December 6, 2024

Դաշինքը պետք է հստակեցնի իր գործելակերպը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Վերջին օրերին Հայաստանում նորից շիկացավ քաղաքական մթնոլորտը: Այս անգամ պատճառը իշխանությունների  և, մասնավորապես, հանրապետության նախագահի վարած քաղաքականությունն էր, որից դժգոհ են շատ ավելի, քան «ինչ-որ երեք հազար մարդ»: Բազմամարդ հանրահավաքներում բարձրացված հարցերը տեղափոխվեցին խորհրդարան և այնտեղ գտան իրենց «տրամաբանական» վախճանը:

«Ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերի քաղաքական իրադարձությունները և ստեղված կացություննից ի՞նչ ելքեր եք տեսնում» հարցով մեր թղթակիցը դիմեց «Ազգային դաշինք» միության մի քանի անդամների:

Տիգրան Սարգսյան (ԱԺՄ). — Իմ կարծիքով հանրապետությունում սկսվել է նոր փուլ, որը ես կանվանեի խմորումների փուլ: Դրա բնութագրիչ հատկանիշներն են.

ա. Իշխանությունները ապացուցեին, որ սպառել են դեպի քաղաքական շտկումը տանող ուղին և որևէ բնագավառի վերաբերյալ ասելիք չունեն

բ. ընդդիմությունը, ի դեմս Ազգային դաշինքի պատրաստ չէր իրադարձությունների զարգացման նման ձևին և տեմպերին

Այս փուլում, իմ կարծիքով, տեղի կունենա քաղաքական նորմերի և արժեքների փոփխություն ինչպես հասարակական ուժերի, այնպես էլ ազգաբնակչության համար: Կձևավորվեն նոր նպատակներ և պահանջները, կկատարվի քաղաքական ուղու ընտրություն: Մի հանգամանք ևս. դեռ չի երևում այս իշխանությունների փոխարինման ձևը և փոխարինող ուժը: Իշխանությունը հենվում է երեք սյուների վրա՝ պետական կառույցներ, զինված միավորումներ և ժողովուրդ: Ակնհայտ է, որ իշխանությունների փոփոխման ձևերը այս երեք սյուների մեջ են:

Այս փուլում պետք է տրվեն պատասխաններ և պետք է հայտնվի սուբյեկտ, որը կարող է այդ պատասխաները տալ: Դա կարող է լինել Ազգային դաշինքը, այս կամ այն կուսակցությունը, կամ որևէ անհատ, որին ժողովուրդը կվստահի:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Դաշինքը պետք է հստակեցնի իր ծրագիրը և գործելակերպը:

Հաջորդ հարցը, որին պատասխան պիտի տրվի. ինչպե՞ս է պատկերացում Ազգային դաշինքը նոր կառավարման ձևը: Սրա պատասխանը կտրվի, երբ Դաշինքի մեջ մտնող կուսակցությունների մեջ բանակցություններ կըթանան և կկատարվի տարբերակի ընտրություն: Դրանք մի քանիսն են, բայց չէի ցանկանա առաջ ընկնել ժամանակից:

Հրանտ Խաչատրյան (ՍԻՄ). — Նախագահի մեղադրանքները, թե հրաժարականի պահանջը օրինակն չէ, զուրկ են հիմքից, որովհետև սա քաղաքական պահանջ է: Այն փաստարկները թե սպառնալիք են հնչել, ճիշտ չեն: Հարց է ծագում. ինչո՞ւ է նախագահը մեղադրում Դաշինքին անօրինականության մեջ: Հավանաբար մեղադրանքները և նրա կողմակիցների կողմից ԳԽ նիստի տապալելը պետք է մի նպատակ ունենա. Ժամանակի ընթացքում կուսակցությունների նկատմամբ այս կամ այն քայլերը կատարել, հատուկ կամ ռազմական դրություն մտցնելու միջոցով սահմանափակել կուսակցությունների հնարավորությունները:

Ինչ վերաբերվում է հանրապետության իրավիճակին, համոզված եմ, որ դժգոհությունը իշխանություններից օր օրի աճում է: Ճիշտ է տարբեր խավերի դժգոհության պատճառները տարբեր են, բայց գումարային դժգոհությունը աճում է և անկախ նրանից, թե այս ալիքը ով կգլխավորի, նախագահի ասպարեզից հեռանալու պահանջը հասնելու է իր տրամաբանական ավարտին:

Սիմոն Շահազիզյան (ՀՀԿ).— Վերջին օրերին քաղաքական ակտիվությունը պայմանավորված է ներկա իշխանության՝ վերջին երկու տարում վարած քաղաքականության սնանկությամբ: Ցավոք, այս ակտիվացումը իշխանությունների կողմից ընկալվեց ընդամենը իշխանության համար պայքար, և, բնականաբար, նրանց արձագանքը ուղղվեց իրենց իշխանությունը պահելուն, բայց ոչ ճիշտ եզրահանգումներ անելուն:

Նիստերը ցույց տվեցին, որ տարվում է ճղճիմ, ինտրիգային քաղաքականություն, բոլոր ջանքերը ներդրվեցին աշխատանքը տապալելու համար: Այսպես շարունակել անհնար է, քանզի սա կնշանակի նորից ընթանալ դեպքերի հետևից:

Համոզված եմ՝  ոչ ժողովուրդը, ոչ կուսակցությունները չեն կարող նայել ինչպես է Հայաստանը մասնատվում ու քայքայվում:

Գործընթացը շարունակվելու է, և ի վերջո իշխանությունները փոխելու են քաղաքական գիծը, բայց ցավալի է ժամանակի կորուստը, որովհետև այս իշխանությունը ամեն օր ժամանակի կորուստ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives