November 14, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ինչ է տեղի ունենում քաղաքական թատերաբեմի կուլիսների ետևում

Ինչ է տեղի ունենում քաղաքական թատերաբեմի կուլիսների ետևում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

Ազգ, 27 ապրիլի, 1994թ., թիվ 77

Բաքու։ 26 ապրիլի, Նոյյան տապան։ Ադրբեջանի նախկին նախագահ, Ժողովրդական ճակատի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ, որն այժմ գտնվում է Նախիջևանի Քելեքի գյուղում, բանակցություններ վարելու համար, օրերս Ադրբեջանի տեղեկատվական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն, պետության ներկայիս ղեկավար Հեյդար Ալիևն ուղարկել է երկու պատվիրակություն։ Ըստ առկա տեղեկատվության՝ միայն երկրորդ պատվիրակությունն է հնարավորություն ստացել հանդիպելու Էլչիբեյի հետ։ Ինչպես հայտնի է դարձել նույն աղբյուրներից, բանակցությունների թեմա է եղել ռազմական և սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամի ժամանակաշրջանում Ադրբեջանում քաղաքական միասնության հարցը։

Հեյդար Ալիևի մամլո քարտուղար Թոֆիկ Աբասովը հերքել է այս լուրը, մինչդեռ Աբուլֆազ Էլչիբեյի նախկին մամլո քարտուղար, Ադրբեջանի ժողճակատի հասարակության հետ կապերի գծով փոխնախագահ Արիֆ Ալիևն այդ չի մեկնաբանել։ Նախկին նախագահի նախկին խորհրդական Նաջաֆ Նաջաֆովն ասել է, որ, եթե նման բան տեղի ունեցած լինի ոչ պաշտոնական մակարդակով, ապա ինքը չէր տարածի նման տեղեկություններ։ Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, այն փաստը, որ Հեյդար Ալիևը վերջերս հանդես է եկել խոշորագույն ընդդիմադիր շարժման Ադրբեջանի Ազգային անկախության կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովի հետ հանդիպելու նախաձեռնությամբ, խոսում է Ադրբեջանում բոլոր հեղինակավոր քաղաքական ուժերը միավորելու նախագահի մտադրության մասին, ուստի և Քելեքիի հանդիպումն անիրական չի թվում։

Նույն աղբյուրների հաղորդումների համաձայն, Աբուլֆազ Էլչիբեյի հետ Հեյդար Ալիևի հաշտեցման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Չեթինը։ Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատն առայժմ չի հաստատել այս հաղորդումը։

Մյուս կողմից՝ ինչպես հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռամիզ Ռիզաևը, չի դրվել Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի Դաշնության հենակայանների ներկայության հարցը։ «Ադրբեջանական կողմը դրականորեն է վերաբերվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ համատեղ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման հեռանկարին»,— հայտարարել է Ռամիզ Ռիզաևը։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդման համաձայն, նա նաև նշել է, որ այդ առթիվ նախապատրաստվում է համապատասխան համաձայնագիր, որը պլանավորվում է ստորագրել մոտ ժամանակներս։ «Սակայն հանրապետության տարածքում այլևս Ռուսաստանի ոչ մի ռազմական հենակայան չի լինի։ Այդ հարցը նույնիսկ չի էլ արծարծվել»,— վերջում ընդգծել է ադրբեջանցի դիվանագետ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives