July 26, 2024

Ադրբեջանը 20 անգամ խախտել է զինադադարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ.

Հայաստանը և Ադրբեջանը մեղադրում են միմյանց

Ինչպես Ինտերֆաքս գործակալության թղթակցին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական-վերլուծական կենտրոնի տխրահռչակ տնօրեն Լեյլա Յունուսովան, չնայած Ղարաբաղում հայկական կողմը շարունակ խախտում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը կշարունակի ամեն ջանք գործադրել, որպեսզի Սոչիում կնքված համաձայնագիրն իրականանա: Ադրբեջանի նախարարության կարծիքով, համաձայնագիրն արդեն հանգեցրել է հակամարտության որոշ կայունացմանը, իսկ Ադրբեջանի զինված կազմավորումները խստորեն պահպանում են այն: Յունուսովան հայտնել է նաև, որ արդեն Բաքու են ժամանել Ռուսաստանի դիտորդները, որոնք կտեղաբաշխվեն հակամարտության գոտում:

Ըստ Յունուսովայի, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությունը, որն արտահայտվել է Սոչիի համաձայնագրի ստորագրումով, լիովին համընկնում է ԵԱՀԽ միջնորդական ջանքերի հետ, և այդ ամենը պետք է դիտել որպես միասնական գործընթաց:

Մինչդեռ, ինչպես «Սնարք» գործակալությանը հայտնի է դարձել Հայաստանի նախագահի ապարատից, Սոչիի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը 20 անգամ խախտել է այն, ընդ որում 15 լուրջ խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծումների և Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին նյութական մեծ վնաս է հասցվել: Սոչիի համաձայնագրի խախտման դեպքերի ցուցակը, որն ընդգրկում է սեպտեմբերի 26-ից 28-ի իրադարձությունները, երեկ ուղարկվել է պաշտպանության նախարար Պավել Գրաչովին:

Նմանատիպ ուղերձով Գրաչովին, ինչպես նաև Ելցինին և Բարաննիկովին է դիմել Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահին Ղազիևը: Երեկ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում նա հայտարարեց, որ դեմ է հակամարտության գոտի մտցնել ԱՊՀ կամ Ռուսաստանի Դաշնության ուժերը: Իր ելույթի վերջում Ռահիմ Ղազիևը արեց ապշեցուցիչ հաղորդագրություն, թե վերջերս ադրբեջանական օդուժը չի ռմբակոծել Ստեփանակերտը: Նրա խոսքերով «դա երրորդ կողմի ձեռքի գործն է»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives