October 29, 2020

Իրադրությունը Արցախում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Ինչպես նախատեսվում էր, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ռազմական իրավիճակը Արցախի սահմանամերձ շրջաններում կտրուկ լարվել է: Հունիսի 9-ին և 10-ին հրթիռակոծվել և հրետակոծվել են հանրապետության գրեթե բոլոր սահմանային կետերը: Սպասվում է, որ մոտ օրերս Ադրբեջանի զինյալները կուժեղացնեն ճնշումը Մարտունու, Շահումյանի և Մարտակերտի սահմանային բնակավայրերի պաշտպանական դիրքերի վրա:

Վերջին երեք օրերին առավել տագնապալի էր իրավիճակը Մարտունու շրջանում: Միայն հունիսի 9-ի երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 6-ը շրջանի սահմանային բնակավայրերի վրա արձակվել են 300-ից ավելի հրթիռներ ու արկեր:

Աղդամի շրջանի Գյուլաբլի և Աբդալ ռազմական հանգրվաններից, գյուղերի շրջակայքից ուժեղ հրթիռակոծության են ենթարկվել Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը: Այդ երկու փոքրիկ հայկական գյուղերի վրա երկու ժամվա ընթացքում արձակվել են 140 հրթիռ ու արկ: Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ: Ավերվել են մի քանի բնակելի տներ ու շինություններ:

Նույն օրը երեկոյան ժամը 11-ին Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղի տարածքից հրետակոծվել է Մարտունի քաղաքը: Վիրավորվել է մեկ բնակիչ:

Իսկ հունիսի 10-ի վաղ առավոտյան Մուղանլու ադրբեջանաբնակ գյուղից հակառակորդը ուժեղ հարձակում է ձեռնարկել Մարտունի քաղաքի ինքնապաշտպանական դիրքերի վրա, որի հետևանքով վիրավորվել են երկու ազատամարտիկներ: Հարձակումը հետ է մղվել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ այդ նույն հատվածում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել մեկ պաշտպանական ամրություն և սպանել երեք հայերի: Այնուհետև այդ ամրությունները ազատամարտիկները հետ են գրավել:

Ֆիզուլու շրջանի դիվանլար ու Ղաջար գյուղերից միևնույն ժամանակ հրասայլերից, զրահամեքենաներից և գնդացիրներից հրետակոծել են Մաճկալաշեն գյուղը և սահմանապահ ջոկատների պաշտպանական դիրքերը: Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ ազատամարտիկ:

Հունիսի 9-ի առավոտյան ժամը 9-ին հրթիռակոծվել են Մարտակերտի շրջանի Չայլու, Մարաղա, Կարմիրավան և Թալիշ գյուղերը: Մի քանի ժամ շարունակ նշված գյուղերը գտնվել են թշնամու հրե օղակի մեջ: Արձակվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ արկեր ու հրթիռներ: Պաշտպանական դիրքերում զոհվել են երկու և վիրավորվել 6 ազատամարտիկներ: Ավերվել են մի քանի տասնյակ տուն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives