March 6, 2021

Արցախցու Աստվածը զենքն է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Ասված է՝ շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։ Ամենատարբեր առիթներով սերնդե-սերունդ ինչքա՜ն ենք կրկնել այս խոսքերը։ Ասել ենք, երբ շունն արդեն մեզ կծել էր, ասել ենք որպես սովորական առօրեական ճշմարտություն եւ անցել մեր գործերին՝ հող մշակել, ծառ տնկել, պատ շարել, գիրք գրել՝ այդպես էլ մոռանալով, որ շանը մենք չենք ընտրել, ուզենք-չուզենք, շունն ու մենք դատապարտված ենք կողք կողքի ապրելու, իսկ մեր ձեռքին այդպես էլ փայտ չկա…

Մենք մոռացել ենք շանը, բայց նա չի մոռացել մեզ եւ օրեր, տարիներ, դարեր շարունակ զոհեր ենք տվել՝ հազար, 300 հազար, 2 միլիոն… Ձեռքներս փայտ վերցնելու փոխարեն բարեկամներ ենք փնտրել աշխարհով մեկ, մեծ ու կզոր տերությունների ոտքերն ընկել։ Երբեմն պաշտպանել են՝ իրենց շահերից ելնելով, առավել հաճախ՝ թողել գնացել։ Հուսահատությունն ու ինքնապաշտպանության բնազդը ստիպել են փայտ (զենք) վերցնել, մուսալեռներում ու սարդարապատներում անձնազոհաբար կռվել, պաշտպանել մեր տունն ու պատիվը եւ շարունակել գոյատեւել։ Հիշենք նաեւ Զեյթունի, Վանի ինքնապաշտպանությանը, Բաշ-Ապարանը, հիշենք Աղբյուր Աերոբին, Գեւորգ Չաուշին, Անդրանիկին, Գարեգին Նժդեհին։

Հետո տարիներ են անցել, ժամանակները փոխվել են, ու շունը մնացել է: Գաղափարների գույնզգույն դրոշներ տեսնելով՝ մենք մոռացել ենք շանը եւ փայտը մի կողմ նետել… Ու դարձյալ հայի արյուն է հեղվում։

Քաղաքակիրթ աշխարհն իր օրենքներն ունի։ Պատերազմը պատերազմ է, խաղաղությունը՝ խաղաղության։ Պատերազմում կռվում են, խաղաղության ժամանակ գութան ու խոփ կռում։ Տարիներ շարունակ այդպես են ապրել աշխարհի բոլոր ժողովուրդները՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում…

Սակայն քաղաքակիրթ Եվրոպայի ու Ասիայի ճանապարհների խաչմերուկում ծվարած Հայոց լեռներում եւ նրա շուրջ այլ օրենքներ են գործում։ Մեզ մոտ զենքը զենք է, գութանը՝ գութան։ Մեկը մյուսին փոխարինել չեն կարող։ Մեր խաղաղությունն էլ պատերազմի համ ունի եւ, ընդհանրապես, դժվար է հստակ սահմանազատել՝ որտեղ է վերջանում պատերազմը, որտեղ է սկսվում խաղաղությունը։ Մենք եզակի ենք ոչ միայն մեր անկրկնելի այբուբենով ու հայկական խառնվածքով, այլեւ՝ պատմությամբ, աշխարհագրական դիրքով ու ճակատագրով։

Օդը, ջուրը, հացը մարդու ամենաանհրաժեշտ գոյամիջոցներն են, սակայն հայերիս համար այդ բոլորն անիմաստ են, երբ մեր ձեռքին զենք չկա։ Այդ է վկայում մեր պատմությունը, մեր ոչ վաղ անցյալն ու ներկան։ Բայց ավելի համախմբվելու եւ բռունցքվելու փոխարեն մենք սփռվել ենք աշխարհով մեկ, պատմական մեր մեծ հայրենիքի մի փոքրագույն հատվածում ստեղծել երկու պետական միավորներ՝ Հայաստան եւ Արցախ։ Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի ոչ թշնամի հարեւաններ՝ Վրաստան, Իրան, ապա Արցախի երեքուկես կողմն օղակված է թուրք ադրբեջանցիներով, մյուս կողմում բարակ թելի պես ձգվում է Լաչին–Գորիս ճանապարհը։

Բոլոր կողմերից պաշարված արցախցիներիս համար ազգ, քաղաքացի հասկացությունները նույն իմաստը պիտի ունենան։ Ճիշտ է, մենք հրեա չենք, բայց եթե ուզում ենք ապրել, շատ բան պիտի սովորենք ինչ որ տեղ ճակատագրով մեզ նման այդ ժողովրդից։ Խաղաղության ժամանակ մեր զենքը միշտ պատրաստ պիտի լինի դիմակայելու յուրաքանչյուր ոտնձգություն։ Մենք պիտի վերջապես ստեղծենք մեր կանոնավոր բանակը՝ սահմանապահ–երկրապահ ջոկատներով ու խստագույն կարգապահությամբ։

Արցախի գլխով շատ ամպեր են անցել եւ դեռ էլի կանցնեն։ Արցախն իր ժողովրդով ապրելու եւ հարատեւելու է։ Դարավոր թշնամին այս անգամ էլ է ետ շպրտվելու։ Եվ մի ասեք, թե նրանք բազմաքանակ են, շատ տեխնիկա ունեն եւ այլն։ Թուրք ադրբեջանցիները երբեք մեզ վրա նվազ թվաքանակով չեն հարձակվել։ Տարիներ, դարեր առաջ էլ տասնապատիկ գերազանցող ուժերով արշավել են մեր լեռնաշխարհի վրա եւ միշտ էլ ասկյարների հազարավոր դիակներ են թողել մարտադաշտում ու խաճապահար փախել։ Եթե նրանք պատմությունը մոռացել են, մենք այս անգամ էլ կհիշեցնենք։ Եվ քանի դեռ մեր հողի վրա ենք, եւ թշնամին աչք ունի մեր հողին, մեր Աստվածը զենքն է լինելու։ Բոլոր այն առաքյալները, որ այլ Աստված ու կուռք են քարոզում, ԶԵՆՔԻ տեղ այլ բան են առաջարկում, օտարածիններ են ու հայ չեն։

Մեր սրբություն սրբոցը պիտի դառնա ԶԵՆՔԸ։ Մեր հայրենակիցները երդում պիտի տան իրենց նախնիների գերեզմանին, հարազատների, ազատամարտիկների շիրիմի առջեւ, երդում պիտի տան ԶԵՆՔԻ վրա, որը մեզ համար ապրելու եւ գոյատեւելու միջոց է։ Արցախցու Աստվածը ԶԵՆՔՆ է, հետո միայն՝ գիր ու գրականություն, կինո, թատրոն, եկեղեցի եւ այլն։

Բակում հինգ -վեց տարեկան մի մանչուկ փայտի ու երկաթի կտորներ իրար կցմցելով ինչ որ բան էր սարքում։ Շիկնած այտերից քրտինքի կաթիլներ էին գլորվում, շուրջը մարդիկ էին գնում- գալիս, սակայն փոքրիկն այնպես էր խորասուզվել իր աշխատանքի մեջ, որ ոչինչ չէր նկատում։

«Ի՞նչ ես շինում»՝ հարցնում եմ։ Իր վճիտ աչքերով վարից վեր նայեց ինձ ու շրթունքներն արնոտելու աստիճան կծոտելով ասաց. «Ավտոմատ եմ շինում, որ մեր թշնամուն սպանեմ…»։

Վարդգես Օվյան
Ստեփանակերտ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives