May 11, 2021
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի որոշումը

ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի որոշումը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

Մամուլի մասին խոսելիս մենք մոռացանք ամենաէականը: Գորբաչովն իր ելույթում ասաց, որ մենք պետք է ամեն ինչ բաժանենք այնպես, որ հաղթած և պարտված ժողովուրդներ չլինեն: Այսօր առավոտվանից Բաքվի բոլոր հայկական տների առաջ ադրբեջանցիները զուռնա-դհոլով երգում-պարում են, ուրախություն է նրանց մոտ, իսկ մեզ մոտ սուգ է: Գիշերը ժողովուրդը չի քնել, իսկ հիմա հարյուր հազարներով հավաքված սրտատրոփ լսում են իրար. կարևորը դա է, դա է պետք նշել:

Մենք միշտ ձգտել ենք, որ ռուսները մեզ շատ սիրեն: Նրանց ասում ենք՝ մենք քաղաքակիրթ ազգ ենք, վայելուչ ենք պահում մեզ փողոցներում, խոտերը չենք տրորում, լավ ենք խոսում, երգում ենք, մեզ սիրեք, մեզ լավություն արեք: Երբեք այդպիսի ազգին լավություն չեն անում: Ազգը ամեն ինչի պետք է հասնի իր ուժով, իր համախմբվածությամբ: Մենք այժմ ցույց տվեցինք մեր ուժը, և խորհրդային մամուլի պատասխանը կոմիտեին ապացույցն էր մեր ազգի հոգեկան ու մտավոր բարձր հատկությունների: Մենք առաջին անգամ կարողացանք խփել նպատակակետին, ցույց տալ, որ ուժ ենք, որ մեզ պետք է հաշվի առնել: Եվ մենք կշարունակենք խփել, որպեսզի հասնենք մեր նպատակին: Բայց մի հարց է առաջանում. երբ դու խփում ես, քեզ էլ կարող են խփել: Այժմ կա նաև այդ վտանգը: Հասկանանք նաև այդ հանգամանքը: Քաղաքը շրջապատված է զորքով, վայրագ զորքով, որը սպասում է հարմար պահի, որ հարձակվի ժողովրդի վրա: Երկու օր առաջ ինձ կանչեց ՊԱԿ-ի կադրերի պետի տեղակալը և ասաց, որ մեր ժողովրդի պատմության մեջ սև էջ կգրվի: Ես նրան պատասխանեցի, որ դա սև էջ կլինի նաև Խորհրդային Միության պատմության համար:

Միշտ պետք է հաշվի առնել այդ հանգամանքը: Մենք ապրում ենք մի պետության մեջ, որն առանց աչք թարթելու՝ կարող է 20 միլիոն մարդ ոչնչացնել: Սակայն գիտենք նաև պետության այժմյան վիճակը՝ խոր ճգնաժամը: Նա հետ է մնում ամեն ինչից, իր համար ամենակարևոր բանից՝ ռազմական ուժով արդեն չի կարողանում հասնել մյուս պետություններին: Պիտի ձևացնի, պիտի վստահություն ներշնչի, ցույց տա, որ դեմոկրատական երկիր է: Այնպես որ ամեն մի այդպիսի ընդհարում նրա համար լուրջ սպառնալիք է: Խիստ բարդ քաղաքական խաղ է: Շատ դժվար է դրա եզրերը գտնել: Հարկավոր է լինել համառ, զգոն և խորությամբ կշռադատել բոլոր հանգամանքները:

Ժողովուրդը ինչ-որ կերպ պետք է արձագանքի երեկվա նիստի անբարոյական, անիրավական որոշմանը: (ժողովուրդը վանկարկում է՝ գոր-ծա-դուլ): Այդ նիստը կարելի է համարել անբարոյականության գագաթնակետ: Իսկ այն կոչե՞րը: Նրանց նպատակը մեզ հանգստացնելն է: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երկու բան հաշվի առնել. չնահանջել, բայց և շատ առաջ չցցվել: Այս խնդիրը ծայրահեղ զգուշություն է պահանջում: Բայց վախենալ և ասել՝ եկեք այնպես անենք, որ մեզ սիրեն, այսինքն՝ մոռանանք Սումգայիթի զոհերին, ներենք ամեն ինչ, ներենք, որ Երևանում հազարավոր մարդիկ ինֆարկտ են ստացել այս օրերին, հանդուրժենք Խաչիկի գնդակահարությունը և մտածենք՝ չստացվեց, ու գնանք մեր տնե՞րը: (ժողովուրդը վանկարկում է՝ գոր-ծա-դուլ):

Նորից հիշենք, որ Ղարաբաղում տասնյակ հազարավոր հայեր հուսահատ վիճակում են, և նրանց միակ ապավենը մենք ենք: Նրանց պաշտպանը Խորհրդային Միությունը չէ, Միացյալ Նահանգները չէ, ուրիշները չեն, մենք ենք միայն: Եվ դրա համար պետք է ուժեղ լինենք, կարողանանք պահպանել մեզ, որպեսզի նեցուկ լինենք Ղարաբաղի ժողովրդին:

Վ. Մանուկյանի ելույթը Մատենադարան հարթակում, 1988թ., հուլիսի 20
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives