July 27, 2024

…Ասա՝ ի՞նչն էր պատճառը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Հիշում եք՝ «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռումուռ, երգեց, ճռաց, ճռճռաց, եւ երբ եկան ձմռան օրերը ցրտաշունչ, ընկավ լուռումունջ, քաղցած փո­րին էլ ի՞նչ երգ, ցուրտը տարավ ոտուձեռ»։ Ճիշտ այդպես այս էլ երեք ամառ շուռումուռ ենք գա­լիս, ճռում, ճռճռում, քաղաքական լուրջ խնդիրներ տալիս-առնում, երկար–բարակ ճառում-ճամարտակում, մեծ-մեծ ստեր հորինում եւ այդ ստերին հավա­տում, դրանցով հիանում-ուրախանում ու… ձմռանը կանգնում կոտրած տաշտակի առաջ։

1990-ի սարսափելի ձմռան մի սառնաշունչ օր ազգովին ըն­դունեցինք խորհուրդ-մխիթարանքը, թե՝ մի քիչ էլ կացեք, գարուն կգա, խոտերը կբուսնեն։ Ինչպես նաեւ խորհուրդ-խրատը ազգի ոչ մորուքակիր մասին՝ թե ինչպես կարելի է ընդամենը կես բաժակ ջրով սափրվել:

1991–ի խստաշունչ ձմռանը այդ խորհուրդներն էլ ավելորդ համարվեցին։ Մնացինք մեն –մենակ սառնամանիքի դեմ՝ հույսներս մեզ վրա, «առանց կողմնորոշման ու երրորդ ուժի»։ Եվ, պատկերացրեք, հաղթեցինք՝ ի հեճուկս բոլոր ընդդիմադիրների։

Դարձյալ ողջ ամառը շուռումուռ. էլ Գերագույն խորհրդի բուռն նիստեր, էլ վարչապետներ, էլ նախարարներ… Եվ նո­րից ձմեռ։ Ավելի դաժան, ավելի սարսափելի, քան նախորդ երկուսը։ Դե ձմեռ է, ձախորդ օրերի նման կգա ու կերթա, իսկ տա­քերն ընկնելուն պես կզբաղվենք վեհ քաղաքականությամբ, մեկին երկրից կվռնդենք, մեկելին պատվով ու փառքով երկիր կկանչենք, տաք օրերը թեժ վի­ճաբանությամբ կանցկացնենք ու ձմռանը…

Բայց սպասեք, լուրեր են պտտվում, թե սա վերջին ձմեռն է լինելու, այսինքն էլ այսպիսի ձմեռ չի լինի, ասել է թե՝ ավելի դաժան կլինի…

Ժողովուրդն էլ ցրտից սկսել է իրեն ձեռ առնելով տաքանալ։ Ասում են՝ ճշտերն աշնանն են հաշվում, հայերին՝ գարնանը։

Հայաստանը անկախ ամա­ռանոց դարձնելու երազանքը իրականություն է դառնում։ Կգա գարունը, ողջերին կհաշվենք, կհանենք սահմանամերձ շրջան­ների դատարկվող բնակչությանը, մնացած թվից՝ արտասահ­ման փախչողներին, կգումարենք մեծափոքր երկրների դեսպա­նատների կոփված աշխատողնե­րին, «մի քանի սարուձոր Հա­յաստանից» կթողնենք մի բուռ դաշտավայր՝ իր թագավորա­նիստ քաղաքով, ու եթե էլի ձմեռ գա՝ իր ծոցից դուրս թռած իշ­խանությանը ժողովուրդը նորից իր ծոցը կառնի, կփաթաթվի ու տաք-տաք քուն կմտնի մինչեւ գարուն։ Դա հաջորդ տարի, իսկ այժմ բռնենք վերվերի, քամին ծափ տա, կառավարությունը պարի:

Յուրի Դավթյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives