May 16, 2021

Բիշքեկի հանդիպումն արդյունավետ էր

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)

ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի հոկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսը նվիրված էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների Բիշքեկի հանդիպման արդյունքներին: Վարչապետը նշեց, որ հանդիպման որոշումները բավականին արդյունավետ էին ու կառուցողական: Քննարկումներն անցան նախագահների և կառավարությունների ղեկավարների և առանձին, և համատեղ նիստերում:

Ընդհանուր առմամբ քննարկվել և ստորագրվել են շուրջ երեք տասնյակ փաստաթղթեր, որոնք շոշափվում են անդամ երկրների տնտեսական ու քաղաքական անհետաձգելի ու հեռանկարային խնդիրները:

Առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաստրատեգիական, հատկապես միջուկային զենքի տեղաբաշխման ու տնօրինման հիմնահարցին, որի պատճառով Բիշքեկի վրա էր սևեռվել նաև միջազգային քաղաքական շրջանների հետաքրքրությունը:

Ղըրղըզստանի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում ընդգծվել է ԱՊՀ երկրների տնտեսական ինտեգրացման պահպանման ու խորացման իրատեսական անխուսափելիությունը, դրանից բխող ռուբլու գոտու նպատակահարմարությունը:

Ֆինանսավարկային քաղաքականության մշակման ու իրականացման տեսակետից համընդհանուր հավանության է արժանացել միջպետական բանկի ստեղծման գաղափարը, որի մարմնավորումը կպահանջի տևական ջանքեր:

Գագաթնաժողովը անդրադարձել է նաև մեծ աղետների՝ Չեռնոբիլի, Արալի, Սպիտակի երկրաշարժերի հետևանքների վերացման խնդրին, բայց ավարտուն փաստաթուղթ չի ընդունել:

Համընդհանուր հետաքրքրություն էր ներկայացնում անդամ երկրների սեփականության նկատմամբ մոտեցումների կանոնակարգումը: Իսկ ձմռան նախապատրաստության ընթացքում շրջափակումների դատապարտումը, որը մեզ համար հանապազօրյա է, ունեցավ սոսկ դեկլարատիվ բնույթ:

Այնուհետև Խոսրով Հարությունյանը պատասխանեց լրագրողների, հարցերին որոնք վերաբերում էին հանրապետության տնտեսական ու քաղաքական կյանքի այսօրվա իրավիճակին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives