December 3, 2024
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Ամենախաղաղասեր ուժը բանակն է

Ամենախաղաղասեր ուժը բանակն է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

գտնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանը

Եռամսյա ընդմիջումից հետո Վ.Մանուկյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելու համար վերջին իրադարձությունների իր մեկնաբանություններն ու հայկական բանակի կազմավորման վերաբերյալ նկատառումները:

Բանակի կազմավորման գործում թերությունների մասին շատ է խոսվում, և պրն Մանուկյանը այդ խոսակցությունների հիմնական մասին համաձայն չէ, քանի որ, ըստ հանրահայտ ռազմական աքսիոմի, անհնար է ուժեղ լինել ամեն տեղ, պետք է ուժեղ լինել կարևորագույն տեղերում: Բանակի կազմավորումն ընթանում է և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, ընդհանուր առմամբ դա տարբեր պետություններում կազմավորվող նույն միասնական Հայոց բանակն է, որի հանդեպ, որքան էլ ցավալի է,  վստահության պակաս կա: Վ.Մանուկյանն ասաց, որ իրեն մտահոգում է ոչ այնքան վերջին գործողություններին ռուսական զինամիավորումների մասնակցության մասին ադրբեջանական քարոզչությունը,  որքան հայերիս մտմտուքը, թե մեր հաղթանակներն անհնարին են առանց կողմնակի օժանդակության: Երկրորդը` Քելբաջարը հեշտությամբ զիջելով` Զանգեզուրը գրավելու առևտրի մտավախությունը (Վ.Մանուկյանը շեշտեց «Ազգի» հրապարակումը): Սա վկայում է, որ մեր ժողովուրդը դեռ չի վարժվել սեփական ուժերին վստահելուն, դեռ չի պատկերացնում, թե ինչքան է հզոր, թե ինչպիսի մեծ խնդիրներ է ունակ իր առջև դնելու և լուծելու: «Բոլոր այն հաջողությունները, որ մենք այսօր ունենք ռազմական ասպարեզում, վաղն ունենալու ենք տնտեսական և քաղաքական ասպարեզներում», – հայտարարեց Վ.Մանուկյանը:

Վերջին գործողությունները բնականաբար փոփոխություններ են մտցնում նաև Ղարաբաղի հարցում: Ապացուցվեց, որ Ադրբեջանն անզոր է լուծել հարցը ռազմական ուժով: Վ. Մանուկյանն ընդգծեց իր կարծիքը, ըստ որի ոչ մի տարբերակ , որը կենթադրի Ղարաբաղի մնալն Ադրբեջանի կազմում, իրական չէ: Ոչ մեկի խոստումները երաշխիք լինել չեն կարող: Ղարաբաղը հասկանում է, որ իր գոյության միակ երաշխիքը զինված պաշտպանությունն է: Ոչ մի խոստում չի կարող հիմք լինել այս պաշտպանությունը թուլացնելու համար: Ղարաբաղցիներն այսօր կասկածով են վերաբերվում նույնիսկ ՀՀ քաղաքականությանը` երկմտելով, թե դրա հետևանքով ԼՂՀ շահերը կարող են տուժել:

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքն ընդունելի է Եվրոպայում, որտեղ երկու համաշխարհային պատերազմ եղավ  այդ սահմանները ճշտելու համար: Այդ սկզբունքի իրագործումը կամայականորեն սահմանագծված այս տարածքում ընդունելի և իրական չէ:

Վ.Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղը կհաղթի և իրավաբանորեն ձեռք կբերի այն անկախությունը, որը փաստորեն ձեռք է բերել:

«Երկիր», 1993,  8 ապրիլի  

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives