February 27, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ընդդիմությունը հասկանում է, որ հանրաքվեի անցկացման դեպքում նախագահը կստանա վստահության քվե

Ընդդիմությունը հասկանում է, որ հանրաքվեի անցկացման դեպքում նախագահը կստանա վստահության քվե

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

«Ընդդիմության մեջ կան ռեալիստ մարդիկ, որոնք լավ են հասկանում, որ հանրաքվեի անցկացման դեպքում նախագահը վստահության քվե կստանա»,- օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով նախագահի հրամանագրով օգոստոսի 17-ին հրավիրված ՀՀ Գերագույն խորհրդի նիստի արդյունքներին վերաբերվող հարցերին, հայտարարեց ՀՀ նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը:

Պատասխանելով ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցի հարցերին, նա հայտնեց, որ ԼՂՀ-ում վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները պայմանավորված էին այնտեղ ռազմական հայտարարմամբ, որն էլ իր հերթին հետևանք էր Արցախում տիրող բարոյահոգեբանական և ռազմաքաղաքական ոչ բարոք իրավիճակի և ամենևին կապված չեն նույն օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Իսկ ազգային դաշինքին ներկայացուցիչների՝ Հայաստանում այս ճգնաժամային պայմաններում իշխանությունը, ինչպես նաև դրանից բխող ժողովրդի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունը վերցնելու պատրաստակամության մասին կարծիք հայտնեց, որ այդ ընթացքում անընդունելի պետք է համարել ոչ սահմանադրական մեթոդները: Իբրև այդպիսին նա որակեց ուրբաթ երեկոյան կայացած հանրահավաքում նախագահի նստավայր ներխուժելու մասին կոչերը: Նախագահի մամլո քարտուղարը ընդդիմության համար իշխանության հասնելու լավագույն և ամենաընդունելի ճանապարհ համարեց նախագահի կողմից առաջարկվող հանրաքվեն:

Հայաստան-Իրան փոխհարաբերությունների սառեցման և նույն պահին էլ Ադրբեջանի Իրան հարաբերությունների կտրուկ աշխուժացման վերջին ժամանակներս նկատվող միտումները որպես Հայաստանի իշխանությունների քաղաքական բացթողումները արդյունք նկատելու մասին հարցին նա պատասխանեց, որ չնայած Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը մեծ և կոնկրետ հաջողությունների էր հասել, բայց Շուշիի և Լաչինի դեպքերից հետո իրանական կողմը սկսել է փոքր-ինչ զսպվածություն դրսևորել: Ռ. Շուգարյանը սակայն նշեց նաև, որ դա չպետք է կապել Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների աշխուժացման հետ, միաժամանակ հայտնելով, որ Հայաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանի երկրները միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ լինեն, որով էլ կապահովվի շրջանի քաղաքական կայունությունը: «Չեմ կարծում, որ Ադրբեջանի և Իրանի լավ հարաբերությունները խանդի կամ մրցակցության հարց է»:

ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտնեց, որ կտրվել է Նախիջևանի հետ հեռախոսակապը: Նա այդ իրադարձությունը համարեց Նախիջևանի նախարարության վրա պաշտոնական Բաքվի ճնշման հետևանք: Խոսելով Արծվաշենի ճակատագրի մասին, պրն Շուգարյանը հայտնեց, որ Արծվաշենի հարցը ՄԱԿԻ-ի Անվտանգության խորհրդի ներկայացնելու հնարավորությունները ճշտելու նպատակով ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների՝ ՄԱԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives