December 7, 2024

Մեկնաբանում է Վ.Կազիմիրովը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)

Սեպտեմբերի 9-11-ին Մոսկվայում կայացավ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ոչ պաշտոնական խորհրդակցությունը, որին մասնակցում էին բոլոր, այժմ արդեն 12 պետությունների (Չեխոսլովակիան Մինսկի խմբի կազմում ընդգրկվել էր իբրեւ միասնական պետություն, իսկ այժմ խմբի աշխատանքին մասնակցում են եւ Չեխիան, եւ Սլովակիան), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանցիների ներկայացուցիչները։

Հանդիպման արդյունքները մեկնաբանելու խնդրանքով «Հայլուր» գործակալության թղթակիցը դիմեց հատուկ հանձնարարությունների դեսպան, ՌԴ նախագահի՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրով անձնական ներկայացուցիչ, ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովին։

– Մինսկի խմբի նիստի ուշադրության կենտրոնում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի թիվ 822 եւ 853 բանաձեւերի կատարմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցի մի շարք դրույթների ինչպես նաեւ դրա հավելվածի, այդ թվում՝ հակամարտության գոտին որոշող հավելվածի լրամշակումն էր։ Քննարկվեց նաեւ ներկայիս իրադրությունը։ Մի քանի պատվիրակություններ արտահայտվեցին հօգուտ Սինսկի համաժողովի շուտափույթ հրավիրման, խոսք եղավ այդ հակամարտության լուծման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի բարձրացման մասին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, մեզ համար վերջին հարցադրումը բնական է։ Առանց կեղծ համեստության կարող ենք ասել, որ Ռուսաստանը վերջին ժամանակներս մշտապես հանդես է եկել ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի, ինչպես նաեւ առանձին պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի ջանքերի զուգորդման օգտին։ Միայն այդպիսի զուգորդումը կարող է զգալի արդյունք տալ, քանի որ նշված միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի։ ՄԱԿ-ը ծանրաբեռնված է միջազգային հակամարտություններով եւ չի կարող ստանձնել եւս մեկ հակամարտություն։ ԵԱՀԽ-ը տակավին խաղաղարար գործողությունների անցկացման փորձ չունի։ Նրա կառույցները նոր են միայն ձեւավորվում։ Եվ այստեղ ՄԱԿ-ի փորձն ու ներուժը անգնահատելի են։ Մենք ահա այդպիսի զուգորդման՝ բոլոր լծակները գործողության մեջ դնելու կողմնակից ենք։ Հարկավոր է համատեղել այդ կազմակերպություններից յուրաքանչյուրի հնարավորություններն ու ուժեղ կողմերը։

– Ասացիք՝ ճշտվել է հակամարտության գոտին։ Ի՞նչ ընդգրկում ունի այն այսօր։

– Գիտեք, դժվարանում եմ բացահայտել մանրամասները, որովհետեւ կողմերի դիրքորոշումներում մի շարք տարակարծություններ կան եւ՝ ընդունված չէ դա քննարկման առարկա դարձնել մամուլում։

Բայց գլխավորը պարզելն, է՝ ինչի համար ենք որոշում հակամարտության գոտին։ Մենք եկանք այն եզրակացության, որ հակամարտության գոտու որոշման գործնականում միակ, առնվազն գլխավոր խնդիրը այն տարածքը որոշելն է, որտեղ ԵԱՀԽ-ի դիտորդները կարող են իրականացնել իրենց գործունեությունը։

– Ինչպե՞ս կարելի է գնահատել Մինսկի խմբի մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը։

– Կարծում եմ՝ եղան օգտակար տեղաշարժեր, ճշտվեցին որոշ հասկացություններ եւ հարցեր: Կտրուկ առաջխաղացում, սակայն, չունեցանք, որովհետև դա կապված է մի քանի այլ հարցերի հետ, այն ավելի շատ վերաբերում էր ընդհանուր իրավիճակի գնահատականին, որը ստեղծվել է Ադրբեջանի հարավ–արևմտյան շրջաններում ղարաբաղյան ուժերի հարձակումից հետո:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives