December 7, 2024

Մի՞թե սրանք էլ են Մարգարյանցի ժամանակ…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)

Դեկտեմբերի 16-ին ԳԽ նստաշրջանում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով աղետի գոտու օգնության ֆոնդի գումարներով գնված եւ Հրագդանում տեղադրված աուդիոկասետների արտադրության ավտոմատ հոսքագծի առնչությամբ պատգամավոր Գ. Հովհաննիսյանի քննադատությանը, ասաց, որ դա մեր (ՀՀՇ-ի՝ իշխանության անցած թիմը նկատի ուներ) ժամանակ չի եղել, այլ Մարգարյանցի։

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նոյեմբերի 12-ին «Կումայրի» թերթում տպագրված «Կողոպուտ կառավարական մակարդակով» հրապարակումից, ուր «Առաքելություն» հասարակական–քաղաքական կազմակերպությանը ներկայացնում է նաեւ աղաղակող փաստեր, որ «շունչ ու հոգի են առել», երբ Մարգարյանցն արդեն հեռացել էր եւ ղեկավար աթոռներ էին զբաղեցնում ղարաբաղյան ալիքի շնորհիվ պաշտոններ ձեռք բերած «յուրայինները»։ Գուցե դրանց ծանրությունը ՀՀ նախագահին դրդի հրաժարվել մեղքը միայն նախորդ իշխանավորների վրա բարդելու հեշտ ճանապարհից։

…Աղետյալներին օգնելու համար ողջ աշխարհի կողմից հանգանակվել էր 72 միլիոն ազատ փոխարկելի տարադրամ, որից ծախսվել է շուրջ 60 միլիոնը։ Այդ գումարների հաշվին ձեռք են բերվել տարբեր երկրների արտադրության մեքնասարքավորումներ, հումք, սնունդ, որից Գյումրիին բաժին է հասել մոտ 9 միլիոնը, իսկ մնացած 51 միլիոնը հանգրվանել է Արարատյան դաշտավայրում։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքների, 1990թ. ապրիլին ֆրանսիական «Սորմել» ֆիրմայից մոտ 12 միլիոն ֆրանսիական ֆրանկ արժողությամբ գնվել է աուդիոկասետների արտադրության ավտոմատ հոսքագիծ, որը տեղադրվել է Հրազդանի «Արարատ» արտադրական միավորումում։ Նույն թվին, Նախարարների խորհրդի կարգադրությամբ, 945 հազար գերմանական մարկ է փոխանցվել «Կրիստինե նեդունգ» ֆիրմային՝ խողովակների մակերսների ներքին մեկուսացման, ներքին զննման եւ վթարների հայտնաբերման սարքավորումների ձեռքբերման համար։ Ստացվել է «Ռաուշ» կայանք՝ տեղադրված «Մերսեդես» մեքենայի թափքում, որն այժմ գտնվում է Էջմիածնի միջշրջանային ջրմուղ-կոյուղու վարչության պահեստում…

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990թ. մայիսի 17-ի կարգադրությամբ աղետի գոտու օգնության ֆոնդի տարադրամից 344 հազար սոցերկրների տարադրամ է փոխանցվել, եւ գերմանական «Տեքստիմա» ֆիրմայից ստացվել են քիմմաքրման եւ լվացքի մեքենաներ, որոնք «Հայկենցաղմատ» միավորումը 1991թ. մարտ ամսին մուտքագրել եւ բաց է թողել Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Տավուշի, Կրասնոսելսկի, Մասիսի ու Մարտունու շրջանային կենցաղսպասարկման կոմբինատներին…

ՀՀ Նախարարների խորհրդի 1990թ. նոյեմբերի 15-ի կարգադրությամբ Երեւանի «Հայգազ» արտադրական միավորմանը հատկացվել է սոցերկրների 300 հազար տարադրամ, դրանով գնվել են «Կուասի» տիպի պլաստմասսային ջերմամշակման ավտոմատ հաստոցներ, կոորդինատային ներտաշող հաստոցներ, որոնք տեդադրված են հայ-չեխական համատեդ ձեռնարկության մասնաճյուղում եւ «Արեւիկ» կոոպերատիվի պատվերով արտադրում են… կենցաղային պլասմասսայից ափսեներ։

ՀՀ Նախարարների խորհրդի 1990թ. հունիսի 25-ի թիվ 422 կարգադրությամբ մամուլի վարչության համար, աղետի գոտու օգնության ֆոնդի հաշվին, 1 միլիոն 9 հազար սոցերկրների տարադրամով, գերմանական ֆիրմաներից ձեռք են բերվել պոլիգրաֆ սարքավորումներ, որոնք հաշվապահորեն չեն մուտքագրվել եւ գտնվում են կենտրոնի պահեստում։ Բացի այդ, ԳԴՀ-ի պոլիգրաֆ «էքսպորտ-իմպորտ» ֆիրմային է փոխանցվել 876 հազար ռ. տարադրամ՝ գունավոր տպագրության տպարանի մասնագետների վերապատրաստման համար։ Այդ գումարների հաշվին գունավոր տպագրության տպարանը ստացել է մեկ NES 637 -X անկար ամրացման սարքավորում եւ մեկ ծալամեքենա «Մուլտի-էֆեկտ», որոնք եւս հաշվառման չեն վերցվել։

ՀՀ Նախարարների խորհրդի 1991թ. մայիսի 25-ի թիվ 327 կարգադրությամբ, աղետի գոտու օգնության ֆոնդից «Հայֆիլմ» կինոստուդիային է հատկացվել 26 հազար ամերիկյան դոլար՝ ճապոնական ֆիրմայից «Բետկամ» տիպի տեսասարքավորամներ ձեոք բերելու համար, որոնք այժմ շահագործվում են։

ՀՀ Նախարարների խորհրդի 1991թ. աարիլի 23-ի թիվ 191 եւ 1990 թվի մայիսի 22-ի թիվ 322 կարգադրություններով առողջապահության նախարարությանը հատկացվել են 277 հազար գերմանական մարկ եւ 28 հազար ամերիկյան դոլար՝ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Դրանք ստացված են ավստրիական «Հոլդեն ԳՄԲԽ» ֆիրմայից, տեղադրված եւ շահագործվում են Երեւանի թիվ 2 կլինիկական հիվանդանոցում գտնվող բժշկական ինստիտուտի ներվային հիվանդությունների ամբիոնում, սակայն չեն մուտքագրվել

ՀՀ Նախարարների խորհրդի 1991թ. փետրվարի 12-ի կարգադրությամբ, աղետի գոտու օգնության ֆոնդից միջազգային հեռախոսային թվային կայանի եւ վերգետնյա ուղեկցող սարքավորումների ձեռքբերման համար կապի նախարարությանը հատկացվել է 3 միլիոն 213 հազար ազատ փոխարկելի տարադրամ։ Կայանը եւ սարքավորումները տեղաղրված են Երեւանում եւ գործում են… Ավելորդ չէ նշել, որ աղետի գոտու համար նախատեսված «Մերսեդես» մեքենայի թափքում տեղադրված, կոմունալ ծառայություններ կատարող «Ռաուշ» կայանքի ձեռքբերման նախնական կարգադրությունը, թեեւ Վ. Մարգարյանի օրոք է կատարվել, սակայն այն ստացվեն Էջմիածնում եւ Երեւանում «կալանվել» է հետմարգարյանցական՝ ներկայիս ղեկավարների պաշտոնավարության շրջանում։ Գնման նախնական եւ գումարի հատկացման վերաբերյալ կարգադրությունները թեեւ Վ. Մարգարյանցն է ստորագրել, սակայն 12207124 գերմանական մարկով ձեռք բերված, Գյումրիի հեռուստաստուդիայի համար նախատեսված գերմանական սարքավորումները Երեւանում ստացվել, յուրացվել կամ պահպանվել են եւ առ այսօր,էլ պահպանվում են հենց հետկոմունիստական ղեկավարության, ներկայիս եւ նախորդած կառավարությունների, Մարգարյանցի անունը հիշատակած ՀՀ նախագահի ղեկավարման օրոք։ Եվ, վերջապես, Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ՀՀ ԳԽ նախագահի պարտականությունները կատարելու ժամանակաընթացքում ոչ թե Վ. Մարգարյանցը (որն, իրոք, ամենախիստ քննադատության է արժանի), այլ ՀՀՇ-ական թիմից իշխանության գլուխ անցած նախկին վարչապետ Վ. Մանուկյանն է ստորագրել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990թ. նոյեմբերի 28-ի թիվ 775 կարգադրությունը, որով ընդունվել է Պետագրոարդի առաջարկը՝ աղետի կապակցությամբ Հայաստանին տրված օգնության գումարներից Պետագրոարդին է հատկացվել 125 հագար օտարերկրյա ռուբլի (սոցերկրների վալյուտայով)՝ բուլղարական «Խրանինվեստ-էքսպորտ-իմպորտ» ֆիրմայից գարեջրի գլխադասային գործարանի համար ձեռք բերելու գարեջրի պիտակների արտադրության արտասահմանյան սարքավորումներ։ Գլխադասային կոչված այս գործարանն էլ աղետի գոտում չի գտնվում։ Գործարքը չի իրականացվել միայն այն պատճառով, որ Պետագրոարդը արտասահմանյան ֆիրմայի հետ պայմանագիրը կնքել է սարքավորումները ոչ թե սոցերկրների, այլ ազատ փոխարկելի վալյուտայով գնելու համար։ Սակայն, հակառակ պարագայում, կարող էր եւ կատարվել։ Իսկ մի՞թե աղետի գոտին ուրիշ դարդ ու ցավ չուներ… Կարեւոր է աչքաթող չանել եւս երկու հանգամանք. եթե Մարգարյանցի կառավարաթյանը հաջորդած կառավարությունները չեն ուղղում նախորդի թույլ տված սխալները, ապա մեղսակից են դառնում։ Երկրորդ, կասետների արտադրության սարքավորումների կապակցությամբ կարգադրությունը ոչ միայն Մարգարյանցինն է, այլեւ կառավարությանը։ Այո կարգադրությունների նախապատրաստումը, կայացումը միանձնյա չի կատարվում։ ՀՀ նախագահը, Մարգարյանցի անունը հիշատակելով, շրջանցեց կառավարության այն աշխատակիցների պատասխանատվաթյան հարցը, որոնք մեղսակից են Մարգարյանցին, սակայն կառավարաթյունում եւ այլ կարեւոր օղակներում մինչեւ օրս էլ պաշտոնավարում են։ «Երկիրը» վերը նշված շատ հարցերի մասին մանրամասն գրել է եւ առաջիկայում էլ հետեւողականորեն անդրադառնալու է դրանց։ Իսկ խնդրի նկատմամբ արդյո՞ք հետեւողական կլինի ՀՀ նախագահը։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives