September 26, 2020

Եթե մեր հողը չպահենք, թուրքը կշատանա

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Մեր թղթակիցը վերադարձավ Արծվաշենից

Արծվաշենի մասին շատ եւ շատերն են գրել։ Ցավոք, գրիչ վերցնողներից ոմանք իսկությունը չեն հաղորդում։ Այսպես, վերջերս հրապարակված մի հոդվածից տեղեկանում ենք, որ Արծվաշենի երիտասարդությունը, բոլոր տղամարդիկ որոշել են մինչեւ վերջ պաշտաանել իրենց հարազատ հողը, եւ պարզապես ապահովության համար որոշ ընտանիքներ, կանանց ու երեխաներին տեղափոխում են այլ վայրեր։

Արծվաշենից ես վերադարձել եմ կիրակի՝ հուլիսի 26-ին։ Վկայում եմ՝ ոչ թե որոշ ընտանիքներ, կանայք եւ երեխաներ, այլ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը, այդ թվում երիտասարդ այրեր, տեղահանվել կամ ուղղակի լքել են գյուղը։ Շրջգործկոմի նախագահը երեսուն ավտոբուս է տարել գյուղ եւ խուճապ առաջանցնելով «առաջարկել»՝ ով ուզում է մնա, ով չի ուզում, կարող է հեռանալ։ Դե եթե շրջանի իշխանություններն են այդքան անհանգստացած, ուրեմն շատ վատ բան է սպասում, մի՞թե այսպես չեն մտածի մարդիկ։ Եվ այս կերպ փաստորեն դատարկվում է մի բնակավայր, որը ցայսօր լուրջ հարձակման չի ենթարկվել։

Ես չեմ կարող վստահաբար ասել, տեղահանման այդ գործողությունը շրջգործկոմի նախագահ Զարեհ Սարգսյանի անհատական նախաձեռնությունն է, թե թելադրված է վերեւից։ Համենայնդեպս, մեծ վտանգ կա, որ Արծվաշենը կարող է կիսել Շահումյանի ճակատագիրը։ Չի բացառվում, որ իշխանությունները ձգտում են բնակչության նման տեղահանման միջոցով լուծել հարցը։ Չէ՞ որ եթե մարդիկ չկան, չկա նաեւ խնդիրը։

Արծվաշենցիները դարասկգբին մի անգամ արդեն հայտնվել են շատ ավելի ծանր կացության առաջ։ Բայց գյուղը անօրինակ զանգվածային հերոսությամբ կարողացավ պաշտպանել իրեն եւ նույնիսկ օգնության ձեռք մեկնել հայկական այլ գյուղերի ու Սարատովկայի մոլոկաններին։ Այն ժամանակ Արծվաշենում եղանակ էին ստեղծում Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղի ուժեղ կառույցը եւ Առաքելական եկեղեցու արիասիրտ քահանան։

Այժմ վիճակն այլ է։ Ստեղծվել է թշնամու ուռճացած, ամենահաղթ կերպար։ Մարդիկ գրեթե հուսալքված են։ Նրանցից մեկը, ինձ դիմելով, ասաց. «Թուրքը շատ է, բա մենք կարա՞նք նրա հետ կռվենք»։ Սա արդեն միանգամայն խորթ է արծվաշենցու հոգեբանությանը։ Անելք վիճակի տպավորություն է ստեղծվում, որպեսզի տեղահանությունն ընկալվի իբրեւ անհրաժեշտություն։ Այո, թուրքը շատ է, քանզի արծվաշենցիները արդեն բնակվում են շրջկենտրոնում, իսկ նրանց մի զգալի մասը սփռվել է Հայաստանով մեկ։ Ապագայում թուրքը ավելի կշատանա, եթե մենք մեր հողը չպաշտպանենք։

ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives