May 7, 2021

Դարձյալ առանց Ղարաբաղի

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)

Հարաբերական լռությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կրկին միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ դրա «մեղավորը» ՌԴ նախագահ Բ. Ելցինի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշի համատեղ հայտարարությունն էր։ Աշխարհի խոշոր տերությունները կրկին անհանգստացած են տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Նման մտահոգությունը արժանի է հարգանքի։ Թե Հայաստանի եւ թե ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կիսում են միջազգային հանրության անհանգստությունը եւ պատրաստ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։

Բայց միջնորդությունների վերջին տարիների փորձը վկայում է, որ միջազգային ոչ մի նախաձեռնություն չի անցնում բարի ցանկություններից այն կողմ, քանի դեռ չի հստակեցվել բանակցություններին մասնակցելու ԼՂՀ-ի կարգավիճակը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի միայն այն դեպքում, երբ հաշվի կառնվեն բանակցող բոլոր կողմերի շահերը։ Մինչդեռ այս նոր նախաձեռնությունը եւս անտեսում է ԼՂՀ-ի՝ բանակցաթյաններին մասնակից լիիրավ կողմ լինելու պայմանը։ Այնպիսի տպավորության է ստեղծվել, ասես ԼՂՀ-ն ինչ-որ երկու այլ կողմերի համար կռվախնձոր է եւ ոչ թե ակնհայտ ու անհերքելի սուբյեկտ։

Իրատես քաղաքականությունն ու դիվանագիտությունը, եթե սոսկ բարի ցանկություն չեն, պիտի մեկնեն ստեղծված իրավիճակի օբյեկտիվ գոյությունից։ Իսկ այդ օբյեկտիվ գոյությունը ինքորոշված ժողովրդի ստեղծած եւ իր իրավունքները պաշտպանող Լեռնային Ղարաբաղի Հանրապետաթյունն է։ Ակնհայտ է՝ առանց ԼՂՀ-ի մասնակցության հիմնահարցի քննարկումը չի կարող տալ ցանկալի արդյունք։ Այդ տեսակետից Բուշ-Ելցին համատեղ հայտարարությանը կարելի էր համարել Հայաստանի իշխանությունների դիվանագիտական նվաճում, եթե այն տեղից շարժեր ԼՂՀ-ն բանակցությունների սուբյեկտ դարձնելու պահանջը։

Հավատալ, թե մեծ տերությունները մեր փոխարեն կլուծեն Ղարաբաղյան հիմնահարցը՝ պաշտպանելով նաեւ ԼՂՀ-ի բնակչության օրինական իրավունքները, նշանակում է մեկ անգամ եւս դիվանագիտության փոխարեն զբաղվել անհիմն լավատեսությամբ ու բարեհոգությամբ։ Առավել եւս, որ վերջերս Ադրբեջանի պետքարտուղար Փ. Հուսեյնովը մամլո ասուլիսում հայտարարեց. «Ղարաբաղի հարցը լուծվելու է ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ, ամենայն հավանականությամբ, մարտի դաշտում»։ Անհանգստություն է պատճառում նաեւ այն փաստը, որ վերջերս Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարում, որին չեն մասնակցում ԼՂՀ-ի ներկայացուցիչները:

Ու թեեւ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը հավաստիացնում է, որ այդ բանակցություններում Հայաստանի դիրքորոշումը դուրս չի գալիս ՀՀ եւ ԼՂՀ Գերագույն խորհուրդների հաստատած պարտականությունների շրջանակներից, բայց, հաշվի առնելով ՀՀ դիվանագիտական «նվաճումները», օրինական հարց է առաջանում. ԼՂՀ-ի թիկունքում չի՞ պատրաստվում, արդյոք, Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար անընդունելի մի նոր որոշում։ Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives