July 27, 2024
  • Homepage
  • >
  • Multimedia
  • >
  • Photo
  • >
  • Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում

Ընդունելություն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 20 սեպտեմբերի, 1991թ., թիվ 200-201 (264)

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությանը՝ կոնգրեսական Վեյն Օուենսի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին, նա նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների Հայաստանում ամերիկյան դիտորդների պատվիրակությունն ամենածանրակշիռն է լինելու, ինչը վկայում է մեր հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության հետաքրքրության մասին։ Միաժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը որպես այդ ուշադրության արտահայտություն գնահատեց Ամերիկայի կողմից Հայաստանի երկրաշարժից տուժածներին ցույց տրվող մարդասիրական օգնությունը, որը շարունակվում Է մինչ օրս։

Հայաստանն այսօր թևակոխում Է մի նոր ժամանակաշրջան, շարունակեց Գերագույն խորհրդի նախագահը, և վաղը մեր ժողովուրդը հնարավորություն կունենա ազատորեն դրսևորելու իր ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու հավաքական կամքը, որը հենված չէ սոսկ հուզականության և ազգային ոգևորության վրա, այլ բխում է քաղաքական գիտակցության որոշակի մակարդակի ձևավորման փաստից և արդյունք է նույն այդ քաղաքական հստակ վերլուծության։ Ժողովուրդը վերջապես թոթափել է այն մտայնությունը, իբր առանց հզոր հովանավորների փոքր ազգերը, մանավանդ աշխարհաքաղաքական մեր պայմաններում գտնվող, չեն կարող գոյատևել։ Դա ստիպում է պասիվ դիտողի դերից անցնել ակտիվ քաղաքական դիրքի, որն առաջին հերթին արտահայտվելու է աշխարհի բոլոր, և հատկապես հարևան պետությունների հետ, բնականոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ կոնկրետ գործողություններով, ինչը կարող է ստեղծել ազգի անվտանգ գոյության իրական երաշխիքներ։

Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, հանրաքվեից հետո հանրապետության իշխանությունների կողմից իրագործվելիք ծրագրերին։ Նշվեց, որ մեր անկախությունը ձեռք է բերվում օրինականության և սահմանադրության շրջանակներում, այդ իսկ պատճառով համեմատաբար դյուրին կլինի միջազգային ճանաչման հասնելը և Միավորված ազգերի կազմակերպությանն անդամագրվելը, սակայն դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը մերժում է ԽՍՀՄ հանրապետությունների հետ որևէ, այդ թվում և քաղաքական համագործակցություն։

Ավելին, անցումային այս փուլում ձեռնտու է մասնակցել ստեղծվող միջհանրապետական կառույցներում։ Սա իրատեսական ծրագիր է, շեշտեց Լևոն Տեր–Պետրոսյանը, և ըստ արժանվույն է գնահատվում ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ մյուս հանրապետությունների կողմից։ Հյուրերի խնդրանքով նա ներկայացրեց նաև Արցախի հիմնահարցի կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի ղեկավարության տեսակետները, ծանոթացրեց այդ խնդրի կապակցությամբ Ռուսաստանի պրեզիդենտ Ի. Ելցինի և Ղազախստանի պրեզիդենտ Ն. Նազարբաևի այցելության նպատակներին։

Շնորհակալության հայտնելով ընդունելության և բովանդակալից զրույցի համար, կոնգրեսական Վեյն Օուենսը, պատվիրակության մյուս անդամներն ընդգծեցին, որ Հայաստանի սահմանադրական և հավասարակշռված քայլերը հավանության են արժանանում ԱՄՆ-ի պետական շրջանակների կողմից և ամերիկացիների զորակցությունը հայտնեցին ազատության ու ժողովրդավարության ձգտող Հայաստանի Հանրապետությանը։

Հանդիպմանը ներկա էին Գերագույն խորհրդի քարտուղար Արա Սահակյանը, արտգործնախարարի պաշտոնակատար Աշոտ Եղիազարյանը, ԳԽ պատգամավորներ, պաշտոնական այլ անձինք։

(Գերագույն խորհրդի մամլո կենտրոն – Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives