July 27, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Լցվենք լավատեսությամբ, կարողանանք համախմբվել

Լցվենք լավատեսությամբ, կարողանանք համախմբվել

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում Խորհրդային Միությունում: Այն շարժումը, որը տեղի է ունենում այսօր, ինչ-որ իմաստով ալիքաձև բնույթ է կրում: Մի քանի ամիս առաջ հանրապետությունների ոգևորությունն ավելի մեծ էր: Հորիզոնական կապերի ստեղծման, բազմաթիվ պայմանագրերի կնքման փորձեր էին արվում: Բայց այն մեխանիզմները, որոնք պետք է նպաստեն այդ պայմանագրերի կատարմանը, դեռևս լիովին մշակված չեն: Այս ընթացքում ամեն ինչ արվեց, որ ժողովուրդը խուճապահար լինի: Թեպետ դրա համար նաև օբյեկտիվ պայմաններ կային, բայց արհեստական պայմանները, որ առաջացնում էր կենտրոնը, ավելին էին: Շատ հանրապետություններում իրապես խուճապ առաջացավ (դրան նպաստեց նաև պարենային անբավարարությունը), և հիմա կարծես թե խուճապի այդ ալիքը իջնում է:

Գորբաչովը կարողանում է վարպետորեն գնալ այդ ալիքն իջեցնելու ճանապարհով: Նրա ներկայիս առաջարկություններն իր ծրագրի, այսինքն՝ Խորհրդային Միությունից ամերիկյան տիպի մի պետություն ստեղծելու ծրագրի, դրույթներից են: Ես պետք է նշեմ, որ մեր հանրապետությունն էլ զերծ չմնաց խուճապից: Իհարկե, կային դժվարություններ, և ապագայում էլ լինելու են, բայց շատ դժվարություններ էլ պայմանավորված են հենց խուճապով: Օրինակ՝ հացի պրոբլեմը: Եթե մինչև այսօր Երևանում արտադրվում էր 250 տոննա հաց, ապա այսօր արտադրվում է 420 տոննա, բայց ժողովուրդը կրկին խուճապի մեջ է: Թեպետ մենք զրույցի ժամանակ կանդրադառնանք պարենի խնդրին, բայց չզարմանաք, եթե ասեմ, որ պարենի հիմնահարցը ես չեմ համարում ամենակարևորը: Պարենի հարցն այս կամ այն կերպ կլուծվի: Մտահոգողն այն ընդհանուր, գորշ մթնոլորտն է, որ ներկայումս տիրում է Հայաստանում: Ամենասարսափելին հենց այդ մթնոլորտն է:

Ոմանք ասում են, թե մենք անցման շրջանում ենք: Ոչ, սա անցման շրջան չէ: Սա նոր ժամանակների սկիզբն է: Մեր ժողովուրդը մի նոր դարաշրջան է մտնում, և սա այդ դարաշրջանի սկիզբն է: Հետադարձ չկա, և մենք քայլելու ենք այս ճանապարհով: Քայլելու ենք՝ ձգտելով հզորանալ, դառնալ հզոր մի ազգ, ունենալ անկախ պետություն, լուծել մեր ազգային խնդիրները: Երբ մենք սկսեցինք մեր առաջին քայլերը անել, թվում էր, թե դա մեծ ոգևորություն կառաջացնի մտավորականության շրջանում: Հիշենք պատմությունը.  նման ժամանակներում սովորաբար վեպեր, երգեր ու բանաստեղծություններ են գրվում: Ասել կուզի՝ նյութական ծանր պայմաններում ժողովրդի ոգին, այնուամենայնիվ, բարձր է լինում: Այսօր չգիտեմ՝ այս մթնոլորտի համար ում մեղադրել, կառավարությա՞նը, պառլամենտի՞ն, թե՞ մտավորականությանը: Երևի բոլորս ենք մեղավոր: Այս գորշ մթնոլորտում դժվար կլինի որևիցե խնդիր լուծել: Ես, իհարկե, չեմ կարող այդ մթնոլորտը փոխելու ձևեր առաջարկել, բայց եթե ներքին ոգևորություն չունենանք, կդառնանք տրոհված մի բազմություն, և յուրաքանչյուրը կմտածի՝ ինչպես մի կտոր հաց ճարի կամ, ասենք, մահճակալ, որի համար հազարավոր մարդիկ հերթ են կանգնում: Ես ուղղակի կոչ եմ անում մեր մտավորականությանը, երիտասարդությանը լցվել լավատեսությանբ, համախմբվել, մեր ժողովրդին ցույց տալ ճանապարհները, բացահայտել, թե ինչ է կատարվում:

Հետաքրքիր է, որ այսպիսի գորշ մթնոլորտ չկա ձեռներեց մարդկանց շրջանում: Նրանք կարողանում են ազատությունն օգտագործել: Նրանք կամաց-կամաց խաղի մեջ են մտնում: Տնտեսությամբ զբաղված մարդկանց շրջանում ավելի մեծ ակտիվություն կա, քան մտավորականության: Մենք չենք կարողանում օգտվել ազատությունից: Այսօր, իրապես, մեծ ազատություն է տրված, ստեղծագործելու ազատություն է տրված ժողովրդին: Բայց թերևս  սովորության համաձայն, չենք կարողանում դրանից օգտվել և սպասում ենք, որ ավելին տրվի:

Հատվածներ վարչապետ Վ.Մանուկյանի 1990թ. նոյեմբերի 17-ի մամուլի ասուլիսից
«Հայաստանի Հանրապետություն», 1990, նոյեմբերի 20
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives