներում անցկացնելու ահից), ահա՛ մեր քթի տակ կառուցվող վիթխարի ամառանոցների ու հյուրանոցների շինանյութը, ահա՛ թոշակառուների վրա հոխորտացող հաստակաշիների ուժը։ Չկայացած պետությունը եւ հուսալքված հասարակությունը ուրիշ ժառանգ ունենալ չեն կարող։ Այս պայմաններում մշակույթը չէր կարող մի կողմ չդրվել, մտավորականությունը՝ ասպարեզից չհեռացվել։ Բայց տեսնել ու ասել կարելի է: Եվ սոցիալական կարիքի մեջ խեղդամահ արվող մարդիկ հիմա միայն խոսում են։ Խոսքը, ուրեմն, առաջին անհրաժեշտության պահանջմունք է, որ քանի գնում՝ բավարավում է։ Հայերենի գործառական ոճերը «հարտացել» են եւս մեկով՝ «հռետորական–աղմկարարականով»։ Աստիճանաբար խամրել ու մեզ համար խորթացել է համեստ ու նվիրյալ գոյի այնքան անհրաժեշտ գիտակցումը։ Սա թերեւս ամենամեծ աղետն է, որ ծնվել է փակուղում հայտնված հասարակության որովայնում:

Ջրահեղձի մարմնի պես ուռել է իրականությունը, եւ հեռու չէ այն պահը, երբ դուրս է ժայթքելու անմաքրությունը։ Անասելի մի խտություն է անորոշության, պատերազմի, դատարկ խոստումների, անընդհատ փողի, յուղալի ժպիտների, ծակող ցինիկության ու չընկալված ճշմարտության։

Հարաբերական խաղաղության եւ բացահայտ պատերազմի պարադոքսի մեջ սովորական կենցաղը դարձել է վիթխարի, դարձել է ամենակուլ ու երախաբաց նայում է բոլորիս: Մտածողության մնացորդով առաջնորվող երկիրը գնում է չգիտես թե ուր, եւ խաժամուժի քմահաճույքին հանձնված ժողովուրդը ծիծաղում է արդեն ցավի՛ վրա…

Ավիկ Մարության

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives