December 3, 2024

ՀՀ վարչապետի կոչը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 232 (321)

Երեկ ՀՀ վարչապետը կոչով դիմել է աշխարհի պետությունների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, ուր ասվում է. «Վերջին ժամանակներս, սկսվող չափազանց խիստ ձմռան պայմաններում, շահարկելով Հյուսիսային Կովկասի իրադրության սրումը և, հետևաբար, Վրաստանի աճող կախվածությունը էներգառեսուրսների  ադրբեջանական աղբյուրներից, Բաքվի ղեկավարությունն անսքող փորձեր է ձեռնարկում ստիպել Վրաստանին դադարեցնել իր տարածքով Հայսատան կատարվող  բոլոր բեռնափոխադրումները, և, առաջին հերթին, էներգառեսուրսների առաքումները: Հաշվի առնելով, որ Հայաստանն արդեն չորրորդ տարին է, ինչ ենթարկվում է տրանսպորտային և էներգետիկ շրջափակման Ադրբեջանի տարածքից, արտաքին աշխարհի հետ մեր հանրապետության հաղորդակցման ուղիները այդպիսով բացարձակապես ընդհատվում են:

Արդյունքում հանրապետության էներգետիկ վիճակն այսօր կրիտիկական է դարձել: Խիստ սահմանափակված է ջրամատակարարումը, փակվում են կենցաղ-սպասարկման հիմնարկները: Կանգ են առել արդյունաբերական ձեռնարկությունները, շինարարական համալիրը, այդ թվում՝ երկրաշարժի գոտում: Հսկայական վնաս է կրում գյուղատնտեսությունը:

Հացահատիկի ներմուծման խիստ սահմանափակման պատճառով մտցված է հացի բաշխման կտրոնային համակարգ:

Սոցիալական լարվածությունը հանրապետությունում հասել է վտանգավոր աստիճանի և փորձում է դառնալ անկառավարելի:

Իրավիճակը գնալով վատթարանում է և հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները կոպտորեն խախտում են Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրների տնտեսական իրավունքների և պարտականությունների մասին 1974 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևը, Ադրբեջանական Հանրապետության կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1992թ. հոկտեմբերի 12-ի հայտարարությունը, Հելսինկի 1975-ի Եզրափակիչ ակտը, սույն թվի հուլիսին ընդունված ԵԱՀԽ-ի Հելսինկյան Հռչակագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների խնդրանքով՝ դատապարտել Ադրբեջանի նման քաղաքականությունը և անհապաղ միջամտել, կանխելու Հայաստանի երիտասարդական ժողովրդավարական պետության և ամբողջ տարածաշրջանի համար կործանարար գործընթացը»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives