July 27, 2024

Լեզգիները կփոխե՞ն Ադրբեջանի սահմանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Վերջերս մամուլում հաճախակի են լեզգիների եւ նրանց ազգային շարժման «Սավալ»- ի (միացում) մասին նյութեր հանդիպում։ Այժմ կարելի է ասել, որ այդ հարցը միջազգայնացվում է։ Այս առումով հետաքրքրական է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վերլուծական բաժնի աշխատակցի մեկնաբանությունը հաղորդված պարսկերեն հաղորդումների ծրագրով։ Ստորեւ այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թարգմանաբար։

Ադրբեջանի հյուսիսում բնակվող լեզգիները հավանաբար հաջորդ «գլխացավանքը» կդառնան Ադրբեջանի համար։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած ազգային պրոբլեմները ընդհանուր առմամբ կարելի է բաժանել մի քանի դասի։ Առաջին՝ ազգային փոքրամասնություն, ապրում է մեկ այլ հանրապետությունում, փափագում է միանալ այն հանրապետությանը, ուր տվյալ ազգը մեծամասնություն է։ Երկրորդ՝ երբ հանրապետությունը մի այլ հանրապետության կազմում է, նրա գերիշխանության ներքո եւ որոշում է անկախանալ։ Դրա վառ օրինակը Չեչնիան է։ Երրորդ՝ երբ ժողովուրդը մինչ այսօր պետություն չի ունեցել եւ ցանկանում է ազգային պետություն ստեղծել իր բնակության տարածքում։ Վերջինի տիպիկ օրինակը լեզգի ազգը կամ լեզգիներն են։ Նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում 400 հազար լեզգի է ապրում, որոնցից 180 հազարը՝ Ադրբեջանի հյուսիսում, 200 հազարը՝ սահմանի մյուս կողմում՝ Դաղստանում, որը Ռուսաստանի Դաշնության հանրապետություններից մեկն է։ Նախկին հանրապետությունների մեջ Դաղստանի օրինակը նախադեպ չունի, քանզի չի պատկանում որեւէ կոնկրետ ազգի եւ հենց այդ պատճառով էլ ազգային անվանում չունի։ Երկու միլիոն բնակչություն ունեցող Դաղստանում ապրում են 10-ից ավելի ազգեր եւ ազգություններ։ Լեզգիները իրենց քանակով երկրորդն են։

Դաղստանում ապրող ազգերն ու ազգությունները զարթոնք են ապրում, ստեղծել են ազգայնական շարժումներ, սակայն նրանց պահանջները տարբեր են։ Այս ընթացքը ազդում է հարեւան հանրապետությունների, հատկապես Ադրբեջանի վրա, որովհետեւ թե՛ Դաղստանում եւ թե՛ Ադրբեջանում լեզգիները սահմանամերձ գոտում մեծամասնություն են։ Լեզգիների ազգայնական շարժման ղեկավար Նարիման Ռամազանովը իր հարցազրույցներրց մեկում ասել է. «ԽՍՀՄ–ի սահմանների ձեւավորման ժամանակ, երբ Դաղստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը լեզգիներին երկու մասի բաժանեց, նրանք դա հանգիստ ըսդունեցին, քանի որ համոզված էին՝ այդ սահմանային գիծը միայն վարչական նշանակություն ունի։ Իսկ այսօր Ռուսաստանը եւ Ադրբեջանը երկու առանձին անկախ պետություններ են։ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը վերջերս հայտարարեց, որ երկու հանրապետությունների միջեւ սահմանները պետք է պաշտոնապես հաստատուն եւ որոշակի դառնան։ Այսօր թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ադրբեջանը գիտակցում են, որ սահմանային գիծը չեն կարող անցկացնել մեկ ազգի «սրտի միջով»:

«Սավալ»–ի որոշ ղեկավարներ անկախ Լեզզիստան հիմնելու հարց են առաջ քաշում, ոմանք ցանկանում են միանալ Ռուսաստանին, ոմանք էլ՝ Ադրբեջանին։ Սակայն, Ռամազանովի կարծիքով, Ադրբեջանը անցյալում խտրականության քաղաքականություն է վարել լեզդիների նկատմամբ եւ աշխատել է նրանց ձուլել։ Այդ քաղաքականությունը շարունակելու եւ այն խստացնելու վտանգը այսօր էլ առկա է։ Օրինակ, մեսխեթցի թուրքերին եւ Հայաստանից փախած ադրբեջանցիներին բնակեցրել են լեզգիաբնակ շրջաններում։ Ռամազանովը դեմ է, որ լեզգիները ծառայեն Ադրբեջանի բանակում, ասել է՝ Ղարաբաղում կռվեն հայերի դեմ։ Ադրբեջանցիները իրենց հերթին լեզգիներին մեղադրում են, թե վերջիններս որոշել են Ադրբեջանի դեմ երկրորդ ճակատը բացել հյուսիսում։ Միեւնույն ժամանակ Աբուլֆազ Էլչիբեյը ճիգ ու ջանք չի խնայում լեզգիներին հանգստացնելու համար։ Վերջերս ժամանելով Դաղստան՝ նա բանակցություններ է վարել «Սավալ»–ի ղեկավարության հետ՝ նրանց խոստովանելով, որ Ադրբեջանում լեզգիների հետ կվարվեն ժողովրդավարական սկզբունքների համաձայն, բոլոր ազգային փոքրամասնությունները, այդ թվում եւ լեզգիները կստանան լեզվի եւ մշակույթի ինքնավարություն։ Սակայն Էլչիբեյի խոստումները հազիվ թե բավարարեն «Սավալ»–ի ղեկավարներին. նպատակը անկախ Լեզգիստան ստեղծելն է։ Իսկ ահա Բաքվում գործող «Թամուր» լեզգիական շարժման ղեկավարներին հավանաբար կգոհացնի ինքնավարության գաղափարը, քանի որ նրանք պահանջում են հավասար իրավունքներ Ադրբեջանում ապրող լեզգիների համար։ Այսուամենայնիվ, թե՛ Ադրբեջանի, թե՛ Դաղստանի ղեկավարները շահագրգռված են եւ հույս ունեն, որ երկու հանրապետությունների միջեւ սահմանները անփոփոխ կմնան։

Էմմա Բեգիջանյան
«Հայաստան Միջին Արեւելք» վերլուծական բաժին

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives