April 16, 2024

Ոտնձգություններ

  • by Archives.am
  • 4 Years ago
  • 0

Զանգ, 12 հոկտեմբերի, 1918թ., թիվ 61

Երևան, 12 հոկտեմբերի

Թուրք կառավարությունը երեք ամիս ձգձգելուց հետո, այսօր վերջապես հայտնում է, որ Փամբակի և Լոռվա շրջաններից հանում է իր զորքերը, հետևապես առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը ուղարկել իր զորքերը, նախօրոք բռնելու այն սահմանները, որոնք պահպանում են թուրք զորքերը։

Թուրք կառավարության այդ նախազգուշացման դրդապատճառը այն ոտնձգություններն են, որ վրաց կառավարությունը, հանձին նրա սոցիալ-դեմոկրատ ղեկավարների, ցույց է տալիս հայի հայրենիքի վերաբերմամբ։

Բավական չէ, որ Ծերեթելիների կառավարությունը արդեն Հայաստանի պատմական սահմանների նկատմամբ թույլ է տվել իրավախախտում, գրավելով մեր հողամասերը Խաչեն, Շուլավեր, Սանահին, այսօր էլ չբավականանալով եղածով, ուզում է մտնել մեր լեռնաստանը և նստել մեր երկրի սրտում։

Ինչո՞վ բացատրել վրաց սոցիալ-դեմոկրատների այդ տիրողական տենչերը, այն էլ այն ժամանակ, երբ վրաց նորահաստատ հանրապետությունը բնականորեն կարիք պիտի զգար ներքնապես ամրապնդվելու, գեթ իր կազմակերպական սկզբնական շրջանում, հետևապես զգուշություն պիտի ունենա արտաքին քաղաքականության մեջ, այն էլ առանց որևէ առիթի, ստեղծել այնպիսի կնճիռներ, որոնք միայն վտանգել կարող են իր ներքին խաղաղ բարգավաճումը։

Գուցե վրաց դեմոկրատիան իր հույսերը դրել է գերման զորեղ սվինների վրա, որոնց այսօր ժամանակավորապես հանձնված է պահպանելու վրաց հանրապետության սահմանները։ Գուցե… բայց մեզ թվում է, եթե Գերմանիան իր արտաքին քաղաքականությունը Կովկասում ամրապնդելու դիտումով բարերարի պաշտոն է ստանձնել պահպանելու Վրաստանի սահմանները արտաքին խոշոր վտանգներից, դա չէ նշանակում, որ նույն Գերմանիան իրան իրավունք կհամարի հանիրավի ոտնահարել Հայաստանի նորակազմ պետության անկապտելի իրավունքները, որը ներքին կազդուրման ու բարգավաճման մեծ կարիք ունի։

Ժորդանիան և ընկերությունը, որ դեռ երեկ, Կովկասի կոմիսարիատի շրջանում, իր համաձայնությունն էր տալիս և գտնում էր արդարացի Լոռին ու Բորչալուի գավառի հայաշատ շրջանը կցելու հայկական նահանգներին, մի բան, որ վեճի նյութ չէր համարվում նույնիսկ ռուս բռնապետության օրերին, երբ կովկասյան զեմստվոյի խնդիրներն էր արծարծվում, այսօր նույն մարդիկ, տարված ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր տենչերով, մի ամբողջ հայաշատ շրջան բռնագրավել ու կցել են ուզում Վրաստանին։ Վրաստանի հյուսիս-արևմտյան սահմանների կրճատումը ի հաշիվ Հայաստանի են ուզում լրացնել հավանորեն… Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքի տակ ունեցած բոլոր խաղաղ միջոցները կսպառե, որպեսզի այդ խնդիրը լուծվի առանց ցավի ու խաղաղությամբ, իսկ եթե այդ բանը չի հաջողվիլ և վրաց «ինտերնացիոնալի» ներկայացուցիչները կշարունակեն իրենց անիրավ պահանջներն ու ոտնձգությունները մեր տերիտորիայի նկատմամբ, այն ժամանակ հայ իսկական դեմոկրատիան կիմանա իր արժանի պատասխանը տալ Ծերեթելիների կառավարության՝ պաշտպանելով իր հայրենի երկիրն ու պապենական օջախը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives