July 26, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ադրբեջանը արդեն ճանաչում է Արցախի փաստական անկախությունը. ասում է ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավարը

Ադրբեջանը արդեն ճանաչում է Արցախի փաստական անկախությունը. ասում է ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)

Վերջին ժամանակներս Արցախի իշխանությունների հետ ուղղակի շփումներ են սկսվել, եւ կարծես թե ԼՂՀ-Ադրբեջան քաղաքական երկխոսության համար ստեղծվել են իրական նախադրյալներ։ Այդ, ինչպես եւ հակամարտությանը վերաբերող այլ հարցերի մասին է «Հայլուրի» թղթակից Վաչե Մկրտչյանի հարցազրույցը ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավար ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։

– Ի՞նչ ընթացքի մեջ են Ադրբեջանի ղեկավարության հետ քաղաքական երկխոսությունները, եւ ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախը դրանից։

– Ես շատ եմ կարեւորում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, այնքանով, որ Բաքուն վերջապես համոզվեց, որ խելամիտ չէ Արցախի հետ ուժի դիրքերից խոսելը։ Ավելի ճիշտ՝ մենք համոզեցինք։ Այսօր Բաքուն ստիպված է հաշվի նստում Արցախի հետ, քանզի կա ԼՂՀ-ն՝ եւ՛ որպես քաղաքական, եւ՛ որպես ռազմական գործոն։ Նման պայմաններում ուղղակի անհնար է փաստերի հետ հաշվի չնստելը։

Ինչ վերաբերում է վերջին օրերի երկխոսություններին, դրանք բավական արդյունավետ են։ Ի դեպ, ԵԱՀԽ-ի շրջանակներում մեկ տարվա անօգուտ քննարկումներից հետո վերջին մեկ ամսում ադրբեջանա-ղարաբաղյան երկխոսությամբ հակամարտության խաղաղ կարգավորման գործում առկա առաջխաղացումը շատ է նկատելի: Փաստորեն ԼՂՀ-ն արդեն ճանաչվում է որպես հակամարտող կողմ։

– Իսկ խնդրի միջազգայնացումը ի՞նչ տվեց Արցախին։

– Ճիշտն ասած՝ ժամանակին կողմ էինք Արցախյան հարցի միջազգայնացմանը: Դա ունեցավ իր դրական լիցքը։ Այսօր նկատելի են դրա նաեւ բացասական կողմերը։ Ամենեւին չթերագնահատելով ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի եւ միջազգային մյուս հեղինակավոր կազմակերպությունների դերը՝ կարծում եմ՝ առավել կարեւոր են հակամարտության մեջ ներգրավված կողմերի ուղղակի երկխոսությունները եւ նրանց միջեւ փոխհամաձայնությունների ձեռքբերումը։ Իմ կարծիքով, եթե կողմերի միջեւ անմիջական համաձայնություններ չլինեն, ցանկացած որոշում դատապարաված է լինելու անիրագործելիության։ Այս առումով կարեւորում եմ այդ երկխոսությունները եւ գտնում, որ դա արդեն հակամարտության խաղաղ կարգավորման գործում մի քայլ է։

– Քանի որ խոսք գնաց ԵԱՀԽ-ի մասին, մի քանի բառ ասեք, խնդրեմ, Մինսկյան խմբի ղեկավար Մարիո Ռաֆայելլիի շուրջ ծավալված խոսակցությունների մասին։ Մանավանդ՝ արդեն միջազգային մամուլն է անդրադարձել նրա՝ Իտալիայի մաֆիոզ խմբավորումների հետ ունեցած կապերին, եւ, ինչպես հայտնի է, իտալական ոստիկանությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Այս իրադարձությունների լույսի տակ, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կընթանան ԵԱՀԽ-ի գործերը մոտ ապագայում, դրանք չե՞ն ազդի խաղաղարար գործընթացների վրա։

– Նախ ասեմ, որ այդ մասին գիտեինք նախքան պաշտոնական լրատվությունը, դեռեւս ամիսներ առաջ։ Մենք հետեւում էինք նրա շուրջ ծավալվող խոսակցություններին եւ սպասում, թե ինչպես կզարգանան դեպքերը։ Վերջապես, արդեն կա պաշտոնական հաղորդում Ռաֆայելլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Հետաքննության արդյունքներից առաջ չընկնենք, սակայն ասեմ, որ դա ցավալի փաստ է։ Այնպիսի լուրջ հիմնահարցի, ինչպիսին Արցախի հարցի լուծումն է, ձեռնամուխ եղած միջազգային կազմակերպության հեղինակավոր ներկայացուցիչը մեղադրվում է մաֆիայի հետ կապերի մեջ։ Սա հեղինակազրկում է ոչ այնքան Ռաֆայելլիին, որքան ԵԱՀԽ-ին:

– Դուք դա պատահակա՞ն եք համարում։

– Ինչ-որ տեղ՝ ոչ։ ԵԱՀԽ-ն այն կազմակերպությունը չէ, կամ դեռեւս չէ, որ ի վիճակի լինի լուծել նման հարցեր, կարեւոր դեր խաղալ աշխարհի թեժ կետերի պրոբլեմների խաղաղ կարգավորման գործում։ Դե, իսկ Իտալիան մեզնից տարածությամբ այնքան հեռու է, որ դժվար է կանխագուշակել, թե դեպքերն ինչպիսի ընթացք կունենան եւ ինչպես կազդեն ԵԱՀԽ-ի վրա։ Ամեն դեպքում ցավալի է, որ նման բան է պարզվել։ Իսկ մինսկյան խմբից ստացվող վերջին նամակները ստորագրվում են խմբի ղեկավարի տեղակալ Մարիո Սիկայի կողմից։ Սա եւս հավաստում է, որ Ռաֆայելլիի գործերն այնքան էլ լավ չեն։

– Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ են հետապնդում այն ուժերը, որոնք Ադրբեջան-Արցախ հակամարտությունը փորձում են ներկայացնել իբրեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն։

– Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Քաղաքականությունից հեռու մարդն էլ կարող է հասկանալ, որ դրանք Ադրբեջանն ու նրա հակաօրինական գործողություններին տոն տվող միջազգային ուժերն են։ Դրանում անմասն չեն նաեւ աշխարհի ազդեցիկ պետությունների ղեկավարներ։ Այդ ուժերի կողմից հակամարտաթյունը իրենց ուզած ձեւով ներկայացնելու նպատակը ԼՂՀ-ի՝ որպես նոր ձեւավորված պետության ժխտումն է։ Նրանք փորձում են նաեւ ժխտել ԼՂՀ-ի քաղաքական եւ ռազմական գործոնները։ Իսկ հիմնական նպատակը՝ պատերազմի մեջ ներքաշելով՝ Հայաստանը որպես հակամարտող կողմ ներկայացնելն է։ Նրանք անտեսում են այն փաստը, որ արդեն հինգ տարի է, ինչ կա Լեռնային Ղարաբաղ, երկու տարի է, ինչ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ անկախ պետականության իր բոլոր կառույցներով եւ բաղադրամասերով։ Իսկ «չճանաչված» ԼՂՀ-ի ռազմական գործում կան արձանագրված այնպիսի հաջողություններ, որոնք խուճապ են առաջացրել այս նույն ուժերի ճամբարում։ Եվ հենց այդ խուճապն ավելի է խթանում Արցախի անկախության եւ հետագա հաջողությունների գործին։

– Ադրբեջանցիները դժվարությա՞մբ գնացին ուղղակի բանակցությունների քայլին։

– Այո, մեծ դժվարությամբ։ Ադրբեջանը գիտե, որ դա արդեն նշանակում է ԼՂՀ-ի փաստացի ճանաչում։ Ալիեւն արդեն իսկ ճանաչել է Արցախի փաստացի անկախությունը։

– Մյուս ուժերի մասի՞ն ինչ կասեք։

– Դրանք համահայկական շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող օտար ուժեր են, որոնք դեռեւս չեն համակերպվել այն մտքին, որ ԼՂՀ-ի ծնունդը արհեստական չէ, այլ արցախահայերի համար կենսական անհրաժեշտություն։ Չէ՞ որ Արցախը մեկ անգամ չէ, որ ապացուցել է ազատ եւ անկախ ապրելու իր տենչը, եւ այն որպես այդպիսին էլ գոյատեւել է անգամ նախքան այսպես կոչված «Ադրբեջան» հասկացության հայտնվելը։

Այդ ուժերին մաղթենք մի փոքր համբերություն, որպեսզի համոզվեն ասածներիս ճշմարտացիության մեջ։ Արցախի ազատության եւ անկախության համար մեր հերոս հայորդիների թափած արյունը երբեք իզուր չի կորչելու։ Նրանց գործողությունները արժեւորվում են անգամ հակառակորդի կողմից, որ քաջ գիտակցում է՝ այս խելահեղ պատերազմը, որ սկսել են իրենք, պետք է ավարտ ունենա նախ հենց իրենց նախաձեռնությամբ։

– Որպես ԼՂՀ ԳԽ մամուլի կենտրոնի ղեկավար, ի՞նչ կասեք վերջին ժամանակաշրջանի Ադրբեջանի պետական քարոզչական մեքենայի ընդհանուր ուղղվածության մասին։

– Ադրբեջանում այսօր բացակայում է կենտրոնացված քարոզչական քաղաքականությունը։ Այնտեղ ներքին քաղաքական մեծ լարվածություն կա, եւ ճգնաժամը, կարծում եմ, դեռ երկար կշարունակվի։ Ադրբեջանի քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանում լիովին վերահսկել իրադրությունը հանրապետությունում։ Այդ իսկ պատճառով պետական քարոզչական մեքենան փաստորեն տարբեր քաղաքական ուղղվածության լրատվությունների համադրություն է։ Ինչ խոսք, նրանց բոլորին «միավորողը» նույնն է՝ հակահայկականությունը։

– Իսկ ուղղակի բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանում դիրքորոշումն ինչպիսի՞ն է։

– Վերջին օրերի քարոզչության հիմնական նպատակը Բաքու–Ստեփանակերտ երկխոսության փաստի ժխտումն է իրենց իսկ կողմից։ Եվ սա արվում է պետական մակարդակով։ Երկխոսությունը ներկայացվում է որպես Արցախի եւ Հայաստանի իշխանությունների տարածած ապատեղեկատվության արդյունք։ Թվում է՝ Ադրբեջանը ինքն իր «մեղքով» եւ իր ձեռքով ԼՂՀ-ի ճանաչման հարցում ծուղակն է ընկել։

– Իսկ Ադրբեջանի ժողովուրդն ինչպե՞ս իմանա այդ մասին։

– Իր իշխանություններից ընդամենը պետք է պահանջի Ադրբեջան-ԼՂՀ երկկողմ պայմանագրի փաստաթուղթը։ Դրա պատճենը մեր միջնորդությամբ վաղուց հրապարակված է մամուլում։ Իսկ Ադրբեջանի համար, ինչպես նշեցի, ձեռնտուն իր ժողովրդից ճշմարտությունը կոծկելն է։

Հիշեցնում եմ՝ ԼՂՀ իշխանություններին հղած վերջին ուղերձով ոչ միայն Ալիեւը, այլեւ Ադրբեջանն է փաստորեն ճանաչում Արցախի անկախությունը։

– Ինչպե՞ս են մեկնաբանվում ԼՂՀ պաշտպանական բանակի գործողությունները պաշտոնական Ադրբեջանի կողմից։

– Չէի ասի, թե օբյեկտիվություն է նկատվում, սակայն վերջին ժամանակներս Ադրբեջանի ներքաղաքական պայքարը գրեթե ճշմարտությանը մոտ լրատվության համար բարերար հող է ստեղծել։ Այսպես, Ադրբեջանի ներքին հակամարտող կողմերը միմյանց հեղինակազրկելու եւ քաղաքական անհեռատեսության մեջ մեղադրելու համար մյուս քաղաքական ուժերի դեմ արշավ սկսելով՝ գրեթե հավաստի տեղեկատվություն են տալիս։ Ռազմաճակատային պարտության համար մեղադրվում են ադրբեջանցի կոնկրետ անձինք։ «Ալիեւը Գումբատովի դեմ, Գումբատովը Հուսեյնովի դեմ», այս կամ նմանատիպ սխեմաներն են այսօր գործում Ադրբեջանում, որից շահում է օբյեկտիվ լրատվությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives